Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐԵՆԻԻ ԴԱՍ… ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



Արդեն ավանդույթ են դարձել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի սպայական և տարբեր ուսումնական հաստատությունների ուսուցչական անձնակազմերի հանդիպումները ուսումնական հաստատություններում և զորամասերում:

Նմանատիպ մի դասախոսություն կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկում: Այստեղ էին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության օլիմպիական հերթափոխի Պետական մարզական քոլեջի փոխտնօրեն, Հայաստանի վաստակավոր ուսուցչուհի Անահիտ Խալաթյանը, զինղեկ, փոխգնդապետ Լևոն Խաչատրյանն ու հայոց լեզվի ուսուցչուհի Արմինե Խալաթյանը:

Անահիտ Խալաթյանը իր խոսքում, մասնավորապես՝ նշեց. «Մեր հոգու ամենամեծ գանձը մեր լեզուն է` հայերենը: Վա՛յ նրան, ով կկորցնի կամ կմարի այն: Օտար լեզուները մենք հասկանում, սովորում և հիշում ենք, բայց մեր լեզվի բառերը մեր հոգուց են բխում»:

Դիմելով զինվորականներին` նա ասաց. «Ինչպես զինվորական գործն եք սրբությամբ կատարում, պահպանում մեր հայրենիքը, այնպես էլ յուրաքանչյուր հայ ու հայրենասեր հիացմունքով և անմնացորդ նվիրումով պետք է պահի ու պահպանի մեր հրաշք լեզուն` հայերենը, մեր հոգու գանձը»:

Այնուհետև Արմինե Խալաթյանը բոլորին ցուցադրական նյութերի միջոցով ծանոթացրեց հայոց լեզվի վերջին ժամանակներս տեղի ունեցած քերականական փոփոխություններին:

Վերջում զորամասի սպայական, ենթասպայական ու պայմանագրային անձնակազմը ստուգարք հանձնեց` թելադրություն գրելով հայոց լեզվից:

Հանդիպումը Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ու կրթական ոլորտի ներկայացուցիչների միջեւ անկեղծ երկխոսության վերածվեց, որը մայրենի լեզուն անաղարտ պահելու, պահպանելու, զինված ուժերում փողոցային բարքերի ու արատավոր երևույթների դեմ պայքարելու նպատակ էր հետապնդում:

Նմանատիպ միջոցառումները պետք է շարունակական լինեն, քանզի բանակն ու ժողովուրդը մեկ միասնություն են, և մատաղ սերնդին հայեցի կրթելու, հայրենիքի պաշտպան դաստիարակելու ամենագործուն միջոցներից առաջինը մաքուր, անաղարտ հայոց լեզուն է:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Բանակ և հասարակություն


20/02/2014