«ՌԻՍԿԸ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՐՆ Է, ԻՍԿ ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՅՐԸ»
Արցախյան ազատամարտի մասնակից, մարտական պարգեւների արժանացած ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Սարգսյանը հեղինակել է «Ռազմական հետախուզության հոգեբանական խնդիրները» ուսումնական ձեռնարկը:
Գրքույկն արժեքավոր է նրանով, որ հեղինակը Արցախյան պատերազմի մասնակից է, և հեղինակած հետազոտության հիմքում ընկած է նրա մարտական փորձը: 1992 թ. հուլիսին, երբ ադրբեջանական զինված կազմավորումները և նախկին խորհրդային զորքերը ձեռնարկում են լայնածավալ հարձակում, Ա. Սարգսյանն իր ջոկատով ընկնում է շրջապատման մեջ և կամա թե ակամա հարկադրված է լինում հակառակորդ ուժերի ճամբարում իրականացնել խափանարար-հետախուզական գործողություններ: Անհրաժեշտ է փաստել, որ մեր օրերում հազվադեպ են պատահում ուսումնասիրություններ, որոնցում միաժամանակ զուգակցվում են և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքները:
Ա. Սարգսյանը հետազոտության նախաբանում հիմնավորում է ուսումնասիրության նպատակն ու խնդիրները: Նրա համոզմամբ՝ թեև ժամանակակից զինված ուժերը հագեցվում են նորագույն տեխնիկայով ու սարքավորումներով, այնուամենայնիվ, չի կարելի նսեմացնել մարդկային գործոնի նշանակությունը, որից էլ մեծապես կախված է մարտական գործողության հաջողությունը:
Մարտական գործողությունների ժամանակ զինվորի, այդ թվում՝ հետախույզի վրա, ազդում են բազմաթիվ գործոններ, որոնք մի շարք դեպքերում կարող են նպաստել մարտական հատկությունների բարձրացմանը, իսկ որոշ դեպքերում՝ նվազմանը. «Ժամանակակից մարտը զինվորին պարտադրում է ֆիզիկական և հոգեբանական հնարավորությունների ծայրահեղ լարվածություն: Առաջին հերթին մարտը արտակարգ իրադրություն է, որն իրական սպառնալիք է կյանքի համար»: Ցանկացած մարտական գործողություն, որքան էլ խնամքով ու մանրամասն մշակված լինի, մշտապես ենթակա է փոփոխության: Ըստ Ա. Սարգսյանի` «Մարտի ընթացքում զինվորի հոգեկան աշխարհում կատարվող փոփոխությունները չի կարող կանխատեսել անգամ մանրամասն մշակված ոչ մի ռազմական պլան, որքան էլ այն հանճարեղ լինի»: Այստեղից բխում է՝ «անհրաժեշտ է ունենալ մարտի հոգեբանական մոդել»:
Ելնելով վերը նշվածից՝ Ա. Սարգսյանը կարևորում է ռազմական հոգեբանի դերը: Նման մասնագետի անհրաժեշտությունը վաղուց գիտակցել են «մի շարք երկրներում, որտեղ գործում են ռազմական հոգեբանության համալսարաններ, և զինված ուժերում հաջողությամբ իրենց գործունեությունն են իրականացնում հոգեբանական նշանակություն ունեցող հատուկ ստորաբաժանումները»: Հետևություն՝ զինված ուժերը չեն կարող արդյունավետ գործել առանց հոգեբանական ծառայության:
Հեղինակը քննում է նաեւ վախի դրսևորումը մարտական իրավիճակներում: Նրա համոզմամբ՝ չի կարելի միանշանակ պնդել, որ վախը զուտ բացասական հույզ է. «Այն ունի իր դրական կողմերը ևս: Այն, ինչը մենք անվանում ենք զգուշություն, իրականում վախի դրսևորման մեղմ տեսակ է, որն անհրաժեշտ է ցանկացած մարդուն, հատկապես՝ զինվորին: Սակայն վախի բարձրագույն աստիճանը մարտի դաշտում չի արտահայտվում, քանի որ նման իրադրությունում ցանկացած զինվոր իր կողքին տեսնում է մարտական ընկերներին: Պատկերը կտրուկ փոխվում է, երբ մենք անդրադառնում ենք ռազմական գործունեության այնպիսի ոլորտի, ինչպիսին հետախուզությունն է»:
Ընդհանուր առմամբ, վախն առաջանում է այնպիսի իրադրություններում, երբ մարդը սովոր չէ ինքնուրույն գործել: «Հետախույզի հոգեբանական պատրաստվածության ասպարեզում մեծ տեղ պետք է հատկացվի ինքնուրույն գործելու կարողության զարգացմանը: Հետախույզի համար ամենակարևորը սեփական հույզերը վերահսկելն է: …Ռազմական հետախույզը, բազմակողմանի գիտելիքներ ունենալուց զատ, առաջին հերթին պետք է օժտված լինի հուզական բարձր կայունությամբ: Իհարկե, հուզական կայունությունը չի ենթադրում վախի իսպառ բացակայություն»:
Առաջնահերթ է՝ ռազմական հետախուզության համապատասխան ստորաբաժանման մեջ ընդգրկված զինծառայողներին վարժեցնել այնպես, որ վախի զգացումը չվերածվի սարսափի: Հետախույզը «պետք է գիտակցված գնա ռիսկի: Միայն այդ դեպքում վախը չի կաշկանդի նրան: Մարդը չի վախենում, երբ գիտի, թե հանուն ինչի է գործում»:
Աշխատության «Վախի հաղթահարման հոգեբանական մեթոդները» մասում Ա. Սարգսյանը քննում է այն մեթոդները, որոնք օգնում են զինծառայողին հաղթահարելու վախը: Որպես պարզագույն օրինակ նա վկայակոչում է վաղնջական ժամանակներից կիրառվող մեթոդը:
Բոլորին է հայտնի՝ մարդու հոգեբանության վրա դեռ մանկուց ազդում է մութը, որն ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Ինչո՞ւ: Ա. Սարգսյանի բնորոշմամբ՝ «Խավարը քողարկում է մեզնից իրական աշխարհը, և մենք խարխափում ենք խավարում, որոնում ենք շրջապատը տեսանելի դարձնելու հնարավորություններ: Անորոշությունը տագնապ է ծնում, որը կարող է ամբողջովին կլանել մարդուն՝ կամազուրկ էակի վերածելով նրան»: Ուստի առաջնահերթ է պարզաբանել հետախույզին, որ մթությունը իր ամենահավատարիմ դաշնակիցն է, քանի որ հնարավորություն է տալիս աննկատ գործելու հակառակորդի տարածքում:
Վախի պատճառներից մեկն էլ անհայտությունն է: Սակայն, պետք է հաշվի առնել, որ նույն վախը հետապնդում է նաև հակառակորդին: Համապատասխան զրույցների կամ դասախոսությունների ընթացքում անհրաժեշտ է պարզաբանել հետախույզին, որ հակառակորդի զինծառայողներն ավելի շատ են վախենում հետախույզից, «քանի որ հետախույզը վերածվում է որսորդի», իսկ իրենք՝ որսի: Վերջինս անընդհատ պետք է զգուշանա, քանի որ չգիտի՝ որտեղից և երբ սպասի հարձակման: Հակառակ նրա՝ հետախույզը վաղօրոք պլանավորում է իր գործողությունները՝ ընդհուպ նահանջի ուղիները: Ահա այս միտքը պետք է ամրապնդել ռազմական հետախույզի գիտակցության մեջ: Նա շատ ավելի առավելություններ ունի, քան հակառակորդը:
Ինչպես իրավացիորեն նշում է Ա. Սարգսյանը՝ խորհուրդ տալուց դյուրին բան չկա, ուստի անհրաժեշտ է տեսական գիտելիքները կիրառել գործնականում, որը հնարավորություն կտա հաղթահարելու վախը:
Հեղինակը կարևորում է զինված ուժերում կարգապահության ամրապնդումն ու ապահովումը: Բանակում հնարավոր չէ կիրառել քաղաքացիական միջանձնային փոխհարաբերություններ: Վկայակոչելով իր մարտական փորձը՝ Ա. Սարգսյանը հաստատում է, որ՝ «Կարգապահությունն ինքնին զինվորական ստորաբաժանումներում շատ հաճախ դառնում է վախի հաղթահարման գործուն մեթոդ»:
Ուսումնասիրության «Բացասական հուզական վիճակների հաղթահարման մեթոդները» մասում Ա. Սարգսյանը քննում է զինծառայողների շրջանում բացասական հուզական վիճակների հաղթահարման ուղիները: Նրա համոզմամբ՝ զինծառայողին առավել անհանգստացնողը անորոշությունն է, որի հետևանքով առաջանում են գերլարվածություն ու տագնապ: «Զինվորները նախընտրում են իմանալ ճշմարտությունը՝ ինչպիսին էլ այն լինի»: Որպեսզի զինծառայողը լինի հոգեբանորեն պատրաստված՝ անհրաժեշտ է ազատվել մի շարք բացասական սովորույթներից, որոնցից է, օրինակ՝ չարդարացված խստությունը: Նման պայմաններում զորամասում կամ ստորաբաժանումում կհաստատվի կարգապահության պատրանք:
Ա. Սարգսյանի կարծիքով, երբ ստեղծվում էր Հայոց բանակը, նպատակահարմար էր ունենալ զինված ուժերի հայեցակարգ, ինչի համար այն ժամանակ չկային անհրաժեշտ միջոցներ, քանի որ հայ ժողովուրդը հարկադրված էր պաշտպանվել հակառակորդի հարձակումներից: Նրա համոզմամբ՝ առաջին հերթին պետք է ստեղծել հոգեբանական ապահովման ստորաբաժանումներ, որոնք կոչված կլինեն «բարձրացնելու զինծառայողների մարտական ոգին, արմատախիլ անելու միջանձնային արատավոր դրսևորումները, վերացնելու վտանգավոր հուզական հոգեվիճակները: Ինչ խոսք, նման ստորաբաժանումներում ծառայել ցանկացողները պետք է ունենան ոչ միայն մասնագիտական խորը գիտելիքներ, այլև սեփական փորձով ծանոթ լինեն զինվորական ծառայությանը»:
Հետախուզական ստորաբաժանումը մարտական գործողության նախապատրաստելն սկսվում է մարտական խնդրի առաջադրմամբ, որն էլ պետք է ունենա մի քանի տարբերակ, քանի որ հետախուզական խումբը կարող է բախվել անկանխատեսելի, իրավիճակային փոփոխությունների: Ինչպես նշում է Ա. Սարգսյանը. «Մարտական առաջադրանքը պետք է ունենա հիմնական գերխնդիր: Օրինակ՝ հակառակորդի հաղորդակցության միջոցները կամ տեխնիկան շարքից հանելը, «լեզու» գերի վերցնելը և այլն: Մեծ հաշվով՝ առաջադրանքի հիմնական նպատակը հակառակորդի թիկունքում խափանարար գործողությունների ծավալումն է»: Միաժամանակ, հիմնական առաջադրանքին զուգահեռ, կարող են լինել լրացուցիչ հանձնարարություններ՝ հակառակորդի զորամասերի և տեխնիկայի տեղակայման, հիմնական ուժերի կենտրոնացման վայրը պարզելը և այլն: Հեղինակը հատկապես կարևորում է հակառակորդի ռազմական պահեստների հայտնաբերումը, օդանավակայանների լուսանկարումը և այլն:
Հակառակորդի տարածքում խումբը պետք է մշտապես զգուշանա դարաններից: Հեղինակի գնահատմամբ՝ «հատկապես անկանխատեսելի են, այսպես ասած, «կույր երթուղիները», այսինքն՝ թշնամու տարածքի քիչ ուսումնասիրված վայրերը:
Մարտական առաջադրանքի հաջող ավարտը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպես կմշակվեն և կքողարկվեն նահանջի ճանապարհները: Հեղինակը ներկայացնում է նահանջի քողարկման և գերուն հարցաքննելու, կորզված տեղեկությունների ճշմարտացիությունն ստուգելու մի քանի մեթոդներ:
Ա. Սարգսյանը ռազմական հետախույզի մասնագիտությունը որակում է որպես «Էլիտար զինվորական մասնագիտություն: Եթե զինվոր դառնում են, ապա հետախույզ ծնվում են»: Նա գտնում է, որ ռազմական հետախույզի մասնագիտությունը խիստ կարևոր է մեր զինված ուժերի համար, ուստի այն պետք է անընդհատ կատարելագործվի:
Կարծում ենք՝ Ալեքսանդր Սարգսյանի հեղինակած «Ռազմական հետախուզության հոգեբանական խնդիրները» ուսումնական ձեռնարկը օգտակար կլինի ՀՀ զինված ուժերի հետախուզական ծառայությունների մարտիկներին:
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր