Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԸ ԵՎ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ



Նոր ուսումնական տարվա նախապատրաստական շրջանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդիպումներ ունենալով զորամիավորումների, կայազորների սպայակազմերի հետ, հատկապես կարևորում էր վաշտերի (մարտկոցների) հետ տարվող աշխատանքը և զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների առջև խնդիր էր դնում ավելի ուշադիր լինել նշված ստորաբաժանումների հրամանատարների նկատմամբ և իրենց փորձից ելնելով՝ ցուցաբերել ամենօրյա գործնական օգնություն, որովհետև հենց այդ օղակներում են կյանքի կոչվում մարտական պատրաստության խնդիրները, ինչպես նաև այդ օղակներում են ձևավորվում կրթական, դաստիարակչական տարբեր պատրաստվածություն ունեցող զինծառայողների միջանձնային ե՛ւ դրական, ե՛ւ բացասական երևույթները, նրանց վերաբերմունքը զինվորական ծառայության և զորամասի՝ որպես իրենց ընդհանուր տան նկատմամբ: Իսկ գումարտակի հրամանատարը և ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող սպաները, որոնք ժամանակին վաշտերի (մարտկոցների) հրամանատարներ են եղել, պարտավոր են օգնել և իրենց փորձը փոխանցել զորամասերի հիմքը հանդիսացող ստորաբաժանումների երիտասարդ հրամանատարներին:

Գնդապետ Կ. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որտեղ սպաները հիմնականում միջին ու ավելի երիտասարդ տարիքի զինվորականներ են, ըստ ամենայնի այդ հարցերը բավական լավ են կարգավորված:

ԿՐԱԿԱՅԻՆ ԽՈՑՈՒՄԸ՝ 90%

Վաշտի հրամանատար, կապիտան Արգիշտի Սարգսյանը 2005թ. ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և որպես դասակի հրամանատար ծառայության նշանակվել այս զորամասում: Ինչպես ինքն ասաց՝ սկզբում դժվարություններ շատ են եղել, բայց աստիճանաբար դրանք հաղթահարվել են, ու այժմ նա ինքն է օգնում երիտասարդ սպաներին:

-Արդեն ութ-ինը տարի է, ինչ զինվորական ստորաբաժանում եմ ղեկավարում: Մասնագիտական առումով ոչ մի խնդիր չունեմ, բայց մարդկանց հետ անմիջական աշխատանքը բարդ է, լի անակնկալներով, որովհետև համալրումների ժամանակ գալիս են նոր, անծանոթ մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն իր մտածելակերպը, իր աշխարհայացքն ունի, և ամեն ինչ պետք է նորից սկսես: Ամենապատասխանատուն դասակի հրամանատարի գործն է: Հիշելով, թե ժամանակին ես ինքս ինչ դժվարությունների եմ հանդիպել, օգնում եմ իմ ծառայակից երիտասարդ ընկերներին, իմ փորձն ու գիտելիքները փոխանցում նրանց: Բայց, մեկ է, ես էլ դեռ սովորելու տեղ, օգնության կարիք ունեմ, որովհետև վաշտը զինվորական լուրջ ստորաբաժանում է թե՛ թվաքանակով, թե՛ ռազմական տեխնիկայով ու զբաղեցրած բնակկենցաղային տարածքով, և եթե չլինի գումարտակի հրամանատարի, նրա տեղակալների, զորամասի հրամանատարության աջակցությունը, ինձ համար էլ շատ դժվար կլինի:

Ասենք, որ վերջին երկու տարիներին կապիտան Ա. Սարգսյանի վաշտը լավագույններից է ճանաչվել ոչ միայն զորամասի, այլ նաև զորամիավորման կազմում: Անցած ուսումնական տարում կանոնադրական հարաբերությունների ոչ մի խախտում չի արձանագրվել, ուսումնական ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլերում վաշտն արժանացել է «լավ» գնահատականի: Հրաձգային ջոկերից մեկը լավագույնն է զորամիավորումում, կրտսեր սերժանտներ Արթուր Մելքոնյանը և Սամվել Սինայանն ընդգրկվել են նորակոչիկների հետ տարվող աշխատանքներում, շարքային Արմեն Ավակիմովը ճանաչվել է զորամասի լավագույն ժամապահ և խրախուսվել արձակուրդով:

-Ամենապատասխանատու քննությունը, որ հանձնեցինք անցած ուսումնական տարում, հուլիս ամսին անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունն էր, որի ընթացքին հետևում էր գեներալ- մայոր Արտակ Դավթյանը: Վաշտի կրակային խոցումը կազմեց իննսուն տոկոս: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել դասակների հրամանատարներ, ավագ լեյտենանտներ Գեղամ Պողոսյանի և Արմեն Ալեքսանյանի բարեխիղճ ծառայությունը: Ի դեպ, վերջինիս դասակը լավագույնն է գումարտակի կազմում: Այժմ պատրաստվում ենք նոր ուսումնական տարվան և առաջին հերթին ձգտելու ենք առանց թերությունների անցկացնել մեկնարկային մարտավարա-շարային պարապմունքները: Վաշտի անձնակազմի տրամադրությունը, բարոյահոգեբանական վիճակը բարձր է, և մենք պատրաստ ենք կատարելու առաջադրված բոլոր մարտական խնդիրները:

ԱՄԵՆ ԻՆՉ ՍՏԱՑՎՈՒՄ Է

Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը Շիրակի մարզի Աշոցք գյուղից է: 2007թ. դպրոցից հետո ընդունվել է Ռազմական ինստիտուտ: 2011թ. ավարտելով ուսումը՝ վիճակահանությամբ ծառայության է անցել այստեղ: Ընդամենը երկու տարում հասցրել է ինքնահաստատվել, ինքն իրեն ու զորամասի հրամանատարությանը համոզել, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել: Երիտասարդ սպայի դասակը զորամիավորման մրցումներում առաջին տեղն է գրավել կրակային պատրաստությունից, մարտավարությունից, քիմպաշտպանությունից, ինժեներական պատրաստությունից և էլի մի քանի առարկաներից: Միաժամանակ դասակի նպաստը կա նաեւ համաբանակային վազքարշավում հաղթած վաշտի (հրամանատար՝ Ե. Ներսիսյան) հաջողության մեջ: Այս ամենն արդյոք քի՞չ է ընդամենը երկու տարուց քիչ ավելի ծառայության փորձ ունեցող սպայի համար: Իհարկե, ոչ, զգալի է եւ նույնիսկ ընդօրինակման արժանի:

-Ինքնագովեստ թող չհամարվի, առայժմ ամեն ինչ կարծես ստացվում է: Ես շատ եմ շփվում, զրուցում իմ զինվորների հետ, նրանք էլ հավատում, վստահում, հետեւում են ինձ: Լավ զինվորներ որքան ասեք ունեմ, բայց ուզում եմ հատկապես առանձնացնել կրտսեր սերժանտներ Զավեն Ղարիբյանին, Մանուկ Վարդանյանին, շարքայիններ Կարեն Արզումանյանին, Անդրանիկ Հովհաննիսյանին: Ես ամուր նյարդեր ունեմ, վստահ եմ՝ հաջողություններից գլխապտույտի մեջ չեմ ընկնի ու կշարունակեմ ծառայել նույն ջանասիրությամբ ու նվիրվածությամբ:

ԲԱՆԱԿԸ ԿԱՐԵՎՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է

Սերժանտ Ռազմիկ Բաղդասարյանը ծնվել է Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մանկավարժների ընտանիքում: Սովորել է թիվ 2 միջնակարգ դպրոցում, վեց տարեկանից հաճախել է Հրազդանի Ջիվանու անվան աշուղական երաժշտական դպրոցը: 2008-2012թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ունի երգչի, խմբավարի և կոմպոզիտորի մասնագիտական որակավորում: Ուսանողական տարիներին երկու անգամ պարգևատրվել է դիպլոմով, որոնցից առաջինն ստացել է Հայաստանի երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում առաջին տեղը գրավելու, մյուսը` 2011թ. Էդվարդ Միրզոյանի 90-ամյակի առիթով կազմակերպված «Վահագնի ծնունդը» երիտասարդ կոմպոզիտորների միջազգային մրցույթին մասնակցելու համար: Երիտասարդ կոմպոզիտորի մի քանի սիմֆոնիաներ տարբեր նվագախմբեր (նաև արտասահմանյան) ընդգրկել են իրենց համերգացանկում:

-Երիտասարդ արվեստագետի համար երկու տարվա դադարը կարո՞ղ է բացասական ազդել նրա հետագա ստեղծագործական աճի վրա,- հարցրի սերժանտին:

-Կարծում եմ` ո՛չ: Ես արդեն քսան ամիս է՝ ծառայում եմ: Հասցրել եմ խորքից ճանաչել զինվորական կյանքը և համոզված եմ, որ այն ինձ հետագայում շատ պետք կգա, քանի որ նշանակալի ազդեցություն է թողել իմ աշխարհընկալման, ինքնաճանաչողության վրա: Մեր զորամասում կան արվեստով զբաղվող շատ զինվորներ, և նրանցից ոչ մեկը չի ափսոսում բանակ զորակոչվելու համար, որովհետև զորամասում ստեղծագործելու պատշաճ պայմաններ են ստեղծված: Աշխարհում բազում հայտնի արվեստագետներ կան, որոնք, այսպես ասեմ, սնվել են բանակից, այսինքն` ծառայել են ու իրենց գործերում անդրադարձել են բանակային թեմային, պատերազմին, ինչպես, օրինակ՝ Հեմինգուեյը: Հիշեք` նա ռազմական լրագրող էր: Բանակը արվեստագետի համար կարևոր փորձաշրջան է: Սակայն ծառայության մեջ ես ամենից առաջ զինվոր եմ, սերժանտ, ջոկի հրամանատար և սովորում եմ այն, ինչ սովորեցնում են` պաշտպանել հայրենիքը: Ի դեպ, ես մեր վաշտի լավագույն կրակողներից եմ: Ազատ ժամերին զբաղվում եմ սիրածս գործով. նվագում եմ, երգում, ղեկավարում «Հայ ասպետի» պարապմունքները, մասնակցում տոնական միջոցառումների, միաժամանակ վերադաս հրամանատարության թույլտվությամբ մասնակցում եմ Գորիսի պետական նվագախմբի փորձերին և համերգներին:

-Գիտեմ, որ աշխատում ես նաև նորակոչիկների հետ, ո՞րն է ամենակարևոր խորհուրդը, որ տալիս ես նրանց:

-Նորակոչիկներին ասելու, սովորեցնելու շատ բան կա: Նրանք պետք է պատվով անցնեն դժվարությունների միջով, ամրանան հոգով ու ֆիզիկապես: Ամենակարևորը` պետք է ծառայեն ոգեւորությամբ, չնեղսրտեն, հարգեն ծառայակից ընկերներին, հրամանատարներին: Հրամանի կատարումը զինվորի սրբազան պարտքն է: Եթե զինվորն այսքանը հասկացավ, շատ հանգիստ կհաղթահարի բոլոր դժվարությունները:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/02/2014