ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌԴ 102-ՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՈՒՄ
ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ
Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զինծառայողները, 2014 թվականին Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերից հետ չմնալով, սպարտակիադա են անցկացրել։
Մրցությունն անցել է 2 փուլով` 5 կիլոմետր դահուկներով մրցավազք և 4 անգամ 2,5 կմ էստաֆետ։ Ի տարբերություն Սոչիի օլիմպիականների` զինծառայողները մրցել են զինվորական համազգեստներով և հայրենական արտադրության դահուկներով։ Ռազմական դահուկներն ավելի կարճ ու լայն են։ Դրանք նախատեսված են դժվարանցանելի հատվածներում բեռները իրենց հետ տեղափոխելու համար։
Նշենք, որ մրցության հաղթողներն արդեն հայտնի են։ Նրանք շարունակելու են պայքարը ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մրցաշարի համար, որն անցկացվելու է փետրվարի 12-13-ը Վոլգոգրադում։
ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զինծառայողները «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մարտական հրաձգությամբ ուսումնական վարժանքներ են անցկացնում։
Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Վարժանքներին մասնակցում է ավելի քան 600 զինծառայող և մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային և հատուկ ստորաբաժանումների շուրջ 200 միավոր զրահատեխնիկա։
«Գործնական պարապմունքների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու բարձրլեռնային պայմաններում գործողությունների իրականացմանը, փոխգործակցության կազմակերպմանն ու պահպանմանը, ինչպես նաև անհատական և խմբակային առաջադրանքների կատարման հմտությունների կատարելագործմանը»,- նշվում է ՀՌՕ-ի հաղորդագրության մեջ։
ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զինվորականներն սկսել են «Նավոդչիկ-2» նոր անօդաչու թռչող սարքի փորձարկումները։ Ընդ որում, փորձարկումներն ընթանում են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում, տարբեր կլիմայական պայմաններում, գիշերվա ու ցերեկվա ժամերին։
«Նավոդչիկ-2» ԱԹՍ-ները կիրառում են հետախուզության շրջանակներում, նրանք ունակ են կատարելու մարտական առաջադրանքներ օրվա տարբեր ժամերին` ֆոտո, վիդեո և ինֆրակարմիր մոդուլների շնորհիվ։ Դրանք թույլ են տալիս հակառակորդին հայտնաբերելու նաև պատսպարաններում։
ԱԹՍ-ի առավելագույն արագությունը 120 կմ/ժ է, թռիչքի բարձրությունը` մինչև 3 հազար մ, զանգվածը` 7 կգ, գործարկման հեռավորությունը` մինչև 25 կմ, օդում կարող է մնալ 3 ժամ։
Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Ռազմաքաղաքական