Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՂԲՈՐՍ ՆՄԱՆ



Հրաչը՝ մեծ եղբայրս, արդեն յոթ ամիս է, ինչ ծառայում է հայկական զինված ուժերում: Նրա բացակայության առաջին օրերը շատ դժվար էին բոլորիս համար, բայց ամենից շատ մայրս էր անհանգիստ: Անընդհատ ասում էր. «Տեսնես` տեղը տա՞ք է, հարմարվե՞ց, սոված չի՞»: Բայց հետո, երբ եղբորս ուրախ ու զրնգուն ձայնը լսեց, հանգստացավ. «Մամ ջան, հանկարծ չմտածես, ամեն ինչ լավ է: Հրամանատարներս շատ լավ մարդիկ են, զինվորները ընտիր տղերք են: Մեզ լավ դիմավորեցին, լավ էլ տեղավորվել ենք»:

Մտածում էինք` եղբայրս այդպես է ասում` մեզ, մամային հանգստացնելու համար, բայց երբ երդման արարողությանը մասնակցեցինք, երբ ծանոթացանք զորամասին՝ հրամանատարներին, զինվորներին, կենցաղային պայմաններին, համոզվեցինք, որ իսկապես էլ լավ զորամասում է ծառայում, և ինչ էլ որ ասում էր` իրականությանը համապատասխանում է: Մայրիկը, մեկ է, չէր հանգստանում. «Տեղդ տա՞ք է»: Երբ մի քանի անգամ նույնը կրկնեց, եղբայրս ասաց. «Մա՛մ, բանակում ավելի կարևոր բաներ կան, քան կենցաղային պայմանները: Ես մտածում եմ լավ զինվոր լինելու մասին, զինվորական լավ մասնագիտություն ձեռք բերելու մասին, դու ասում ես` տեղդ տա՞ք է»:

Ես եղբորս շատ եմ սիրում և միշտ էլ փորձել եմ նրան նմանվել, բայց այդ օրը շատ ավելի սիրեցի: Եվ սիրեցի այն ամենը, ինչը եղբորս շրջապատում էր` զորանոցը, զինվորական հագուստը, զինվորական շարքը…

Հիմա դուք ասացեք` իմաստ ունի՞ ինձ հարցնել` ծառայելո՞ւ եմ, թե ոչ…

Գոռ Արևշատյան
ԵՊՀ հումանիտար քոլեջի ուսանող

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Բանակ և հասարակություն


20/02/2014