Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՐՍԻԿՆԵՐ (ԹԱԹԵՐ). ԱՆԹԵՂՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ



Օրերս Բրյուսելում կայանալիք հարավ-կովկասյան հակամարտություններին նվիրված Եվրախորհրդարանի կազմակերպած քննարկմանը մասնակցելու են նաև թալիշ հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք, ըստ մի շարք կայքերում տեղ գտած լրատվության, բարձրացնելու են Թալիշստանի լիակատար անկախության հարցը՝ համարելով, որ Ադրբեջանական Հանրապետության կազմում ինքնավարության պահանջը թալիշ ժողովրդի համար այլևս ժամանակավրեպ է… Կասկածից վեր է, որ թալիշական շարժումը յուրահատուկ «շոգեքարշի» դեր կարող է կատարել Ադրբեջանում ապրող տեղաբնակ այլ ժողովուրդների ազգային-ազատագրական ընդվզումների համար։

Ադրբեջանի Հանրապետության էթնիկ կազմի իրանական շերտի մեջ մտնում են երեք ժողովուրդներ՝ թալիշներ, թաթեր և քրդեր, որոնցից հենց թաթերն են այն հիմնական ենթաշերտը, որը ձևավորում է այսպես կոչված «ադրբեջանական հանրույթ»-ի մարդաբանական հիմնական միջուկը։ Ընդհանրապես «թաթ»-ը պարսկերենին շատ մոտ լեզվով խոսող այս ժողովրդին թյուրքական տարրի տված արտանվանում (էկզոնիմ) է, որը, ունենալով քամահրական երանգ, տրվում էր նստակյաց, ոչ թյուրքական բնակչությանը եկվոր թյուրքերի կողմից։ «Թաթ» եզրը, որն առաջին անգամ հիշատակված է օրխոնյան տեքստերում և ապա ավելի ուշ շրջանում 11-րդ դարի թուրք բառարանագիր Մահմուդ Քաշղարու «Դիվան լուղաթ աթ-Թուրք» բառարանում, ոչ միայն Ադրբեջանում, այլև Իրանի հյուսիսային շրջաններում, արևելքում՝ Խորասան նահանգում, Դաղստանում և Ղրիմում բնակվող իրանական և ոչ իրանական ժողովուրդների անվանումն է։

Ադրբեջանում ապրող թաթերի համար այս անվանումն ունի առավելապես հավաքական նշանակություն, և կապված բնակության վայրերից` «թաթ» եզրին զուգահեռ հանդիպում ենք նաև այս ժողովրդի տարբեր տեղական ինքնանվանումների, մասնավորապես՝ Ապշերոնում՝ փարսեր, Խիզիի, Դիվիչիի, Սիազանի շրջաններում և սրանց հարակից բնակավայրերում` դաղլիներ, Լահիջում և Շամախիի այլ թաթաբնակ վայրերում՝ լոհիջոններ։ «Թաթ»-ը, որպես ինքնանվանում, կիրառվում է նաև Հարավային Դաղստանում։ Ըստ կրոնի՝ թաթերը բաժանվում են 3 խմբի՝

1. մահմեդական թաթեր,

2. քրիստոնյա թաթեր (հայտնի են հայ-թաթեր անվամբ), որոնք հայերի հետ միասին բռնի տեղահանվեցին,

3. հուդայական թաթեր (կոչվում են լեռնային հրեաներ կամ ջուհուրներ), որոնք հիմնականում բնակվում են Ադրբեջանի հյուսիսային սահմաններին և Դաղստանում:

Ադրբեջանի Հանրապետությունում թաթերը դեռևս մինչև 19-րդ դարավերջ և 20-րդ դարի կեսերը ամփոփ բնակեցնում էին ամբողջ Ապշերոնի թերակղզին և Բաքվի նահանգությունը, Շամախիի և Ղուբայի երկրամասերն ու Խիզիի շրջանը, ինչի մասին խոսում են թե՛ այս տարածքների տեղանվանական համակարգը, թե՛ ադրբեջաներենում առկա թաթական ենթաշերտը, թե՛ 19-րդ դարում այստեղ այցելած մասնագետների տեղեկությունները, ինչպես նաև ցարական և խորհրդային շրջանից պահպանված վիճակագրական տարբեր աղբյուրները։ Ընդ որում, այս տարածքներում բացառապես թյուքական տարր չի ապրել և ամբողջովին խիտ բնակեցված է եղել թաթերով։

