«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿՌԵՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ»
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 2010թ. ամփոփիչ ուղերձում արծարծված էին նաեւ բանակի գործունեության 2011-ի կարեւորագույն խնդիրներն ու առաջնահերթությունները, պաշտպանական համակարգի զարգացման ու կատարելագործման գերակա ուղղությունները, նախարարի ուղերձում առանցքային թեմա էր բանակի հոգեբանական վիճակը, միջանձնային հարաբերությունների բարոյականությունը հրամանատար-ենթակա առնչություններում։ Գերատեսչության ղեկավարի մտորումները անձնակազմի գաղափարական դաստիարակության խնդիրների շուրջ լայնորեն քննարկվում են պաշտպանական կառույցի բոլոր օղակներում։ Ներկայացնում ենք ազգային բանակի մի խումբ զինվորների դիտարկումներն ու խորհրդածությունները։
ԶԻՆՎՈՐԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԴԵՄՔՆ Է
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը շատ անկեղծ էր, զերծ պաշտոնականությունից, մատչելի յուրաքանչյուրիս ու շատ ուսանելի։ Ես ուզում եմ անդրադառնալ նախարարի՝ «Ցանկացած զինվոր հայոց բանակի դեմքն է» մտքին։ Այս խոսքերն ուղղված են ե՛ւ հրամանատարներին, ե՛ւ մեզ՝ զինվորներիս։ Հայոց բանակը մեր նորագույն պատմության ամենամեծ ձեռքբերումն է։ Հայոց բանակը Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած, հող ազատագրած բանակն է։ Հայոց բանակը Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Վազգեն Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, Կոմանդոսի բանակն է։ Մարդիկ, ովքեր կյանք ու առողջություն չխնայեցին Արցախի ազատագրության, մեր համազգային հաղթանակի համար, հերոսներ, որոնք իրենց սխրանքով փառքով պսակեցին երիտասարդ սերնդի՝ իմ սերնդի պատմությունը, մեզ հաղթանակի ժառանգորդ դարձրին։ Ազգային բանակը այն երախտավորների բանակն է, ովքեր օր ու գիշեր տքնեցին, որ խաղաղ բանակաշինության տարիներին հայոց զինուժը հետ չմնա ժամանակի ռիթմից, չթուլանա, կատարելագործվի եւ կարողանա պաշտպանել պատերազմական նվաճումները։ Այս ամենը գիտակցելով՝ հասկանում ես, թե ինչ մեծ պատիվ, միեւնույն ժամանակ ինչ ահռելի պարտականություն ու պատասխանատվություն է լինել հայ զինվոր՝ ազգային բանակի դեմքը։ Մենք պիտի արժանի լինենք այդ փառքին։ Հայոց ազգային բանակի զինվորը պետք է շատ լավ տիրապետի իր զինվորական մասնագիտությանը։ Ինչպես նախարարն է ասում՝ ոչ բավարար, ոչ լավ, այլ միայն ու միայն գերազանց։ Պետք է լինի կարգապահ, անվերապահորեն կատարի կանոնագրքի պահանջները։ Հայոց բանակի զինվորը պետք է լինի խիզախ, համարձակ, մարտունակ, աներեր կանգնի հայոց սահմանին՝ պատրաստ ամեն գնով անառիկ պահել իրեն վստահված հողը։ Մենք ամեն վայրկյան պիտի հիշենք, որ հայոց բանակի դեմքն ենք եւ պետք է մեր հերոսական բանակի նկարագիրը մեր կերպարով ավելի կատարյալ դարձնենք։
ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄՅԱՆ
շարքային
ԱԶԳ-ԲԱՆԱԿ
