Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՐԱՄԱՏՈՒՄ ԾՆՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՈՒՇԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Երբ հանդիպեցինք՝

Աշուն էր արդեն:

Աստված իմ,

Որքա~ն ճամփա եմ կտրել,

Որ ասեմ` բարև…

Դու լուռ ժպտացիր,

Ու ես հասկացա,

Որ ուշ է արդեն:

Աստղերը հատ-հատ

Գետին են թափվել:

Ծառերը կանաչ`

Դեղին են հագել,

Եվ մոռացվել են

Հեքիաթները ողջ…

Ի՞նչ է մնացել,

Աստված իմ, ասա՛…

ԲԱՐԻ ԳԻՇԵՐ

Ծանոթ ճամփան տուն է տանում:

Հարյուրավոր ժպիտներից

Քո ժպիտն եմ ինձ հետ բերում՝

Որպես նվեր…

Ու լուռ նստած թիկնաթոռին,

Մայրամուտն եմ դիտում ահա.

Երկինքը մուգ ծորում է ցած,

Արևը հուր

Հորիզոնն է ներկում

Բոսոր…

Օրը մթնեց:

Օրը մեռավ:

…Ես խորհում եմ,

Թե որն է շատ`

Կորո՞ւստը, թե

Գտածը մեր…

Բարի գիշեր:

ՔԱՌԱՉԱՓ ԱՇԽԱՐՀ

Քառաչափ աշխարհ,

Եվ ուրիշ ոչինչ:

Իսկ ժամանակի ու տարածության

Տարրալուծումից

Մեր պարաբոլան ի՞նչ հետք է թողնում,

Ո՞վ է իմանում…

Քառաչափ աշխարհ,

Եվ ուրիշ ոչինչ:

Իսկ ժամանակի ու տարածության

Տարրալուծումից

Մեր նյութը անզոր

Ի՞նչ տեսք է առնում,

Կորչո՞ւմ է անհետ,

Թե՞ նորից հառնում`

Մի շրջանաձև պտույտ գործելով,

Մի նոր աստիճան

Վերև ձգվելով…

Եվ այսպես հավետ,

Պարուրաձև…

Քառաչափ աշխարհ…

Ի՞ՆՉ ԱՆԵՄ ԵՍ

«Էս է, որ կա,

Էս է, որ կա…»,- մտածեցի

Ու բացեցի գաղտնիքները

Սրտիս ամեն,

Շռայլեցի հեղեղի պես…

Քամին վայրի իր սուլոցով

Փողոցների փոշին բերում

Կուտակում է լքված սրտիս

Ավերակում…

Հուդայի պես

Համբուրեցիր ու գնացիր,

Հիմա ասեք` ի՞նչ անեմ ես:

ԾՈՎԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Ծովը երգեր է

նետում ափերին,

Ես հավաքում եմ

Երգերը նրա:

Ծովը հետքերն իմ

Առնում ափերից

Տանում է իր հետ:

Ես հիմա գիտեմ

Գաղտնիքը ծովի:

ԸՆԴԴԵՄ ՉԱՐԻՔԻ

Այս քնքուշ ծաղկի համար

Զենք վերցրի,

Որ քո դառը շունչը չավերի:

Այս հասկի համար,

Որ դառնա ցորեն,

Զենք վերցրի:

Որ ոտք չդնես

մեր սուրբ լեռների

Վեհ կատարներին

Ու այն չպղծես…

Զենք վերցրի:

Իմ սիրո համար

Այն զույգ աչքերի,

Որ երկինք նայեն

Ջինջ ու առանց լաց

Զենք վերցրի:

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Հոգևոր-մշակութային


13/02/2014