Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԵՆՔ



Սյունիքի մարզի Կապան քաղաքի N7 հիմնական դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակությունը ուսումնական ծրագրի կարևորագույն մասն է: Սակայն մենք չենք սահմանափակվում միայն աշակերտներին բանակային ծառայությանը պատրաստելով և ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն առարկայի ուսուցմամբ:

Դպրոցում հաճախ են կազմակերպվում հանդիպումներ Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի մասնակիցների և զորամասերի սպաների և զինվորների հետ: ՀՕՊ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ս. Գրիգորյանը 9-րդ դասարանի աշակերտներին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը. մեր ամրոցում` մեր օրենքներով կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» ուղերձը: Շեշտվեց հատկապես հետևյալ միտքը` «Հայրենիքի պաշտպանը միայն զինվորն ու սպան չեն, հայրենիքի պաշտպան են աշակերտն ու ուսուցիչը, բանվորն ու հողագործը, նա, ում համար հայրենիքն արժեք է: Միայն որակյալ ուսուցմամբ կարելի է հակառակորդի նկատմամբ պահպանել գերազանցությունը»: Աշակերտը, ապագա զինվորը չպետք է լինի միայն ռազմական գիտելիքների կրող: Պետք է նրան հաղորդակից դարձնել նաև ազգային ու համազգային արժեքներին, օժտել մտավոր և ֆիզիկական ներուժով:

Հայոց հզոր բանակի ծննդյան և մայիսյան հաղթանակների տոնական օրերը դպրոցում նշվում են մեծ հանդիսությամբ և խանդավառությամբ: Դասղեկները պարբերաբար արիության դասեր և բազմաբնույթ միջոցառումներ են անցկացնում:

Նման միջոցառումները, հանդիպումները և այցելությունները նպաստում են դպրոցականների հայրենասիրական դաստիարակությանը: Ավագ սերնդի սխրագործությունները, հայրենիքի պատմական անցյալի հերոսական էջերը, հայ փառապանծ զինվորականների անցած ճանապարհը հպարտությամբ են լցնում նրանց սրտերը, սեր արթնացնում հայրենիքի, սեփական ժողովրդի, լեզվի, մշակույթի հանդեպ:

Մեր շրջանավարտներից շատերը սովորել են Վ. Սարգսյանի անվան և ՌԴ ռազմական ինստիտուտներում և հիմա պատվով ծառայում են ՀՀ զինված ուժերում: Տասնյակ շրջանավարտներ անցել են պայմանագրային ծառայության: Դպրոցի տնօրեն տիկին Կ.Հովսեփյանը և ուսուցչական կազմը ջանում են աշակերտների մեջ սերմանել հայրենիքին անմնացորդ ծառայելու ցանկություն, սեր ռազմական գործի նկատմամբ: Եվ մեր աշակերտները ավագ դպրոց են ոտք դնում որպես հայրենիքին նվիրված գիտակից քաղաքացիներ:

Մեր երկիրը փոքր է, բայց մենք հզոր ենք, քանի որ, ինչպես ՀՀ պաշտպանության նախարարն է ասում իր ուղերձում՝ «Անհրաժեշտության դեպքում ե՛ւ զինվորը, ե՛ւ առաջին գծի բնակիչն ու զինծառայողը, ե՛ւ ՀՀ քաղաքացին նույն հարթության վրա են եւ անհրաժեշտության դեպքում միասնաբար նույն խնդիրն են կատարելու` բանակի, դպրոցի, բուհի, պետական ու հասարակական կառույցների միասնականության շնորհիվ»:

Բանակը մեր տունն է, մեր ամրոցը:

ՎԼԱԴԻՍԼԱՎ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Անդրանիկ Մարգարյանի անվան

N7 հիմնական դպրոցի զինղեկ

ք. Կապան

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Բանակ և հասարակություն


20/02/2014