ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵԿՄ 10-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Սրբազա՛ն հայրեր,
Սիրելի՛ մարտական ընկերներ,
Հարգելի՛ զինակիցներ,
Սիրով ողջունում եմ համագումարի մասնակիցներին և ի դեմս ձեզ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգով և գործով երկրապահ են:
Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է: Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է: Լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ո՛չ կարողություն և ո՛չ էլ հնարավորություն: Ահա այս մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար հանուն Ղարաբաղի:
Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ. պարբերաբար թեժացնել իրավիճակը և բորբոք պահել յուրաքանչյուր հայի ու ողջ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության կրակը: Հակահայկականությունը այն առանցքային գաղափարն է, որի շուրջ փորձում են համախմբել նոր ադրբեջանական ազգը և որի շուրջը փորձում են ձևավորել նրա այսպես կոչված «ազգային գաղափարախոսությունը»: Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ: Սա մեզ համար դժվար հասկանալի իրողություն է, որովհետև «հայրենասիրություն» ասելով հայերը հասկանում են բոլորովին այլ բան:
Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի պաշտոնական օրացույցում հունվար և փետրվար ամիսները գերծանրաբեռնված են «սև» օրերով: Թե ինչու է այդպես ստացվել, այլ հարց է, բայց նրանք դրա համար մեղադրում են հայերին և աշխարհում բոլորին, բայց ոչ իրենց: Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն գործողության փորձը, որ անփառունակ վախճան ունեցավ, հենց հունվարի 20-ին էր: Հունվարի 20-ի մասին ես միայն մի բան կասեմ. Ադրբեջանի իշխանություններին դեռևս հաջողվում է իր ժողովրդի համար կեղծել անգամ հունվարի 20-ի դասերը: Մինչդեռ իրականությունը միշտ էլ ջրի երես դուրս գալու հատկություն ունի, իսկ մեղքն ուրիշների վրա բարդելը երկար կյանք չի ունենում սովորաբար: Բաքվի հայերի ջարդերի գագաթնակետը Բաքվի հայկական եկեղեցու հրկիզումն էր ամբոխի կողմից: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ խորհրդային զորքը Բաքու չէր մտել: Սա է իրականությունը, և բաքվեցիներն այդ մասին շատ լավ գիտեն:
Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Այրել խաղաղության կամուրջները: Բացառել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման և փոխհասկացողության հնարավորությունները: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի պարզ մարդիկ կարողանան գոնե լիասիրտ բարևել միմյանց: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ լինեն միմյանց ներելու, միմյանց ձեռք սեղմելու, պատրաստ լինեն խաղաղության: Ես սա համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար:
Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից: Որովհետև մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է: Փող և մարդասպանություն. ահա այս երկու փաստարկներն են, որ բերում է հակառակորդը մեզ և աշխարհի հետ հարաբերվելիս:
Հարգելի՛ երկրապահներ,
Իմ փաստարկը սեփական հողում սեփական քրտինքով արարելու իրավունքն է, իմ փաստարկը Հայոց բանակն է, իմ փաստարկը դուք եք և բոլոր այն հայորդիները, ովքեր հենց այսօր պատրաստ են զենք բռնել: Միանգամից ասեմ՝ համոզված եմ, որ դրա կարիքը չի լինելու: Չի լինելու հենց այդ պատրաստակամ կեցվածքի պատճառով, չի լինելու հենց այդ փաստարկի հզորության շնորհիվ: Չի լինելու, որովհետև 20 տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել, իսկ երբեմն (չնեղանաք) ավելի լավ, քան մենք:
Բոլոր այն մտահոգ խոսակցությունները, թե իբր մեր նոր սերունդը այլասերվում է, պակաս հայրենասեր է, պակաս պատրաստված և այլն, մնում են լոկ խոսակցություններ: Գրեթե ամեն օր կյանքը մեզ տալիս է հակառակը ապացուցող օրինակներ՝ ի դեմս մեր փայլուն երիտասարդների:
Ոչ ոք ձեզնից ավելի խորը չի պատկերացնում պատերազմ կոչվող չարիքը: Ուրեմն՝ դուք առաջինը պիտի լինեք սառնասրտություն և խաղաղություն քարոզելու գործում:
Մենք ուզում ենք ապրել, աշխատել և արարել: Մենք ուզում ենք, որ մեզ հանգիստ թողնեն, բայց նաև ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու: Արդեն անցել է գրեթե քսան տարի այն օրվանից, երբ զինադադար հայտարարվեց: Այս ընթացքում Արցախը բուժել է իր վերքերի մի էական մասը, ապրում է ու զարգանում, իսկ ներքին ազատության առումով ստանում է ավելի բարձր միջազգային գնահատականներ, քան Ադրբեջանը: Այստեղ Ադրբեջանի իշխանությունները խրոխտ զեկույցների համար նյութ չունեն: Եվ տեսանելի ապագայում չեն ունենալու: Սա է իրականությունը:
Բաքվի ռեժիմին թվում է, եթե մենք չենք թաքցնում մեր կորուստները, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք բաց հրապարակավ քննարկում ենք մեր երկրում եղած բոլոր դժվար խնդիրները, մենք թույլ ենք:
Նրանք չեն հասկանում, որ հենց դրանում է մեր ուժը: Չեն էլ կարող հասկանալ, քանի որ այդ արժեքներն իրենց հասու չեն:
Հենց դրա համար էլ մենք նրանց պես ողորմելի քարոզչություն վարելու կարիքը չունենք:
Հենց դրա համար էլ մենք հաղթել ենք:
Հենց դրա համար էլ մեր հաղթանակն անշրջելի իրողություն է:
Հարգելի՛ երկրապահներ,
Դուք ինքներդ վկան եք եղել, թե ինչպես Ադրբեջանը ժամանակին ընկավ իր իսկ քարոզչական ծուղակը՝ գերագնահատելով իր ուժը: Այստեղ նստածներից շատ-շատերը հիշում են, թե ինչպես 90-ական թվականների սկզբներին ով դառնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, իսկ դրանց թիվը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 5-ից ավելին էր, իր պարտքն էր համարում հաջորդ իսկ օրը հայտարարել, որ ինքն անպայման մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց հուրախություն մեզ և ի հեճուկս իրենց, ակնհայտ էր, որ Ստեփանակերտում նրանց որևէ մեկը չէր պատրաստվում թեյ հյուրասիրել: Որքան էլ զարմանալի է, այսօր մենք վկան ենք նույն ճոռոմախոս քարոզչությանը: Թող շարունակեն, դա, միևնույն է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Իրականության ոչ օբյեկտիվ գնահատականը որևէ մեկին լավ բանի չի հասցրել:
Մենք ունենք ծանր փորձություններով անցած հասուն այրեր և փայլուն երիտասարդություն: Մենք ունենք ազատ Հայաստան և ազատ Արցախ, որ պիտի դառնան ավելի ազատ: Մենք սիրում ենք կյանքը: Մենք ունենք ապրելու, մանավանդ լավ ապրելու մեծ ցանկություն: Եվ իրականություն ենք դարձնելու մեր ցանկությունը և հեռուներից հետ ենք բերելու մեր հարազատներին: Ոչ մի մարդասպան չի կարող կասեցնել հայ ժողովրդի հազարամյա երթը: Եղել են կասկածողներ, բայց նրանց նետերն ու նիզակները, փամփուշտներն ու ռումբերը, փողերն ու խարդավանքները բավարար չեն եղել: Վաղն էլ չեն բավականացնելու, որովհետև մենք սիրում ենք կյանքը, մենք սիրում ենք ազատություն:
Հարգելի՛ երկրապահներ,
Ձեզնից յուրաքանչյուրը շատ բան է տվել մեր երկրի, մեր հաղթանակի ու մեր խաղաղության համար, ձեզնից շատերն իրենց կյանքի փորձն են ներդրել բոլորիս հպարտություն Հայոց բանակի կայացման գործում: Փա՛ռք ու պատիվ ձեզ դրա համար:
Այսօր մենք այլ բան ունենք անելու: Այսօրվա մեր կռիվը մեր երկրի վերելքի համար է, հուսահատության ցանկացած դրսևորման դեմ է, հավատի համար է, աղքատության ճիրաններում հայտնված յուրաքանչյուր մեր հայրենակցի համար է, զարգացման նոր հնարավորությունների ու արդիական պետություն կայացնելու համար: Իհարկե, այս ամենը նախ և առաջ պետության պարտականությունն է: Բայց ակնհայտ է, որ միասնականությունը և համախմբումն է հաջողության հասնելու առաջին նախապայմանը:
Համարձակ գաղափարներ և հեռահար նպատակներ: Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ եռանդ, հետևողականություն ու նվիրվածություն: Գիտելիք ու ողջ կյանքում սովորելու պատրաստակամություն: Սեփական կարողությունների հանդեպ վստահություն: Ակնածանք՝ ժառանգած ու պատգամելիք արժեքների հանդեպ: Հարգանք ու հանդուրժողականություն յուրաքանչյուր հայրենակցի նկատմամբ: Համբերություն ու հաստատակամություն՝ դժվարությունները հաղթահարելու համար: Իմաստություն և խոհեմություն՝ հաղթանակների պտուղները ճաշակելիս: Այս ամենի ձևավորմանն ու կենսագործմանը նպաստող միջավայր: Եվ իհարկե՝ միասնություն ու սեր:
Մարտահրավերների ու վտանգների մեր օրերում, կայունության ու խաղաղության ծարավ մեր տարածաշրջանում երկրի վերելքը հնարավոր է հենց նման հատկանիշներով օժտված հայաստանցիների միասնական ջանքի շնորհիվ: Հենց այս հատկանիշների շնորհիվ դուք՝ ձեր սերնդի ողնաշարը, կարողացաք պահել-պահպանել երկիրը արհավիրքի ժամին: Հենց այս հատկանիշների շնորհիվ հայաստանցին կարողացավ ուղղել Խորհրդային Միության փլատակների տակ կքած իր մեջքը: Որակապես նոր հասարակություն, նոր տնտեսական ու քաղաքական հարաբերություններ ստեղծեց: Որոշեց ապրել ազատ ու ինքնուրույն: Կարողացավ դժվար որոշումներ կայացնել ու վճարել դրանց գինը:
Մեր ժողովրդին հաջողվեց պատերազմի ամենակուլ ճահճից երկիրը հանել և ուղղել դեպի մեծ աշխարհի անծայրածիր հնարավորություններով լի ջրերը: Շուրջ երկու տասնամյակ տևած այդ ուղին բարդ էր ու ծանր: Դեպի հնարավորությունների օվկիանոս տանող հորդառատ գետը մեզ սեղմում էր շրջափակման ափեզրին, սուզում էր աշխարհաքաղաքական գալարապտույտներում, զարկում հակամարտության խութերին ու քաշում ճգնաժամերի սահանքներն ի վար: Իսկ դժվարությունները ժամանակի ընթացքում միայն ավելանում էին: Անցումային փոխակերպումների հորձանքը լցվող վտակները բազմացնում էին վտանգներն ու բերում նորերը: Սակայն տարիների հետ մեծանում էր նաև այդ դժվարությունները հաղթահարելու մեր ունակությունը: Մենք ամրացանք ու նավարկել սովորեցինք հենց այդ հորձանուտներում:
Անցումային տարիների դժվարությունների հաղթահարումը ծանրացավ հենց ձեր սերնդի, մեր սերնդի ուսերին: Սակայն հիշենք նաև, որ երիտասարդ սերունդն այսօր կարող էր և ճաշակել միայն ու միայն հայրերի կորուստների ու դժվարությունների դառնությունը՝ առանց լուսավոր ժառանգության: Կարող էր ժառանգել բացարձակապես այլ՝ տկար ու խոնարհված երկիր: Եվ հաղթանակներն ու ձեռքբերումները կարող էին չլինել, եթե չլիներ ձեր մեծագույն հավատն ապագայի հանդեպ: Ձեր ու բոլոր տղերքի անմնացորդ նվիրվածությունն ու անձնուրաց պայքարը: Մինչև վերջին շունչը կանգնելու պատրաստակամությունն ու անկոտրում հաստատակամությունը: Եթե չլիներ վստահությունը վաղվա օրվա հանդեպ:
Եվ այսօր, նոր հնարավորությունների ու աննախադեպ հեռանկարների օվկիանոսին ընդառաջ մեր երկրի, մեր պետության, մեր հասարակության, հայաստանցու առջև ծառացել է մեր սերնդին քաջ ծանոթ մարտահրավերը: Հնարավորությունների օվկիանոսը թափվող հորձանքի գետաբերանում կրկին ապագան շղարշող անորոշությունների մշուշն է:
Մեր առջև հին հակառակորդն է: Վհատվածությունն ու հուսահատությունը: Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը: Հասարակության մյուս անդամների հանդեպ վստահության պակասը: Մշուշի մեջ և մշուշից անդին տեսնելու անկարողությունը: Հոգնածությունն ու անվճռականությունը: Սրանք են եղել մեր իրական թշնամին նախորդ տասնամյակներում: Սրանք են դարանել գալիքի ճանապարհին: Սրանց ենք հաղթելու մենք ու մերօրյա երիտասարդները:
Այո՛, մեծանում են անորոշությունները: Լայնանում է հնարավոր զարգացումների շրջանակը: Մեծանում են մեր քայլերի համար պատասխանատվության աստիճանն ու մեր որոշումների արժեքը: Մեր երկիրն ու հասարակությունը մտել են հասունության փուլ: Հարթակ է բարձրանում նոր սերունդ, որը չի տեսել ձեր պայքարի դժվարություններն ու չունի ձեր փորձը:
Սակայն հրապարակ մտնող այս սերունդը ծնվել է պատրանքների ճահճից դուրս: Ձևավորվել ու կայացել է հորձանքների մեջ: Նոր սերունդն ունի հին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ ուժ և եռանդ: Նոր հնարավորություններ: Հնարավորություններ, որոնցից զուրկ ենք եղել մենք: Եվ առավել քան երբեք, այս սերունդն այսօր ունի ձեր փորձի և իմաստնության կարիքը: Ունի վաղվա օրվա հանդեպ այն անխախտ վստահության կարիքը, որը ձեզ մտցրեց մեր պատմության դասագիրք: Վստահություն, որը ձեզնով լցրեց մեր նորօրյա էպոսի էջերը, ձեզ դարձրեց մեր թոռների հեքիաթների և պատմությունների հերոսն ու սերունդների պարծանքը:
Պետությունն այսօր նախաձեռնել ու իրականացնում է մեր երկրի ու հասարակության համար կենսական մի շարք կարևորագույն բարեփոխումներ: Դրանք կոչված են էականորեն կրճատելու մեզ բաժին ընկած ռազմավարական անորոշությունները:
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն այս առումով կարևորագույն նշանակություն ունեն: Դրանք ուղղված են հենց նոր սերնդի բարեկեցությանը: Եվ հավատացեք, հենց նման բարեփոխումներն են կոչված սեփական երկրին ամուր կապելու մարդուն: Հենց նման բարեփոխումներով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին:
Սակայն այս բարեփոխումների իրականացումը պահանջում է հավատ՝ երկրի վաղվա օրվա հանդեպ, պետության նկատմամբ վստահության պաշար և ապագան այստեղ` հայրենակիցների կողքին կառուցելու հաստատակամություն:
Երիտասարդ սերնդի հավատի, վստահության ու հաստատակամության պաշարը հարստացնելու գործում մեր սերնդի դերն անգնահատելի է: Սերունդների համերաշխությամբ ու փոխգործակցությամբ է հնարավոր միայն իրականացնել երկրի համար ճակատագրական այս բարեփոխումները: Միայն այս կերպ է հնարավոր հաղթահարել մեզ լավ ծանոթ մարտահրավերները, հաղթել մեր կողքին, մեզ հետ, երբեմն մեր մտքում ու հոգում ծվարած թշնամուն:
Հենց այս թշնամուն հաղթելու գործում հայրենիքը կրկին ունի ձեր կարիքը: Ձեր ուժը, ձեր իմաստնությունը, մարտական ուղով սրբագործված ձեր եղբայրության ոգին այսօր ավելի քան երբեք հարկավոր է երիտասարդ սերնդի ուժն ու հավատը, հույսն ու վստահությունը, սերն ու նվիրումը բազմապատկելու համար: Այսօր պիտի հնչի երկրապահի ձայնը՝ խրոխտ, վստահ:
