Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ



Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասի նորակոչիկները երբեք չեն մոռանա 2014թ. փետրվարի 2-ը: Հենց այդ օրը նրանք կատարեցին իրենց կյանքի ամենակարևոր քայլը, զինվորական երդում տվեցին: Այո՛, երիտասարդ տղաները իրենց ընկերների, հարազատների, հրամանատարների առջև հպարտորեն երդվեցին անգամ կյանքի գնով պաշտպանել հայրենիքն ու հայրենի սրբությունները:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը, զորատեսակի բարձրաստիճան սպաներ, հյուրեր, նորակոչիկների հարազատներ, դպրոցականները՝ ՆԶՊ ուսուցիչ, լեյտենանտ Կ. Վահանյանի ղեկավարությամբ: Նշենք, որ փոխգնդապետ Աշոտ Ֆանյանը նոր էր նշանակվել ուսումնական այս զորամասի հրամանատար, և երդման ընդունումը նրա առաջին աշխատանքն էր այստեղ: Նշված ժամին ուսումնական գծով հրամանատարի տեղակալ, մայոր Ռևիկ Ոսկանյանը փոխգնդապետ Ֆանյանին զեկուցեց երդման համար նորակոչիկների պատրաստ լինելու մասին: Ստանալով թույլտվություն՝ նա մարտկոցների հրամանատարներ, մայորներ Սերգեյ Կարապետյանին և Տիգրան Հակոբյանին հրահանգեց սկսել գործընթացը: Առաջինը հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում տվեց կուրսանտ Մարտուն Պետոյանը, նրան հետևեցին կուրսանտներ Մամիկոն Սայադյանը, Կարապետ Կարապետյանը, Արթուր Ստեփանյանը, Տիգրան Ազիզյանը, Արտյոմ Պալաքյանը: Շուրջ մեկ ժամ նորակոչիկների հարազատները սրտատրոփ հետևում էին իրենց սիրելիների խրոխտ ու անկեղծ խոսքին: Երբ վերջին զինվորն ստորագրությամբ հաստատեց իր հավատարմությունը տված երդմանը, փոխգնդապետ Ա. Ֆանյանը շնորհավորեց դասակ առ դասակ ձիգ կեցվածքով կանգնած նորակոչիկներին:

Նորակոչիկներին օրհնեցին և նրանց հետագա անփորձանք ծառայության համար աղոթեցին Կորյուն քահանա Կարապետյանը, տեր Ղևոնդյանը: Նշանավոր օրվա առթիվ կուրսանտներին իր ծնողական իր խրատներն ու բարեմաղթանքները հղեց Գեղամ Արշակյանը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, շնորհավորելով երիտասարդ զինվորներին, ասաց.

-Մեծ պատիվ է ներկա լինել այսպիսի կարևոր իրադարձության, համոզված եմ, որ այսօր այստեղ հպարտության մեծ զգացում ապրեցին անխտիր բոլոր ծնողները: Մենք՝ իշխանության ներկայացուցիչներս, միշտ բանակի կողքին ենք, եւ մենք բոլորս պետք է դողանք բազմաթիվ հայորդիների արյան գնով ստեղծված բանակի, յուրաքանչյուր սպայի, յուրաքանչյուր զինվորի կյանքի համար:

Պարոն Սահակյանը նորակոչիկներին կոչ արեց ծառայել պատվով, իսկ ծնողներին հայրենիքի զինվոր դաստիարակելու համար հայտնեց շնորհակալություն:

ՀՕՊ զորքերի պետ, գնդապետ Ա. Վարդանյանը, մեկ անգամ ևս շնորհավորելով նորակոչիկներին, նշեց, որ երկու տարին շատ կարճ ժամանակ է և արագ կանցնի, մանավանդ նրանց համար, ովքեր ծառայում են նվիրված, կենտրոնանում են իրենց պարտականությունների կատարման վրա:

-ՀՕՊ զորքերը զինված են կոլեկտիվ օգտագործման զենքով: Դրանք կիրառելու համար զինծառայողները պետք է լավ սովորեն, իրենց մասնագիտությանը տիրապետեն խորությամբ:

Գնդապետը նաև նշեց, որ այսօրվա հանդիսավոր միջոցառումը տեղի է ունենում զորամասի ստեղծման տարեդարձի օրը, ինչը նույնպես խորհրդանշական է: Օգտագործելով առիթը՝ նա անձնակազմին ներկայացրեց նոր հրամանատար, փոխգնդապետ Աշոտ Ֆանյանին և հույս հայտնեց, որ նրա հրամանատարությամբ զորամասը հաջողությամբ կկատարի իր առջև դրված խնդիրները, կշարունակի ձևավորված ավանդույթները:

Միջոցառումն ավարտվեց անձնակազմի հանդիսավոր երթով:

Ա.ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/02/2014