Ես կարծում եմ, որ երկրի պաշտպանությունը միայն բանակի խնդիրը չէ։ Յուրաքանչյուր 18 տարեկան տղա գալիս է բանակ, որ սովորի զինվորական գործը, ստանա հայրենիքի պաշտպանի «կոչում» եւ հետագա ամբողջ կյանքում մնա հայրենիքի պաշտպան։ Ու եթե առիթ լինի, անմիջապես առնի զենքն ու գնա առաջնագիծ՝ փակելու թշնամու ճանապարհը ու պաշտպանելու հայրենիքի սահմանները։ Յուրաքանչյուր հայ տղամարդու հասունացման, այրանալու ճանապարհն անցնում է բանակով, ու շատ կարեւոր է, թե ինչպիսի գիտակցությամբ, ինչպիսի գաղափարներով, ինչպիսի հոգեբանական նկարագրով ու բարոյական չափանիշներով զինվորը կվերադառնա հասարակություն, ինչ արժեքներ կտանի իր հետ։ Այսինքն՝ ինչ-որ չափով բանակում է կերտվում վաղվա հասարակության հայրենասիրական նկարագիրը, նվիրվածությունը ազատ, ինքնիշխան, հզոր հայրենիքի գաղափարին։ Ուզում եմ մեջբերել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միտքը. «Ազգը հոգեբանորեն ու ֆիզիկապես պիտի պատրաստ լինի ցանկացած պահի համազգային բանակի վերածվելու»։ Այս կոչ-պատգամ-խորհուրդը ուղղված է յուրաքանչյուր հայի սրտին, խղճին, գիտակցությանը։ Մենք այլընտրանք չունենք, մենք պարտավոր ենք ազգ-բանակ լինելու, մենք դատապարտված ենք բժիշկ, տնտեսագետ, նախարար, նախագահ լինելուց առաջ ազգի զինվոր լինելու։ Գաղտնիք չէ, որ մեր ռեսուրսները սահմանափակ են, որ մենք դարեր շարունակ կորցնելով ու կորցնելով՝ այսօր պարտավոր ենք շատ արդյունավետ օգտագործել մեր բոլոր հնարավորությունները եւ հզորանալ ու հզորանալ։ Ազգ-բանակ դառնալու համար մեզ առաջին հերթին համազգային համերաշխություն ու միասնականություն է պետք։
Հայ հասարակության յուրաքանչյուր անդամ ազգային բանակի մասին խոսելիս պիտի ասի՝ իմ բանակը, ինչպես ասում է՝ իմ հայրենիքը, որովհետեւ հայրենիքն ու բանակը շաղկապված են իրար, մեկի գոյությունը պայմանավորված է մյուսով։ Չկա բանակ, չկա եւ հայրենիք։ Եթե հայրենիք չունենաս, բանակ էլ չես ունենա։ Մենք պիտի սիրենք մեր բանակը ու մեր հայրենիքի պաշտպանությունը։ Ինչպես մեր նախարարն է ասում՝ մենք պետք է կռենք մեր հաղթանակելու արվեստը: Այսինքն՝ մենք պետք է բացենք մեր հաղթանակի կոդը։ Պատմության դասերը վկայում են, որ օտարների օգնությանն ապավինողը մնում է ձեռնունայն։ Տկարներին, խեղճերին չեն օգնում։ Նրանց հաղթում են, նրանց նվաճում են։ Ինչպես Անդրանիկն էր ասում՝ հույսներս մեզ վրա դնենք, զինվենք ու միաբան լինենք։
ՍԵՐԳԵՅ ՂԱԶԱՐՅԱՆ
սերժանտ
ԶԻՆՎՈՐԸ ՊԻՏԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՄԱՐՏԻ
Երբ ես պատրաստվում էի զորակոչվել, բանակը ինձ համար մի օտար, առեղծվածային աշխարհ էր։ Անկեղծ ասած, մտածում էի, որ զենքը ձեռքին սահման պահելը, առավել եւս՝ հնարավոր պատերազմի դեպքում թշնամու ճանապարհը փակելը մեծ քաջություն ու ինքնազոհություն է պահանջում, ու ես պատրաստ չեմ հանուն հայրենիքի կյանքս զոհելու ու հերոսանալու։ Արդեն տասը ամիս է՝ զինվոր եմ ու հիմա բոլորովին այլ կերպ եմ մտածում։ Ես նռնականետորդ եմ, շատ լավ տիրապետում եմ զենքիս, կարող եմ հարկ եղած դեպքում պաշտպանել ինձ, ընկերներիս եւ ինձ վստահված տարածքը։ Ծառայության ընթացքում իմ մեջ հոգեբանական մեծ փոփոխություն է եղել։ Ես գիտեմ՝ ինչ է սահմանը, ինչ է սահմանի պաշտպանությունը եւ շատ հանգիստ ու ինքնավստահ եմ մարտական դիրքում։ Ես շատ լավ եմ ըմբռնում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձում ասված խոսքերը. «Զինվորը պետք է առաջին հերթին հոգեբանորեն պատրաստ լինի մարտի»։ Հոգեբանական պատրաստվածությունը ամենակարեւորն է։ Եթե հոգուդ խորքում վստահ ես քո ուժերին, եթե տիրապետում ես զենքիդ, եթե սիրտդ թոթափել է վախը եւ լցվել է հաղթանակի հավատով, եթե հրամանատարներդ քեզ ինքնավստահություն ու խիզախություն են ներշնչել, եթե կողքիդ զգում ես նրանց հզոր ներկայությունը, ապա պատրաստ ես դիմակայելու յուրաքանչյուր մարտահրավերի։ «Հայրենիքի պաշտպանության գործում մանրուքներ չկան»,- գրում է իր ուղերձում պաշտպանության նախարարը։ Իրոք, բանակում յուրաքանչյուր