Մեզնից հետո երկրին տեր լինելու կոչված սերնդի կողքին պիտի կանգնի Երկրապահը իր խորհրդով ու պատգամով: Պիտի ուժ տանք վհատվածին ու հուսալքվածին՝ հույս: Պիտի կանգնենք դժվարության մեջ հայտնվածի կողքին, անգամ եթե դիմացինի ցավը տանելու պատրաստակամությունից բացի այլ բան առաջարկել չենք կարող: Ինչ դժվար իրավիճակում էլ հայտնված լինի հայաստանցին: Ուր էլ լինի: Նրա թիկունքը դատարկ չպիտի մնա: Դուք, մենք, պիտի զորավիգ լինենք նրան այն պահին, երբ անգամ ծնողը, զավակն ու ամուսինը հուսահատ լքեն նրան: Սա է մեր մարտի դաշտի օրենքը, և սա է մեր մարտի դաշտն այսօր: Պետությունը պիտի օգնի նրանց, ովքեր իրենք իրենց օգնել չեն կարող: Պիտի օգնի ու հնարավորություն տա օգնել: Պիտի օգնի երիտասարդին՝ տարիներ անց օգնություն հասցնել ինքն իրեն: Պետությունը պիտի, եթե կուզեք, մի յուրօրինակ «ժամանակի մեքենա» տրամադրի յուրաքանչյուրին՝ տասնամյակների միջով ինքն իրեն ձեռք մեկնելու համար: Հենց այդպիսի ժամանակի մեքենա է կենսաթոշակային նոր համակարգը, որ պիտի կայացնենք այսօր:
Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու մեր զինանոցը հարստացել է: Տարիների հետ մենք սովորել ենք խնդիրների լուծման ավելի արդյունավետ ու գործուն լուծումներ առաջադրել: Սակայն, որ ավելի կարևոր է, մենք սովորել ենք լսել միմյանց: Սովորել ենք երկխոսել: Փոխադարձաբար հարգել միմյանց շահերն ու հաշվի նստել յուրաքանչյուրի հետ: Գիտակցել ենք, որ հասարակության զարգացմանն ու մարդկանց ճակատագրերին առնչվող խնդիրների լուծման որևէ տարբերակ ընդունելուց և խաղաղ պայմաններում յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ անհրաժեշտ է դրանք քննարկել ու համաձայնեցնել տարբեր, երբեմն՝ հակասական շահեր ներկայացնողների, գործարարների, կառույցների, հայաստանցու հետ: Հատկապես վերջին տարիներին մենք փորձել ենք հնարավորինս ընդլայնել տնտեսության զարգացմանն ու հասարակության առաջընթացին առնչվող որոշումների քննարկման շրջանակը: Փորձել ենք բացել ու ընկալելի դարձնել երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերն ու ընդունվող որոշումները: Ոչ մի հայաստանցի չպիտի օտարված զգա իր երկրում: Ոչ ոք չպետք է խռով ու նեղացած մնա իր երկրից: Ոչ մեկը չպիտի նզովի իր ու իր երկրի ճակատագիրը: Հայաստանցին պիտի ընկալի ու ընդունի հավաքական որոշումներն ու մասնակից լինի դրանց կայացմանը: Մենք մեր ընտրած ուղուց չենք շեղվելու և շարունակելու ենք ընդլայնել հարգանքի, վստահության ու հավատի սահմանները: Միայն նման ընդարձակ սահմաններում երկրի քաղաքացին իրեն կզգա ավելի լավ, քան անհամեմատ բարեկեցիկ որևէ այլ երկրում: Միայն նման երկիրն է ի զորու իր քաղաքացուն կապել իր ճակատագրին ու պահել իր հողի վրա:
Վստահ եմ, որ միայն այս կերպ կարող ենք ձյան մեջ արև փնտրող ու իր երկրում օրհնություն գտնող հայաստանցիների երկիր կերտել: Սա է արդիական, մրցունակ, անվտանգ և հպարտ Հայաստանի երաշխիքը: Ու մենք պարտադրված ենք հենց այս ճանապարհով գնալու:
Հարգելի՛ երկրապահներ,
Դուք ուժի, արիության ու հավատի հաղթանակի մարմնավորում եք: Շնորհակալ ենք ձեզ ձեր փառահեղ անցյալի համար, այն հայրենանպաստ կեցվածքի համար, որ ունեք այսօր և այն ամենի համար, որ դեռ անելու եք մեր ու մեր սերունդների հայրենիք Հայաստանի համար:
Ինչպես ասում են՝ պի՛նդ եղեք, տղե՛րք:
Շնորհակալ եմ ուշադրության համար: Հասկանալով, որ կարող են լինել բազմաթիվ հարցեր, եթե ձեր ժամանակը ների, և եթե վարչության անդամները դեմ չլինեն, ես պատրաստ կլինեմ ելույթներից հետո պատասխանելու ձեր հարցերին՝ ցանկացած հարցի:
Շնորհակալ եմ:
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Բանակ և հասարակություն