Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԿՄ 10-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



Երկրապահ կամավորականների միությունը, հավատարիմ մնալով իր կոչմանը, Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի որդեգրած սկզբունքներին և նախորդ համագումարներում ընդունած որոշումներին.

Հայտարարում է`

Երկրապահը եղել և մնում է հայոց անկախ պետականության գաղափարակիրն ու զինվորը:

Երկրապահը, որպես ազգային-ազատագրական շարժման ծնունդ և Արցախյան ազատամարտի մասնակիցներին միավորող ուժ, պարտադրված պատերազմում կանգնել է Արցախի ժողովրդի պաշտպանության առաջին գծում և մինչ օրս մնացել Արցախի ժողովրդի և պետականության պաշտպանը:

Երկրապահը արժևորում է խաղաղությունը և զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է համարում ունենալ միասնական ժողովուրդ, հզոր բանակ, ամուր պետություն:

Երկրապահը եղել է ազգային բանակի ստեղծման հիմնաքարը և շարունակելու է մնալ բանակի կողքին` զորավիգ լինելով սահմանում ապրող հողի մշակին, մտավորականին, սահմանապահ հայ ժողովրդին:

Երկրապահն այսուհետ ևս առավել ուշադիր է լինելու զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամ ու պատերազմի մասնակից ազատամարտիկների ու նրանց ընտանիքների նկատմամբ` ցուցաբերելով սոցիալական, իրավական և բարոյական աջակցություն:

Երկրապահն իր վարչության, մարզային և տարածքային («5-րդ բրիգադի ազատամարտիկներ», «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ») կառույցների միջոցով շարունակելու է իրականացնել ռազմահայրենասիրական ծրագրեր` պահպանելով տարիների ընթացքում ձևավորված ավանդույթներն ու արժեքները, ապահովելով արժանի սերնդափոխություն:

Մենք կարևորում ենք բոլոր ազատամարտիկների համախմբումը Երկրապահ կամավորականների միության շուրջ` այն հստակ գիտակցումով, որ հայրենիքի սահմանների հանդեպ ոտնձգության դեպքում երկրապահն առաջինն է զինվորագրվելու երկրի պաշտպանության սուրբ գործին:

Հայոց Մեծ եղեռնի հարյուրամյակի նախաշեմին, գլուխ խոնարհելով մեր բյուրավոր նահատակների անմար հիշատակի առջև, երկրապահը հայտարարում է, որ մեր հայրենիքի դեմ ցանկացած սպառնալիքի բացառման միակ նախապայմանը հզոր բանակ և միասնական ժողովուրդ ունենալն է:

Ներկա իրավիճակում երկրապահի համար առաջնային կարևորություն է առաջնագծում գտնվող մեր զինվորներին թիկունք, ապավեն և աջակից լինելը:

Երկրապահ կամավորականների միությունը պաշտպանում է ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Ազատի Սարգսյանի նախաձեռնությունները Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության բնագավառում:

Երկրապահը եղել և մնում է հասարակության հանդուրժողականության, համերաշխության, միասնականության ամրապնդման ջատագովը:

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Ազգային բանակ


20/02/2014