Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԲԱՑՎԵՑ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ



20 տարի առաջ ազատագրվեց Քարվաճառը

Քարվաճառում (թուրքերն այն Քելբաջար էին վերանվանել) առաջին անգամ հայտնվեցի 1994 թ.-ի ամռանը՝ հայկական այդ հնամենի տարածքը ԼՂՀ հերոսական բանակի եւ աշխարհազորայինների կողմից ազատագրելուց անմիջապես հետո։ Համալսարանի մեր պատմության դասախոս Հայկազ Ժամկոչյանը առիթը բաց չէր թողնում՝ խոստանալու, որ եթե մի օր ադրբեջանցիները թույլ տան՝ մեզ կտանի հետաքրքիր այդ լեռնաստանը՝ Պատմական Հայաստանի Արցախ աշխարհի երկրորդ գավառը, ու ցույց կտա, թե երկնամերձ այդ տարածքում, քարաժայռերի ծերպերին մեր պապերն ինչ հոյակերտ հուշարձաններ են կառուցել։ Ավաղ, հայրենասեր պատմաբանը չապրեց մինչեւ իր երազանքի իրականացումն ու դա թողեց մեզ՝ իր սաներին։ Եվ ահա, 1994 թ.-ի հունիսյան մի առավոտ հարեւան ընկերս՝ հնագետ Հակոբ Սիմոնյանը, բախում է մեր դուռն ու առաջարկում գիտական արշավախմբի կազմում մեկնել Քելբաջար։ Ինչպես ասում են՝ կույրն ինչ կուզի՝ երկու աչք։ Ու ես միանում եմ այդ կողմերը երբեւէ մեկնող գիտական 1-ին արշավախմբին։ «ՈՒԱԶ» ամենագնացում նեղվածք է։ Արշավախմբի ղեկավարից բացի այստեղ են Հայկական հուշարձանների համահավաքի խմբագրության 10 աշխատակիցներ՝ չափագրման ու նկարահանման սարքերով եւ գործիքներով։ Երբ ետեւում մնացին Վարդենիս քաղաքը, Սոթք գյուղը, ամենագնացն սկսեց հաղթահարել բարձունքների կեռմանները, գիտաշխատող Հովիկ Սանամյանը խնդրեց վարորդին անջատել ձայնագրիչն ու ձեռքի մատիտը ցուցափայտ դարձնելով՝ «հագավ» էքսկուրսավարի թիկնոցը.

