Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ…



Մարտունակ բանակ ունենալու համար մեծապես կարևորվում է գրագետ և ռազմական գործի գիտակ կադրերի ապահովման խնդիրը: Սպայական կադրերի պատրաստման գործում մեծ ներդրում ունի ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչությունը:

1992 թվականին կազմավորված վարչությունն սկզբում լուծում էր սահմանափակ խնդիրներ՝ քաղաքացիական ԲՈՒՀ-երի ռազմական ամբիոնների վերականգնում, ապա ամբիոնների ուսումնական գործընթացի ղեկավարում և ուսանողների պատրաստում՝ որպես պահեստազորի սպաներ: Միաժամանակ ՊՆ համակարգում ՌՈՒՀ-երի ստեղծման և քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմագիտության ամբիոնում տեղի ունեցող ուսումնական գործընթացների ղեկավարման աշխատանքներ էին տարվում:

Այնուհետեւ ՀՀ ՊՆ բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանի բազայի վրա կազմավորվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որը սպայական կադրեր է կրթում մոտոհրաձիգի, տանկիստի, հրետանավորի, հետախույզի և սակրավորի մասնագիտություններով: Ավելի ուշ ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն-թռիչքատեխնիկական ուսումնարանի բազայի վրա ստեղծվեց Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը, որն սպաներ է կրթում հետևյալ մասնագիտություններով՝ ինքնաթիռների եւ ուղղաթիռների օդաչուներ, ղեկապետեր, ինքնաթիռների և ավիասարքավորումների տեխնիկներ, հակաօդային պաշտպանության մասնագետներ և զորային կապավորներ: Հընթացս ստեղծվեց նաեւ ՀՀ ՊՆ Մանթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որը նպատակ ունի հանրակրթական ծրագրերի, ռազմական գիտելիքների ու հմտությունների պարտադիր նվազագույն ուսուցման և անհրաժեշտ ֆիզիկական պատրաստության միջոցով մատաղ սերնդին նախապատրաստելու ինքնուրույն կյանքի և ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու:

Նշված ուսումնական հաստատություններից բացի, սպայական կադրերի ուրույն եւ կարեւոր դարբնոց են նաև Ռուսաստանի Դաշնության և մի շարք երկրների ՌՈՒՀ-երը: Այդ հաստատություններում սովորել ցանկացողների համար պարտադիր է ռուսաց լեզվի իմացությունը, քանի որ ուսումնական գործընթացն իրականացվում է ռուսերենով: Կարևոր է նաև ռազմական գործի և ընտրած մասնագիտության վերաբերյալ նախնական իմացությունը:

Ներկայումս ՌԴ Մոսկվայի Ռազմական համալսարանում սովորում են մի քանի հայ կուրսանտներ, որոնցից մեկը սովորում է իրավաբանական ֆակուլտետի հինգերորդ կուրսում, մյուսը՝ թարգմանչության ֆակուլտետի չորրորդ կուրսում, երկուսը ֆինանսական ֆակուլտետի երկրորդ կուրսում և ես՝ տեղեկատվական ապահովման ֆակուլտետի երկրորդ կուրսում: Իմ մասնագիտության՝ զինվորական լրագրողի ընտրության գործում մեծ դերակատարում ունեցավ հայրս, որ 1993 թվականից ի վեր ծառայում է հայկական բանակում:

Իմ մասնագիտության ընտրությունը կարևորվում է նաև մի քանի հանգամանքներով՝ Երրորդ հանրապետության ստեղծումից ի վեր ես առաջին կուրսանտն եմ, որ ուսանում է զինվորական լրագրողի մասնագիտությունը: Ես համոզված եմ, որ մեր զինված ուժերին անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող զինվորական լրագրողներ: Զինվորական լրագրողի գլխավոր խնդիրն է կարողանալ հանրությանը ներկայացնել բանակում տիրող իրական պատկերը, նպաստել զինված ուժերի անձնակազմի գաղափարական դաստիարակությանը: Ճշմարիտ լրատվությունը անհրաժեշտ է: Իզուր չէ ասված. «Պատերազմում հաղթում է նա, ով տեղեկացված է»:

Ինչ վերաբերում է ուսմանս, ապա պետք է ասեմ, որ այն անցնում է հետաքրքիր և բազմազան, քանի որ, բացի բուն ուսումնական գործընթացից, մասնակցում եմ նաև «Красная звезда», «Комсомольская правда», «На страже родины» խմբագրություններում կազմակերպվող գործնական պարապմունքներին: Ցուցաբերած առաջադիմությունս աննկատ չմնաց համալսարանի ղեկավարության կողմից և 2013 թվականի դեկտեմբեր ամսին, որպես արտասահմանյան երկրի լավագույն կուրսանտ, պատիվ ունեցա հարցազրույց տալ « Красная звезда » թերթին:

Ես այսօր հպարտորեն կրում եմ Հայաստանի Հանրապետության կուրսանտի կոչումը, պատվով պահում ազգիս անունը, փորձում եմ իմ պարտաճանաչությամբ, նվիրումով ու առաջադիմությամբ ապացուցել, որ հայ երիտասարդը պատրաստ է իր առջև դրված սուրբ գործը պատվով ավարտին հասցնելու:

ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՌԴ ռազմական համալսարանի

2-րդ կուրսի կուրսանտ,

կրտսեր սերժանտ

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Բանակ և հասարակություն


13/02/2014