Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՅԼԵԼ Է ՌԱԶՄԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ



Քարակերտցի (Բաղրամյանի շրջան) Արթուր Սարգսյանը մեր մեծ պայքարից տակավին օրեր, ամիսներ առաջ ասես զգում էր վառոդի հոտը և իրեն տեսնում էր կամավորական ջոկատներում՝ խիզախ հայորդիների կողքին, այնտեղ, որտեղ պիտի որոշվեր մայր Հայաստանի ու Արցախի ճակատագիրը։

Համառ, անկոտրում կամքի տեր, հաղթանդամ, անպարտելի ռազմիկ. այսպես կարելի է բնութագրել նրան։

Ծնվել է 1956 թվականի օգոստոսի 16-ին։ Տեղի միջնակարգն ավարտելուց հետո՝ 1974 թ.-ին, զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայել է Լեհաստանի Լեգլիցա քաղաքում, տանկային գումարտակում։ 1976 թ.-ին զորացրվել, դարձել է տուն և ուսումը շարունակել Ախուրյանի թիվ 2 պրոֆտեխ ուսումնարանում՝ ստանալով ավտովերանորոգող փականագործի որակավորում։ Այդ ժամանակ արդեն սպորտի վարպետության թեկնածու էր։ 1980 թ.-ին ընդունվել է Նալչիկի պետհամալսարանի ըմբշամարտի բաժին։ Ավարտել է 85-ին և, առանց երկար-բարակ մտածելու, վերադարձել Հայաստան, աշխատանքի անցել Լեռնագոգի սպորտդպրոցում` որպես մարզիչ։ Օրերի շունչը, սակայն, այլ բան էր հուշում…

1990 թ.-ին արդեն Գորիսի կամավորական ջոկատներից մեկի հրամանատարն էր։ Ամիսներ հետո, որպես վաշտի հրամանատար, մասնակցել է Նոյեմբերյանի, Ոսկեպարի, Կոռնիձորի, Երասխի, այլ գյուղերի համար մղված ինքնապաշտպանական մարտերին։ Ամիսներ անց տեղափոխվել է Ղարաբաղ, որտեղ էլ նա ներկայացել է իր ամբողջ հասակով, ուժով, կարողությամբ, աչքի ընկել որպես անձնուրաց զինվոր և հրամանատար։

Խոջալու, Ջանհասան, Վանք, Քոլատակ, Դրմբոն, Պողոսագոմեր, Վերին Հաթերք… Ահա ոչ լրիվ անվանացանկն այն բնակավայրերի, որոնց ազատագրման համար նա կռվել է։ Ու եթե հարցնեք մարտական ընկերներին՝ Մանուկ Մինասյանին, Վելիխան Գրիգորյանին, Սամվել Կուրղինյանին, Բորիս Գրիգորյանին, Հակոբ Դանդիլյանին, Անուշավան Հայրապետյանին, Էրիկ Սարգսյանին, մյուսներին, նրա մասին միայն ու միայն հիացական խոսքեր կլսեք։ Ուրիշ ոչ մի բան։ Ասել կուզի՝ միշտ եղել է առաջնագծում, առաջինների շարքում։ Ե՛վ կռվի դաշտում, և՛ աշխատանքում։ Արթուրը ընդգրկվում է Ասկերանի շրջանի 35-րդ գումարտակի կազմում և գեներալ-մայոր Արշավիր Ղարամյանի հրամանատարությամբ մասնակցում բազում թեժ մարտերի՝ ադրբեջանցիներին հալածելով, դուրս քշելով հայկական տարածքներից։

…Զինադադարից հետո նշանակվել է Արմավիրի ուսումնական զորամասի հրամանատարի առաջին տեղակալ։ Երկու տարի անց հրաժեշտ է տվել զինվորական կյանքին ու անցել քաղաքացիական ծառայության։ Ղարաբաղում ապրելու, Ղարաբաղում բույն դնելու, մշտական բնակություն հաստատելու տենչը, սակայն, երբեք հանգիստ չի տվել նրան։ Արցախ աշխարհը, որի համար կռվել, արյուն է հեղել, օր ու գիշեր ձգել, «կանչել է» հեռվից։ Եվ Արթուրը նախկին մարտական ընկերների հետ (թվով 30 հոգի) մի գեղեցիկ օր եկել ու Շելլիում (այժմ՝ Ուխտասար) քարը քարին են դրել, հիմնել են հայկական մի նոր բնակավայր։ Ահա նրանք՝ Անուշավան Հայրապետյան, Խաչիկ Հակոբյան, Վրեժ Կարապետյան, Սամվել Կուրղինյան, Տիգրան Բաղդասարյան, մյուսներ։

Արթուրն ստանձնել է գյուղական համայնքի ղեկավարի պարտականությունները։ Հիմա վերաբնակեցվող գյուղը 55 ընտանիք ունի՝ 280 բնակչով, բուժկետ, որի վարիչը կինն է՝ Վարդը, դպրոց՝ 43 աշակերտով…

-Իմ պապերը,- ասում է,- բնիկ մշեցիներ են, հոգևորականներ։ Հետագայում եկել են Էջմիածին և Թալինի Մաստարա գյուղի գործող եկեղեցում քահանայություն են արել։

Հայրս՝ Արմենակը, Մեծ հայրենականի տարիներին զինվորի շինել է հագել, ծառայել 89-րդ փառապանծ Թամանյան դիվիզիայում ու զենքը ցած դրել 1945 թ.-ին, Մեծ հաղթանակից հետո։ Քաջության, սխրագործության համար պարգևատրվել է Փառքի երկրորդ աստիճանի շքանշանով, տասնյակ մեդալներով։ Արժանացել է «Սևաստոպոլի պատվավոր քաղաքացի»՝ բարձր կոչմանը։

-Ես սիրում եմ այս հողը։ Սիրում եմ գյուղի օդը, ջուրը, մարդկանց։ Որոշել եմ մինչև կյանքիս վերջը ապրել, արարել այստեղ։ Թող բարձրագոչ չհնչի, եթե ասեմ՝ Արցախի ամեն թուփն ու քարը անգամ ինձ համար ավելի թանկ են, քան աշխարհի բոլոր հրաշալիքները… Առանց չափազանցության եմ ասում։ Ու դեռ ինչքա՜ն պիտի ծաղկի, բարգավաճի երկիրը մեր…

Այսպիսին է հայրենի հողի նվիրյալ, Արցախյան գոյամարտի անձնվեր մասնակից, Հայաստանի դասական ըմբշամարտի բազմակի չեմպիոն, երգահան, բանաստեղծ, պահեստազորի մայոր Արթուր Սարգսյանը։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ

Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Ճակատագրեր


27/02/2014