Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉՔԱՐՆ ՈՒ ԳԻՐԸ՝ ՀԻՇԱՏԱԿՈՂ



Կիսվել է օրը: 2014 թվականի փետրվարի 12-ն է: Կոտայքի մարզի Քասախ գյուղում միջոցառում է: Գյուղացիներ, զինվորականներ, ազատամարտի վետերաններ են հավաքվել գյուղի մշակույթի տան առջև կանգնեցված Բաշ Ապարանի հերոս Սեդրակ Ջալալյանի արձանի մոտ: Գյուղի մեծերը՝ Գուրգեն Մելքոնյանը, Խորեն Խաչատրյանը, Առաքել Մխիթարյանը, Բալուլբեկ Պողոսյանը, Հովհաննես Մարգարյանը մոտենում, շնորհավորում են միջոցառման նախաձեռնողին` Գարիկ Եղիազարյանին:

Այս գյուղը հիմնադրել են Ապարանի համանուն` Քասախ գյուղի բնակիչները:

Գարիկ Եղիազարյանը հայոց բանակի առաջին զինվորներից է: Եղել է տանկիստ, տանկի հրամանատար: Միշտ աներկյուղ է մարտի մտել: 20 տարի առաջ նույն այս օրը՝ երեկոյան կողմ, Հորադիզի ահեղ մարտերից մեկում Գարիկը ծանր վիրավորվում է: Ցնցահարվածից երբ ուշքի է գալիս, իջնում է տանկից ու քարը առած` վազում դեպի թշնամին… Հետո, արյան մեջ շաղված, տապալվում գետնին: Երբ ծանր վիրավոր մարտիկին շտապօգնության մեքենայով տեղափոխում են հոսպիտալ, ընկերները նրան լացով են ճանապարհ դնում՝ կարծելով, թե զոհվել է…

…Հիշո՞ւմ եք Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպում կա այսպիսի մի դրվագ, երբ թշնամուց խոցված ռուս զինվորը վայր ընկնելու պահին մի բուռ հող է վերցնում ու շպրտում ֆրանսիացիների ուղղությամբ: Նապոլեոնը իմանալով այդ մարդկային ու հերոսական արարքի մասին, հրամայում է փնտրել, գտնել այդ զինվորին, և եթե ողջ է, բուժել: Այդպես էլ անում են:

Ու երբ ծանր վիրավոր Գարիկին շտապօգնության մեքենայով տեղափոխում են հոսպիտալ, ընկերները նրան լացով ճանապարհ են դնում՝ կարծելով, թե, զոհված է… Միայն Գարիկ Եղիազարյանի ծնողները` Սոֆիկ մայրիկն ու հայրը` Հայկը, չեն հավատում, որ իրենց որդին զոհվել է. «Ո՛չ, Գարիկը ողջ է, Գարիկը կգա», – համոզված ասում են նրանք ու սպասում:

♦♦♦

…Անցել է քսան տարի: Գարիկ Եղիազարյանը երկրորդ կարգի հաշմանդամ է: Մինչ օրս չի կարողանում մոռանալ իր զոհված զինվոր-տանկիստ ընկերներին՝ մայոր Արմեն Միրզոյանին (Եռաբլուրում Արմենը կապիտանի ուսադիրներով է, որովհետև չհասցրեց մայորի ուսադիրներով լուսանկարվել), Արթուրին, Լյովային, Վարդանին, Ռուբենին, Սեյրանին, Անդրեյին… Հաճախ է այցելում նրանց շիրիմներին, մենության մեջ զրուցում հետները:

Երբ ստացավ իր հաշմանդամության առաջին թոշակը, մտքում ուխտ արեց, որ ընկերների հիշատակի համար մի օր պիտի խաչքար կանգնեցնի այդ գումարով: Ազնիվ, մաքուր, հայրենասեր հոգուց բխած ցանկություն, որը իրականություն դարձավ 2014 թվականի այս օրը՝ փետրվարի 12-ին: Արտերկրում ապրող Գարիկի եղբայրը՝ Գագիկը, իմանալով այս բարի լուրը, գումար է ուղարկել, որ եղբայրը մատաղ անի:

Խաչքար-հուշարձանի մոտ Գարիկի կողքին հիմա կանգնած են նրա Սոֆի և Հայկ անուններով զավակները: Փոքրիկ Հայկը զինվորական շորերով է:

Մինչ հուշարձանի բացումը մասնակիցները, հյուրերը ծաղիկներ դրեցին Քասախ գյուղի զոհված տղաների՝ Արսեն Հարությունյանի, Ռուբեն Սաֆարյանի, Թելման Խաչատրյանի, Արամ Մարտիրոսյանի, Աղվան Ստեփանյանի, Արկադի Հովհաննիսյանի, Սամվել Աթաբեկյանի, Վահրամ Հայրապետյանի շիրիմներին, այցելեցին Ռուբեն Գևորգյանի անունը կրող դպրոց, ծաղիկներ դրեցին հերոսի կիսանդրուն (գնդապետ Ռուբեն Գևորգյանը հուղարկավորված է Եռաբլուրում):

Խաչքար-հուշարձանը կանգնեցվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հուշարձանի մոտ: Խաչքարի բացման պատիվը տրվում է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտ Խաչատրյանին և Գարիկ Եղիազարյանին: Երբ ճերմակ սավանը հանդարտ իջնում է, լույսերի պայծառ շողերն սկսում են լուսավորել խաչքարի ասեղնագործ քանդակները: Տեր Հովնանը օծում է խաչքարը, օրհնում մտահղացողին: Մարգարիտա մայրիկի աչքերից արցունքներ են գլորվում. գյուղի դիմացի բարձունքին, որտեղ քիչ առաջ ծաղիկներ դրվեցին, նաև իր Արսեն որդու շիրիմն է: Գեներալներ Արկադի Տեր- Թադևոսյանի, Մուրազ Սարգսյանի, ՀՀ Տ եւ ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանի, գյուղապետ Արամ Մկրտչյանի, Ղարաբաղյան պատերազմի վետերանների ՀԿ նախագահ Յուրա Միքայելյանի, «Երիտասարդության կամք» ԵՀԿ ղեկավար Աննա Գրիգորյանի, Առաջին գնդի ՀԿ նախագահ Վաչագան Չիբուխչյանի ելույթներում անկեղծ ու ջերմ խոսքեր էին ուղղված այս միջոցառումը կազմակերպողների հասցեին` Գարիկ Եղիազարյանի, Ղարաբաղյան պատերազմի վետերանների ՀԿ նախագահ Յուրա Միքայելյանի (ի դեպ, Գարիկն այս կազմակերպության Քասախի մասնաճյուղի նախագահն է), «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի, Քասախի գյուղապետ Արամ Մկրտչյանի հասցեին: Միջոցառումը շարունակվեց գյուղի մշակույթի պալատում, որտեղ Քասախ գյուղի մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով:

Գյուղով մեկ տարածվել էր «Զորական» համույթի (գեղ. ղեկավար Արամ Գալստյան) հայրենաշունչ, Աշուղ Ռազմար Սասունցու ռազմաշունչ, ոգևորող երգերը:

Օրը վերածվեց համաժողովրդական տոնի:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Բանակ և հասարակություն


27/02/2014