-Քարվաճառի տարածքը գրեթե ամբողջությամբ համընկնում է Մեծ Հայքի Արցախ աշխարհի երկրորդ գավառին,-պատմում է հնագետը,- այն հիշատակվում է դեռեւս Վանի թագավորության քարե հիշատակարաններում Ուրտեխե անունով։ Լինելով Առանշահիկ եւ Սմբատյան, ավելի ուշ՝ Խաղբակյան, Վախթանգյան եւ Դոփյան իշխանական տների կալվածքը, Քարվաճառը՝ Ծար կենտրոնով, միջնադարում հայտնի էր Վայկունիք, հետո՝ Վերին Խաչեն, Ծար, ավելի ուշ՝ Քարվաճառ անուններով։ 17-րդ դարի 1-ին կեսի թուրք-պարսկական անընդմեջ պատերազմների ու պարսից արքա Շահ-Աբասի 1603-1604 թվականներին կազմակերպած հայերի տեղահանության հետեւանքով Հայաստանի շատ բնակավայրերի շարքում մեծապես տուժեց նաեւ Քարվաճառի էթնիկ բնակչությունը։ Հետագայում այս տարածքը բնակեցվեց քրդերով,-շարունակում է պատմությունը Սանամյանը,-որի հետեւանքով Արցախն անջատվեց Հայաստանի կենտրոնական շրջաններից։ Սրով ու հրով ընդհատվեց պատմական զարգացման բնական ընթացքը, մշակութային կյանքը։ Մոռացության գիրկն անցավ դարավոր պատմությունը, աշխարհն սկսեց Քելբաջար վերանվանված այս գավառն ընդունել որպես քոչվոր մահմեդականների բնակավայր։ Բարեբախտաբար, մեզ են հասել պատմական տեղեկություններ, գրավոր աղբյուրներ, որոնք վկայում են այս տարածքի բուն հայկական լինելը։ Ստրաբոնը, Խորենացին, Ագաթանգեղոսը, Ստեփանոս Օրբելյանը, Կիրակոս Գանձակեցին, Մովսես Կաղանկատվացին եւ ուրիշներ իրենց աշխատություններում հաճախ են անդրադարձել այստեղ ապրող հայերի կենցաղին, զբաղմունքին, առեւտրական կապերին։ Սակայն, եթե կարդալը, ընթերցանությամբ այստեղի բնիկների մասին տեղեկատվություն ստանալը հասու չէր եկվոր-քոչվորներին, նրանք, ի հակադրություն ադրբեջանցի վայ-պատմաբանների, որոնք շինծու պատմություն են ստեղծել ժամանակին իրենց գրաված տարածքների «սեփականաշնորհումը» արդարացնելու համար, զարմանք են ապրել՝ տեսնելով այս կողմերում ամենուր սփռված եկեղեցիները, վանական համալիրները, մատուռները, ժամատներն ու խաչքարերը։ Եվ որքան էլ քրիստոնեական հուշարձանները պիղծ համարող քոչվորները իրենց շինությունների հիմքում ու պատերի մեջ որպես շինաքար են օգտագործել խաչքարերն ու գերեզմանաքարերը, ավերել եկեղեցիները, չեն հասցրել լիովին ոչնչացնել բնիկների ստեղծած պատմական հուշարձանները, քանզի դրանք շատ-շատ են ու ամրակուռ։ Գավառի թուրք-քրդացման գործընթացն ուղեկցվում էր քոչվորներին հատուկ մեկ այլ երեւույթով. զուտ հայկական տեղանուններն ու առաջին հերթին բնակավայրերի անվանումները հիմնովին աղավաղվում կամ փոխարինվում էին թուրքականով եւ քրդականով։ Այսպես՝ Երիցաշենը դարձավ Քեշիշքենդ, Խնձորեկը՝ Ալմալա, Մրջմանը՝ Մարգումակ, Ծարը՝ Զառ, Մոսը՝ Մոզքենդ եւ այլն։ ՈՒ քանի որ ժամանակները փոխվել էին, արդեն գիր ու գրականություն, գիտնականներ ունեին, սրանք էլ ստահոդ պատմություններ հորինեցին քրիստոնյա աղվանցիների, դրանց՝ ադրբեջանցիների նախնիներ լինելու մասին։ Բա ի՞նչ անեին, հո չէին կարող ուրիշներից զավթած տասնյակ հազարավոր քրիստոնեական հուշարձանները կարճ ժամանակում լիովին վերացնել ու հետքերը ջնջել։ Զավեշտականն այն է, որ մի կողմից աշխատություններ էին գրում, վեպեր ու բանաստեղծություններ ձոնում «իրենց նախնիների» ճարտարապետական ու շինարարական անուրանալի ձիրքի մասին, մյուս կողմից պատեհ առիթը բաց չէին թողնում նույն այդ «նախնիների» կառուցած հուշարձանները պիղծ համարելու եւ ոչնչացնելու համար։

…Մինչ Հովիկը շարունակում էր իր պատմությունը, հմուտ էքսկուրսավարի նման ցույց տալիս ճանապարհի աջ ու ձախ կողմերում սփռված խաչքարերն ու մատուռները, ես, շուրջբոլորս նայելով, զարմանում էի, թե ադրբեջանցիներն ինչպես չեն կարողացել պաշտպանել անմատչելի այս տարածքը։ Մի քանի փոքրիկ զորամասեր միայն ինքնաձիգներով իրենց դիրքերում մնալով, առանց մեծ դժվարության կարող էին պահել անառիկ այս տարածքները։ Ասենք, ինչու զարմանալ, երբ Շուշիի նման բնական ու արհեստական պատնեշներով ամրակուռ քաղաքն ընդամենը մի քանի ժամ դիմացավ հայ աշխարհազորայինների գրոհներին…