անտեսված, անուշադրության մատնված մանրուք կարող է ծանր հետեւանքներ ունենալ։ Նման «մանրուքներից են», օրինակ, փոքր ու մեծ տարաձայնությունները, տղայական վեճերը, որոնք կարող են նույնիսկ ողբերգության վերաճել։ Զինվորի հոգեբանական պատրաստություն ասելով՝ ես հասկանում եմ նաեւ զինվորական համակեցության գրված ու չգրված օրենքները հարգելու պատրաստակամությունը։ Մենք՝ զինվորներս, բոլորից լավ գիտենք, թե որքան են մեզ կոտրում, ընկճում ծառայակից ընկերների հետ վատ հարաբերությունները, եւ որքան ենք ուժեղանում, դառնում ինքնավստահ, համարձակ, երբ կոլեկտիվում համերաշխություն է ու փոխըմբռնում։ Ուրեմն՝ հենց մենք պիտի մտահոգվենք մեր հոգեբանական վիճակով եւ այնպես անենք, որ ավելի միասնական, ավելի խիզախ կանգնենք հայրենիքի սահմանին։
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
շարքային
Ես ցանկանում եմ նշել, թե որքան մեծ նշանակություն կարող է ունենալ հրամանատարի ոգեւորող խոսքը, գնահատանքը։ «Մարդու աշխատանքը միապաղաղ, առանց ձգտումների է ընթանում, եթե նա տեսնում է, որ իր արածը չի գնահատվում»,- գրում է Սեյրան Օհանյանը 2010-ի տարեվերջյան ուղերձում։ Անձամբ ես զգացմունքի մարդ եմ։ Դպրոցում սովորում էի միայն այն առարկաները, որոնք դասավանդող ուսուցիչներին սիրում էի։ Ուսուցիչների ոգեւորող խոսքը կարող էր թեւեր տալ ինձ, մղել աննախադեպ աշխատասիրության։ Նույնն էլ բանակում է։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են՝ ես գովասանքի համար չեմ աշխատում, կամ ասում են՝ մեդալներն ու պատվոգրերը կարեւոր չեն։ Զորամասի ղեկավարությունը իմ ծնողներին, դպրոցին, մեր գյուղապետարանին շնորհակալական նամակ էր ուղարկել։ Ծնողներիս կանչել էին գյուղապետարան։ Գյուղապետն էլ իր հերթին մեծարել էր ծնողներիս։ Դրանից հետո ասես ուժերս բազմապատկվեցին, հիմա ես ջանք չեմ խնայում, որ պարտականություններս անթերի կատարեմ։ Կարդացել եմ «Հայ զինվոր» թերթում տպված հարցազրույցը եւ գիտեմ, որ մեր նախարարը բարձրացել է ամենակրտսեր հրամանատարական օղակից ու շատ լավ գիտի զինվորի հոգեբանությունը։ Զինվորի համար հրամանատարի ասած «ապրեսը» կարող է հրաշք գործել։
ԳԵՂԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ
շարքային
ԹՈՂ ԿԱԹԻԼԸ ԳԵՏՆԻՆ ՉՀԱՍՆԻ
Պաշտպանության նախարարի ուղերձում ինձ ամենից շատ հուզեց այն հատվածը, որը վերաբերում էր բանակում կատարված ողբերգություններին։ Այնքան ցավ, ափսոսանք կար նախարարի խոսքում։ Իրոք, որքան մեծ ցավ է, որ փոքրիկ վիճաբանությունը «մի կաթիլ մեղրի նման» դառնում է ողբերգության պատճառ։ Զինվորը զրկվում է կյանքից, նրա ծառայակից ընկերը դատապարտվում է ազատազրկման։ Երկուսի ընտանիքն էլ դժբախտանում է։ Զինվորական ծառայությունը, որը պետք է հպարտության աղբյուր դառնա, դժբախտության պատճառ է դառնում։ Մարդիկ խորթանում են բանակից, բանակի հանդեպ լցվում են դժկամությամբ ու հակակրանքով։ «Մեղրի կաթիլը չպետք է հասնի գետնին,- ասում է նախարարը,- այն պետք է որսալ օդում՝ ահա հրամանատարներիս գերխնդիրը»։ Իսկ ես համոզված եմ, որ այդ կաթիլը օդում որսալը նաեւ մեր՝ զինվորներիս գերխնդիրն է։ Մենք պարտք ունենք հայրենիքի առաջ, այն մարդկանց առաջ, ովքեր հանուն այսօրվա խաղաղության արյուն են թափել։ Մենք չպետք է թույլ տանք, որ խաղաղ պայմաններում զինվոր զոհվի։ Չպետք է ջուր լցնենք թշնամու ջրաղացին, նրան չարախնդալու առիթ տանք։ Խաղաքարտին շատ մեծ գին է դրված։
ԱՐՏԱՎԱԶԴ ՀԱՍՐԱԹՅԱՆ
սերժանտ
Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
մայոր