ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ
2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերի ոսկե մեդալի արժեքը գնահատվել է 550 դոլար, ընդ որում՝ օլիմպիական ոսկե մեդալների համար օգտագործվել է 2,5 կգ բարձր հարգի ոսկի։ Փորձագետները արծաթե մեդալը գնահատել են 310 դոլար, իսկ բրոնզե մեդալը, որը պղնձի, անագի և ցինկի խառնուրդ է, գնահատվել է ընդամենը 3 դոլար 25 ցենտ։ Մրցանակների գնային արժեքը պայմանավորված է շուկայում առկա մետաղների միջին գնով, որը կիրառվում է օլիմպիական մեդալների արտադրության ժամանակ։
♦♦♦
Վերջին օլիմպիական խաղերը, որոնց ընթացքում մարզիկներն ստացել են մաքուր ոսկուց պատրաստված մեդալներ, տեղի են ունեցել Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում, 1912 թվականին։
♦♦♦
Ամենախոշոր պարգևավճարները 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու համար իրենց մարզիկներին խոստացել են Ղազախստանի, Բելառուսի, Լատվիայի, Էստոնիայի, Ուկրաինայի և Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեները, ընդ որում՝ օլիմպիական ոսկի նվաճած ղազախստանցի մարզիկը կստանա 250000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալի համար՝ 150, իսկ բրոնզի համար՝ 75 հազար դոլար։
Լատվիացիները համապատասխանաբար 192,8, 96,4 և 67,5, իտալացիները՝ 189,8, 101,7 և 67,8, իսկ բելառուսները՝ 150, 75, 50 հազար ԱՄՆ դոլար։
♦♦♦
Դրամական պարգևներ չեն ստանա Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Խորվաթիայի մարզիկները, իսկ Հարավային Կորեայի կառավարությունը իր մարզիկներին առաջարկել է պարգևներ ստանալ միանվագ կամ օլիմպիական թոշակի տեսքով։
♦♦♦
Փետրվարի 9-ին ելույթ ունեցան նաև մեր երկիրը ներկայացնող Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը։ Նրանք մասնակցեցին դահուկավազքի սկիատլոն մրցմանը (30 կմ)։ 68 մարզիկների պայքարում Միքայելյանը գրավեց 46-րդ, իսկ Եղոյանը 63-րդ տեղը։
♦♦♦
Նորվեգացի 33-ամյա Մարիտ Բյորգերը լավագույնն էր կանանց 15 կմ սկիատլոն դահուկավազքի 7,5 կմ դասական և 7,5 կմ ազատ ոճի մրցումներում։
♦♦♦
Ռուս 15-ամյա գեղասահորդուհի Յուլյա Լիպնիցկայան փետրվարի 9-ին թիմային մրցումներում ՌԴ հավաքականի համար ժամանակից շուտ նվաճեց ոսկե մեդալ։ Ինչպես Յուլյան կանանց, այնպես էլ Եվգենի Պլյուշչենկոն տղամարդկանց մրցումներում լավագույնն էին ազատ ծրագրով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիացած ռուս տաղանդավոր գեղասահորդուհու ելույթով, նրան ծափահարեց հոտնկայս։
«Նա հանճար է, նրան մեծ ապագա է սպասում»,- Յուլիայի մասին ասել է փառապանծ գեղասահորդ Պլյուշչենկոն։
♦♦♦
Իտալացի Արմին Ցոգելերը, մասնակցելով Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի սահնակային սպորտի մեկտեղանի մրցումներին, դարձավ ռեկորդի հեղինակ։ 40-ամյա Ցոգելերն առաջին մարզիկն է, որը 6 անգամ անընդմեջ մասնակցում է ձմեռային օլիմպիական խաղերին։
♦♦♦
Ամերիկացի գեղասահորդներ Մերիլ Դևիսն ու Չարլի Ուայթը աշխարհի ռեկորդ սահմանեցին Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պարային զույգերում։ Կարճ ծրագրով նրանք հավաքեցին 78,89 միավոր և գերազանցեցին իրենց իսկ պատկանող աշխարհի նախկին ռեկորդը՝ 77,66։
♦♦♦
Գերմանիայի դահուկացատկորդների հաղթանակով ավարտվեց Սոչիի օլիմպիական խաղերի թիմային մրցաշարը։ Անդրեաս Վանկը, Անդրեաս Վելինգերը, Մարինուս Կրաուսը և Զեֆերին Ֆրոյդը հռչակվեցին օլիմպիական չեմպիոններ։
♦♦♦
1984 թ.-ից սկսած՝ Ռուսաստանը տղամարդկանց մենասահքում առաջին անգամ չունեցավ մեդալակիր։
♦♦♦
Սոչիի օլիմպիական խաղերի միայն 7-րդ օրը Մեծ Բրիտանիային հաջողվեց ոսկե մեդալ նվաճել։ Սկելետոնի կանանց մրցումներում օլիմպիական չեմպիոն հռչակվեց Էլիզաբեթ Յառնոլդը։
♦♦♦
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով՝ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում 3 ոսկե մեդալ նվաճած Դարյա Դոմրաշչևային շնորհվել է Բելառուսի հերոսի կոչում։ Բելառուս մարզուհին առաջին կին բիաթլոնիստն է, որին հաջողվել է մեկ օլիմպիական խաղերի ընթացքում 3 ոսկե մեդալ նվաճել անհատական մրցումներում։
Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Մարզաշխարհ