Արցախյան ազատագրական շարժման վերազարթոնքից եւ հայ-ադրբեջանական ռազմական առճակատման առաջին օրվանից սկսած, այս շրջանում ադրբեջանցիները տեղավորեցին զենքի ու զինամթերքի մեծ պաշարներ։ Ունենալով ռազմավարական գերազանց դիրք, Քելբաջարի տարածքը դարձավ տարաբնույթ ագրեսիվ գործողությունների որջ՝ ընդդեմ հարեւան հայկական բնակավայրերի։ Պարբերաբար ռմբակոծվում էին ՀՀ Վարդենիսի, Վայքի, Սիսիանի շրջանների, ԼՂՀ Մարտակերտի շրջանի բնակավայրերը։ 1992 թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ հակառակորդը ռազմավարական բնույթի լայնածավալ հարձակման անցավ, արցախյան ռազմաբեմի հյուսիսային հատվածում (Շահումյանի եւ Մարտակերտի շրջաններ), Քարվաճառի դերն էլ ավելի կարեւորվեց։ Հուլիս-օգոստոս ամիսներին այս տարածքից հասցված հզոր հարվածով թշնամուն հաջողվեց գրավել գրեթե ողջ Մարտակերտի շրջանը։ Արցախի կենտրոնական շրջաններ մտնել թշնամուն չհաջողվեց, քանզի ԼՂՀ նորաստեղծ պաշտպանական բանակի մարտիկները ոչ միայն կասեցրին ադրբեջանցիների հետագա գրոհները, այլ սրընթաց թափով առաջ շարժվելով՝ ազատագրեցին Մարտակերտի բնակավայրերը, հընթացս ազատագրելով նաեւ Քելբաջար-Քարվաճառը՝ թույլ չտալով, որ այն վերստին օգտագործվի ԼՂՀ-ի կամ ՀՀ-ի դեմ ագրեսիա սանձազերծելու նպատակով։ Ռազմական գործողությունների համեմատաբար կարճ ժամանակահատվածում (1993թ. մարտի 27-ից ապրիլի 3-ը) ազատագրվեց ողջ Քարվաճառը, Օմարի լեռնանցքը՝ վերահսկողություն սահմանելով ողջ շրջակայքի վրա։ Վերացվեց ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ արհեստականորեն ստեղծված վտանգավոր սեպը։ Լավ հասկանալով այս կորստի ռազմավարական նշանակությունն ու չհաշտվելով վերջնական կորստյան մտքի հետ՝ ադրբեջանցիները 1993 թ.-ի վերջերին փորձեցին վերստին գրավել Քելբաջարը։ Դեկտեմբերի 18-ին նոր ուժերով ու տեխնիկայով համալրված ադրբեջանական բանակն անցավ հարձակման արցախյան ողջ ռազմաճակատով։ Քելբաջարը դարձավ հարձակման ամենաթեժ ու բախտորոշ հատվածը։

Շուտով գրավվեց Օմարի լեռնանցքը, Բաղիրլի-Սեիդլար կարեւոր ռազմավարական նշանակության գիծը։ Այստեղ էլ հենց մեծ ջանքերի գնով հաջողվեց կասեցնել հակառակորդին։ 1994 թ.-ի փետրվարի 18-ին ԼՂՀ պաշտպանական բանակի մարտիկները վերջնականապես ազատագրեցին Օմարի լեռնանցքն ու լիովին ձախողեցին թշնամու՝ այս վայրերը կրկին վերադառնալու նկրտումները։ Ջախջախիչ պարտություն կրելով իրենց թե՛ թվաքանակով եւ թե՛ զենք-զինամթերքով մի քանի անգամ զիջող ԼՂՀ պաշտպանական բանակի ուժերից, ադրբեջանցիներին ոչինչ չէր մնում, քան շարունակել պնդել՝ դավաճանությամբ տարածքները հանձնելու ծիծաղաշարժ վարկածը։ Քելբաջարը պաշտպանող ադրբեջանական բրիգադի հրամանատար Ազիզաղա Գանիզադեն դատվեց զինվորական տրիբունալի կողմից դավաճանության մեղադրանքով։ Կատակ բան չէր, 3405 հոգանոց բրիգադը՝ ունենալով 1132 ինքնաձիգ, 146 գնդացիր, 150 միավոր հակատանկային զենք, 72 տանկ, ավիացիոն հզոր աջակցություն, հաշված օրերի ընթացքում գլխովին ջախջախվեց իրեն թե՛ մարդուժով եւ թե՛ զենքզինամթերքով տասնյակ անգամներ զիջող ԼՂՀ ուժերից։ Ինչ վերաբերում է դավաճանությանը, երբ թերթում ես ադրբեջանական մամուլը, դիտում հեռուստահաղորդումները, պարզվում է, որ հայ-ադրբեջանական պատերազմ բնավ չի էլ եղել, ընդամենը ադրբեջանցիներն իրենք իրենց դավաճանել են ու իրար հետեւից տարածքներ հանձնել հայերին։ Ուրիշ ի՞նչ անուն տաս «Բակինսկի ռաբոչի» թերթի թղթակիցներ Վահիդ Սաֆիխանովի «Քելբաջար։ Ինչպես է դա եղել» 3.04.1999թ., Զեյթուլլա Ջապարովայի «Ֆիզուլին հանձնեցինք առանց կռվի» 23.08.2003թ. եւ ուրիշ հոդվածներին, 2003թ. հուլիսի 23-ին ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակված «Ղարաբաղյան հանգույց» ավելի քան մեկժամյա հաղորդմանը, որոնցում ընդգծվում է այն միտքը, թե հայերը չեն իրենց հաղթել, այլ՝ իրենք իրենց։ Թերեւս, սա էլ է հասկանալի, երբ մտովի իրար կողքի ես դնում 7 միլիոնանոց Ադրբեջանն ու 140 հազարանոց Ղարաբաղը իրենց մարդկային ու տնտեսական ներուժով եւ արձանագրում Ղարաբաղի հաղթանակը։ Ոչինչ, հարեւաններ, այդպես էլ է պատահում։ Այսպիսի աննախադեպ իրավիճակների մասին էր հենց ձեր պատմաբան Էլմար Հուսեյնովն ասում. «Քոչվորը չի կարող հող պաշտպանել»։ Այո՛, իհարկե, քոչվորը նույնիսկ հասկանում է հողի պատկանելությունը եւ հեշտությամբ համակերպվում հողն իր իսկական տիրոջը հանձնելու փաստի հետ։ Եվ որքան էլ ձեր ղեկավարները փորձեն ուրիշների հողերին տեր կանգնել, միեւնույն է, գալու է հատուցման ժամը։ Պատմությունը հազարավոր այդպիսի դեպքեր է հիշում, դուք էլ լավ գիտեք ու լավ հասկանալով այդ, հրադադարի պայմանագիր կնքեցիք, որը գործում է արդեն քսան տարի։ Հանուն մեր ու ձեր հետագա սերունդների, հանուն մեր ու ձեր որդիների հարկավոր է չխախտել այդ հրադադարը։ Իսկ եթե խախտվի, նոր Քելբաջարով է ավարտվելու, հավատացե՛ք։

