Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



1941թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը գերմանական ֆաշիզմի վերմախտը, խախտելով միմյանց վրա չհարձակվելու մասին խորհրդա-գերմանական պայմանագիրը, առանց պատերազմ հայտարարելու, գաղտագողի հարձակվեց ստեղծագործ խաղաղ աշխատանքով զբաղված Խորհրդային Միության վրա։ Սկսվեց 1418 օր ու գիշեր տևած արյունահեղ Հայրենական մեծ պատերազմը, որը միայն մեր հանրապետությունից խլեց մոտ 600 հազար մարդու կյանք, որոնց թվում նաև սևանցիներ։ Դեռևս նոր կազմավորված այս փոքրիկ շրջանից ռազմի դաշտ մեկնեցին ավելի քան 4000 մարտիկներ (49 կանայք), որոնք քաջաբար պայքարեցին գերմանական ֆաշիզմի դեմ և բարձր պահեցին խորհրդային զինվորի պատիվն ու հեղինակությունը, հազարավոր անմոռաց հերոսական էջեր գրեցին Հայրենական մեծ պատերազմի քառամյա տարեգրության ոսկե էջերում։

Սկիզբը՝ նախորդ համարներում

Լեյտենանտ Մաթևոսյանին այդպես էլ չի հաջողվում հասնել ռազմաճակատի գիծ և միանալ մեր նահանջող զորքին։ Նա իր փոքրաթիվ զինվորներով կանգ է առնում Մինսկի մարզի Ռուդլենսկի անտառներում, ապաստան գտնում տեղի գյուղացիների մոտ, պատրաստվում անցնել պարտիզանական պատերազմի։ Այսպես սկսվում է Խ. Մաթևոսյանի և իր ջոկատի պարտիզանական պայքարի փառավոր պատմությունը։ Օր օրի ավելանում էր ջոկատի անդամների թիվը։ 1942թ. սկզբներին ջոկատի շարքերում կար մոտ 150 պարտիզան։

Ջոկատը հարմար դիրքեր է գրավում Վոլչի Օստրով անտառում եւ մայիսի 7-ին ընդունում է մարտը։ Թշնամին կորցնում է 50 զինվոր ու սպա։ Պարտիզանական շարժման շտաբը պաշտոնապես ճանաչում է ջոկատը և նրան տալիս քաղաքացիական կռիվների հերոս Չապաևի անունը։ Ջոկատի հրամանատար է ընտրվում Խաչիկ Մաթևոսյանը, կոմիսար՝ Ֆեոդոր Շխատյակովը։ Նրանց ղեկավարությամբ ջոկատը փառավոր էջեր է գրում։ Ջոկատը ահ ու սարսափի մեջ էր պահում գերմանացիներին։ Նշենք մի դրվագ ջոկատի գործողություններից… Բելառուսական Զդան գյուղի և Շացկ քաղաքի գերմանական խոշոր կայազորին էին միացել տեղի ոստիկանական զորամասերը, և Շացկի կայազորը ամենաամրացված ու վտանգավորն էր, անհրաժեշտ էր կազմալուծել և ոչնչացնել։ Դրա համար չապաևականները Շացկի ոստիկանության և խաղաղ բնակչության շրջանում ծավալում են բանավոր և տպագիր քարոզչություն։

Հատկապես մեծ ազդեցություն է գործում ջոկատի հրապարակած մարտական թերթը: «Շացկի՝ ոստիկան, դու հայրենիքի դավաճան ես։ Դու թշնամու ձեռքից զենք ստացար և այն ուղղեցիր եղբորդ, մորդ և քրոջդ դեմ։ Դու դարձար հիտլերյան ֆաշիզմի ակտիվ օգնականը, որն արյունով հեղեղեց քո հարազատ Բելառուսիան… Դու Հիտլերի ձեռքում շղթայված շուն ես, որը քեզ հարկադրում է կրծել քո հարազատ ու արյունակից ժողովրդի կոկորդը։

…Մոտ է հատուցման ժամը, եւ մենք կհաղթենք։ Ոչնչացրեք ձեր սպաներին և զենքը ձեռքներիդ անցեք մեր կողմը։ Երաշխավորում ենք ձեր անվտանգությունը։ Չապաևի անվան պարտիզանական բրիգադի հրամանատար, լեյտենանտ Մաթևոսյան»,- կոչ էր անում թերթը։

Մաթևոսյանի գլխավորությամբ ջոկատը թափանցում է Շացկ, ջախջախում գերմանական կայազորը, իսկ ոստիկանները խմբերով կամավոր հանձնվում են պարտիզաններին։ Չապաևի անվան պարտիզանական ջոկատը վերակազմավորվեց բրիգադի։

Խաչիկ Մաթևոսյանի ծառայությունները բարձր գնահատվեցին, նա պարգևատրվեց Կարմիր դրոշի, Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի և ուրիշ շքանշաններով ու մեդալներով։ Պատերազմի ավարտից հետո Խ. Մաթևոսյանը մնաց Մինսկում և ակտիվորեն մասնակցեց քաղաքի վերականգնման աշխատանքներին։ Նրան շնորհվեց «Մինսկի պատվավոր քաղաքացու» կոչում։

♦♦♦

Նմանօրինակ փաստերը շատ-շատ են, անսահմանափակ, որոնք մեր վետերանների միջոցով փոխանցվում են եկող սերունդներին, որպեսզի վառ պահեն հայրենասիրության ոգին։ Սևանցիներն անմասն չմնացին նաև Արցախյան ազատամարտի օրերին. հարյուրավոր սևանցիներ իրենց հայրերի օրինակով պայքարեցին ադրբեջանցիների դեմ և հերոսական էջեր գրեցին Արցախյան ազատամարտի տարեգրության ոսկե մատյանում։ Երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության վառ օրինակ ցույց տվեց սևանցի գնդապետ Վլադիմիր Կարապետյանը, որը ծառայում էր Ռուսաստանում, զբաղեցնում էր բարձր պաշտոն, ուներ ապահով կյանք։ Բայց նա ամեն ինչ թողեց, եկավ Հայաստան՝ հող հայրենին պաշտպանելու, սակայն թշնամու դեմ մղված մարտերից մեկի ժամանակ նա մահացու վիրավորվեց։ Նրա դին բերվեց ու թաղվեց իր ծննդավայր Սևան քաղաքի գերեզմանատանը։ Այժմ Սևանի կենտրոնական հրապարակներից մեկը կոչվում է Վլ. Կարապետյանի անմահ անունով, որտեղ դրված է նրա կիսանդրին։ Սևանցի նորակոչիկներն ամեն զորակոչի այցի են գնում գնդապետի հուշարձանին, երդվում ազնվորեն ծառայել հայկական բանակում, ծառայել այնպես, ինչպես ծառայեցին իրենց պապերն ու հայրերը։

Հ.Գ.- Այս օրերին լայն նախապատրաստական աշխատանքներ են տարվում 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի տարած պանծալի հաղթանակի 70-ամյակն ըստ արժանվույն նշելու ուղղությամբ։ Մեր վետերաններն այսօր էլ շարունակում են իրենց հարուստ մարտական փորձն ու հմտությունները փոխանցել երիտասարդությանը։

ՎԱԶԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Պատերազմի և աշխատանքի վետերանների Սևանի համայնքային

խորհրդի նախագահ

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Պատմության էջերից


20/02/2014