Այսպես՝ Կազանի, ապա նաև Պետերբուրգի համալսարանների պրոֆեսոր Իլյա Բերեզինը 1850թ.-ին հրատարակած «Ճանապարհորդություն Դաղստանով և Անդրկովկասով» աշխատանքում, խոսելով Բաքվի նահանգության բնակչության մասին, գրում է. «Բաքվի նահանգը բնակեցված է մեծամասամբ շիական ուղղության մահմեդականներով։ Բաքվի միայն 6 գյուղեր են բնակեցված թյուրքական ցեղերով, մնացած բոլոր բնակավայրերում պարսիկներ են ապրում։ Քաղաքում, բացի ռուսական ծառայողներից, կան մինչև 200-ի հասնող հայկական տներ։ Բաքվի ամբողջ պարսկական բնակչությունը խոսում է հատուկ պարսկական բարբառով՝ թաթերենով, որը գործածվում է նաև Դաղստանի տարբեր վայրերում»։ Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա ըստ «ԽՈՉՍՈջրՍՌռ ՍՈսպվՊՈՐՖ»-ի 1894թ. համարի՝ Ադրբեջանում ապրում էր 124.693 թաթ, որից հետո, այսպես կոչված, «ադրբեջանական հանրույթի» ձևավորմանը զուգահեռ, վիճակագրական տվյալներում տեսնում ենք թաթական բնակչության թվաքանակի շարունակական նվազում, որն ավելի մեծ թափ է ստանում խորհրդային, ապա նաև հետխորհրդային Ադրբեջանում։ Արդյունքում` ադրբեջանական վերջին մարդահամարը այստեղ գրանցել է ընդամենը 25.200 թաթերի, այն դեպքում, երբ միայն Լահիջում և մերձակա մի քանի բնակավայրերում 2005թ. ամերիկյան հետազոտողները արձանագրում են 15.000 թաթ։ Բորիս Միլլերը 1929թ. հրատարակած իր աշխատությունում («ՁՈՑօ, Ռւ ՐՈրրպսպվՌպ Ռ չՏՉՏՐօ») հենվելով տարածքային գործկոմների վիճակագրության վրա՝ գրանցում է 225 թաթական (մահմեդական) բնակավայր ամբողջ Ադրբեջանի տարածքում։ Եվ նրանց որևէ զանգվածային արտագաղթ Ադրբեջանի տարածքից պատմությանը հայտնի չէ և եթե գործի դնենք վիճակագրական հաշվարկի այն այլընտրանքային ձևերը (առնվազն 5 սերնդի աճ՝ սկսած 1894թ.-ից, ծնելիության բարձր մակարդակ), ապա այսօր Ադրբեջանի Հանրապետությունում ապրում է ըստ էության ավելի քան մեկ միլիոն ծագումով թաթ բնակիչ: Ի դեպ, թաթերի մեծ մասը, հարկադրանքի պայմաններում դառնալով ադրբեջանախոս, այնուամենայնիվ չի զրկվել իր ազգային ինքնագիտակցությունից։

Թաթերը համարվում են «անթեղված ինքնություն» կրող էթնոսներից, և տարածաշրջանային որոշակի զարգացումներ կարող են շիջել թաթերի «ինքնությունը»: Նույնիսկ չլինելով մայրենի լեզվի կրողներ, բազմաթիվ ադրբեջանախոս թաթեր պահպանում են իրենց էթնիկ ինքնագիտակցությունը։ Բորիս Միլլերը դեռևս 20-րդ դարի առաջին քառորդին նշում է, որ թաթերին թյուրքախոս է դարձնում դպրոցը։ Մյուս կողմից այստեղ առկա են պետական ձուլման քաղաքականության տարբեր մեխանիզմներ, որոնցից արժի հիշատակել պանթյուրքիստական գաղափարախոսության ազդեցությամբ ձևավորված ոչ թյուրքական ազգերի լեզուն քամահրանքի և ծաղր ու ծանակի առարկա դարձնելը։ Օրինակ` Ապշերոնում պատմում են ոմն պանթյուրքիստ Ահմեդ Քեմալի մասին, որը, 20-րդ դարի սկզբին դասավանդելով Բալախանում, ամեն կերպ իր աշակերտների մեջ քամահրանք էր սերմանում սեփական լեզվի հանդեպ: Եվ հենց նրա ազդեցությամբ տեղի ունեցավ Նարդարան և Բուզովնա բնակավայրերի թաթերի անցումը թաթական լեզվից թյուրքերենի։ Նույնը տեսնում ենք նաև քրդերի դեպքում։ Ըստ Բուկշպանի՝ Ադրբեջանում քրդերի լեզվի հանդեպ ծաղր ու ծանակը հասել էր այն աստիճանի, որ երկլեզվության փուլ ապրող մի քանի քրդական գյուղեր երդվում են այլևս չխոսել քրդերեն և անցնում են թյուրքախոսության։

Այսօր Ադրբեջանի Հանրապետությունում ամենախիտ բնակեցված բնակավայրը Լեռնային Շիրվանում (Իսմայլիի շրջան) գտնվող Լահիջն է, որի բնակչությունը, խոսելով թաթերեն և պահպանելով թաթական ինքնագիտակցությունը, կարող է որոշակի նախադրյալների դեպքում դառնալ համաթաթական զարթոնքի օջախ։

ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասպիրանտ (թաթագետ)

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


20/02/2014