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Պատառիկներ տարեգրությունից

6.01.1994թ. Ադրբեջանական բանակի կազմավորումները մեծ կորուստներ են կրում Ղարաբաղյան պաշտպանական դիրքերում։ Մեկ ամիս չդադարող գրոհների ընթացքում հունվարի 3-ին, երեկոյան, ծանր մարտեր են ընթացել հյուսիսային եւ հյուսիսարեւելյան հատվածներում։ Հաճախացել են ադրբեջանական զինծառայողների գերի հանձնվելու դեպքերը։

20.01.1994թ. Հունվարի 19-ին ադրբեջանական զորքերը զանգվածային հրետանային նախապատրաստությունից հետո հարձակման են անցել Օմարի լեռնանցքից մինչեւ Հորադիզ բնակավայրը։

28.01.1994թ. Վարդենիսի շրջանում հունվարի 27-ին, ժամը 17.30 երկու ՍՈՒ□25 ինքնաթիռ խախտել են ՀՀ օդային սահմանները եւ երկու ռումբ նետել Սոթք ավանի շրջակայքում։ Մեր սահմանապահ ուժերը հարկադրել են լռել հակառակորդին եւ խփել են մեկ ՍՈւ-25։

1.02.1994թ. Քելբաջարի շրջանի հյուսիսում, Օմարի լեռնանցքի մոտ, հաջողվել է հսկողության տակ վերցնել վաղօրոք կորցրած դիրքերը։ Հունվարի 31-ին ռազմական գործողությունները վերսկսվել են Քելբաջարի հյուսիսում։

12.02.1994թ. Հայկական ուժերը փետրվարի 10-ին գրավել են կարեւոր բարձունքներ Քելբաջարի շրջանի հյուսիսում։

15.02.1994թ. Փետրվարի 11-ի երեկոյան արցախյան կողմին հաջողվել է Քելբաջարի շրջանում նվաճել ռազմավարական կարեւոր նշանակության եւս երկու բարձունք։ Գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում Քելբաջարի շրջանի հյուսիսում, Օմարի լեռնանցքի մոտ, որտեղ հակահարձակման ընթացքում վերստին իրենց հսկողությունը հաստատեցին մինչ այդ կորցրած մի քանի բարձունքներ։

16.02.1994թ. Փետրվարի 15-ի առավոտյան ռազմաճակատի հյուսիսային մասում շարունակվել են ակտիվ մարտական գործողությունները։ Գլխավոր իրադարձությունները ծավալվել են Քելբաջարի շրջանի հյուսիսային ռազմավարական կարեւորություն ունեցող Օմարի լեռնանցքի ուղղությամբ։

18.02.1994թ. Վարդենիսում փետրվարի 17-ին, ժամը 15.00 խփվել է ադրբեջանական ռմբակոծիչ՝ ՍՈւ-25։

19.02.1994թ. Փետրվարի 18-ի առավոտյան ղարաբաղյան ստորաբաժանումները ետ են մղել հակառակորդին Օմարի լեռնանցքից այն կողմ։

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Պատմության էջերից


13/02/2014