ՎԱԼԵՐԻ ՉԻԹՉՅԱՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ
Փետրվարի 14-ին փոխգնդապետ, սիրված հրամանատար, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ
ՎԱԼԵՐԻ ՉԻԹՉՅԱՆԸ կդառնար 58 տարեկան:
♦♦♦
Վալերի Չիթչյանը փայլուն հետք թողեց Հայաստանի զինված ուժերի ստեղծման գործում: Մարտական ընկերների հիշողության մեջ` շարքային զինվորից մինչեւ գեներալ, նա մնացել է որպես տաղանդավոր կադրային սպա: Սպայի տաղանդն իր մեջ ամփոփում է մասնագիտական կրթություն, պրոֆեսիոնալիզմ, ինքնակատարելագործման ձգտում, նոր գիտելիքների ձեռքբերում, մարդկանց հետ աշխատելու կարողություն եւ, ի վերջո, արգասավորություն` իբրեւ արդյունք այս ամենի:
Անհրաժեշտ է, որ վերոհիշյալ հատկությունները զարգացնեն մեր կուրսանտներն ու սպաները, իսկ դրան կնպաստի թեկուզ այն, որ նրանք դաստիարակվեն Վալերիի կերպարի հերոսական օրինակով:
ԱՐԿԱԴԻ ԻՎԱՆԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (ԿՈՄԱՆԴՈՍ)
գեներալ-մայոր
♦♦♦
Ես Վալերի Չիթչյանին համարում եմ հիանալի սպա, գիտուն ու շնորհալի: Նա հիանալիորեն կարողանում էր իրագործել ստորաբաժանման ենթակաների գործունեության հետ առնչված բոլոր հարցերը: 1992թ. ես նշանակվել էի Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ: Առաջին իսկ օրերից մենք շատ մտերմացանք: 366-րդ մոտոհրաձգային գնդի կազմացրումից հետո Վալերի Չիթչյանն անցավ մեր՝ ԼՂ ԻՈւ կազմ: Նշանակվեց իմ տեղակալը: Այստեղ էլ սկսվեց նրա բուռն գործունեությունը, որն իրականացնում էր շտաբը, Լեռնային Ղարաբաղի Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը:
Որպես օրինակ կարելի է բերել Խոջալուի գրավումը եւ ազատագրումը: Նա անձամբ ակտիվ մասնակցում էր եւ մեծ աշխատանք կատարեց. այդ ուղղության ղեկավարներից մեկն էր:
Շուշիի գրավման համար մշակվել էր չորս ուղղություն: Վալերի Չիթչյանը նշանակված էր առաջին ուղղության հրամանատար: Դա ամենաբարդ ուղղությունն էր՝ Ստեփանակերտ-Շուշի, որտեղ կենտրոնացած էին գլխավոր հարվածի ուժերը:
Վալերի Չիթչյանն իրեն վստահված ուղղության համար շատ մեծ աշխատանք կատարեց՝ դրսեւորելով իրեն որպես ունակ, նախաձեռնող հրամանատար: Արդյունքում` մայիսի 9-ին Վալերի Չիթչյանն առաջինն էր, որ իր ստորաբաժանումներով ազատ շրջում էր Շուշիում:
Երբ մենք համարյա կատարել էինք Լեռնային Ղարաբաղի ազատագրման մեր խնդիրը, ես նշանակվել էի հարավարեւելյան ուղղության հրամանատար, Վալերի Չիթչյանը` իմ տեղակալը: Այն սկսվում էր Կապանից եւ ավարտվում Լաչինի միջանցքով: Մեր գլխավոր խնդիրն էր՝ թույլ չտալ, որ Լաչինի մարդասիրական միջանցքը նեղանա, այլ ընդհակառակը՝ մենք պետք է այն ավելի ընդլայնեինք: Եվ մենք հաջողությամբ կատարեցինք:
ՌԱՖԱՅԵԼ /ՖԵԼԻՔՍ/ ԳԶՈՂՅԱՆ
գեներալ-մայոր
♦♦♦
Մարդու մեծությունն այն է, որ նա չի ցուցադրում իրեն: Նա չէր էլ սիրում, որ իր մասին խոսում էին: Երեւի դրանից է, որ նրան շատերը չգիտեն: Ես հուսով եմ, որ դեռ Չիթչյան Վալերիի մասին շատ են խոսելու: Միեւնույն է՝ պատմությունն ամեն ինչ բերելու, դնելու է իր տեղը: Ես որոշող չեմ, բայց իմ անձնական կարծիքն է, որ Վալերի Չիթչյանը շատ ավելի մեծ փառքի է արժանի: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է մտածելու, որ Վալերի Չիթչյանի անունով դպրոց, փողոց կամ բնակավայր անվանակոչվի:
Ժամանակը կգնահատի՝ ով է եղել Վալերի Չիթչյանը՝ բացառիկ մի անհատականություն, որը շատ ավելիին է արժանի:
Արժանի գնահատական դեռ նոր է տրվելու:
ԹԵՄՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
գնդապետ
♦♦♦
«Սպիտակ ոսկոր» սպայությունը երկրի ընտրախավն էր: Ահա նա այդպիսի սպա էր:
Բանակի ստեղծման գործում իր բոլոր ուժերը ներդրեց: Որպես սպա, որպես այն հազվագյուտ կադրային սպաներից, որոնք հասկացան` ինչ պատերազմ է մեզ սպասում, ինչպես պիտի մարտնչենք եւ ինչպես պիտի հաղթանակենք: Նա զգում էր պատերազմի նյարդը եւ չէր կասկածում մեր հաղթանակին:
Շատ եմ ցավում, որ Վալերի Չիթչյանը կյանքից շուտ հեռացավ: Նա շատ բան կարող էր անել, եւ իմ կարծիքով, նա չէր շեղվի ոմանց նման:
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԱԳՈ),
պահեստազորի գնդապետ
♦♦♦
Վալերան արտակարգ անձնավորություն էր: Վերին աստիճանի մաքուր տղա էր: Մեկ-մեկ ասում էի` ոնց որ այս դարի մարդ չլինի: Նա ազնվական սպայի մարմնավորում էր:
Ես միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Վալերան բացառիկ անձնավորություն էր: Նույնիսկ այն ծայրահեղ պահերին, երբ որոշ մարդիկ արդեն պատրաստ էին խուճապի մատնվելու, նույնիսկ դիմախաղով ցույց չէր տալիս, թե ինչ գերմարդկային լարվածության մեջ է, ինչ մեծ պատասխանատվություն է կրում կայացրած որոշման համար: Միայն դրա համար ասում եմ, որ նա ՏԱՂԱՆԴԱՎՈՐ սպա էր, եւ եթե այդ դժբախտ պատահարը չլիներ, ապա, անկասկած, նա այսօր մեր բանակի լավագույն գեներալներից կլիներ:
ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆ
գեներալ-մայոր
♦♦♦
Վալերի Չիթչյանին Ազգային Հերոսի կոչում կտայի: Նա, որպես կադրային սպա, իր անգնահատելի ծառայությունն է մատուցել հայրենիքի առջեւ: Նա արել է իր գործը:
Հայրենական մեծ պատերազմից 60 տարի հետո անգամ, ինչ-որ դեպքեր ավելի մանրամասն են ուսումնասիրում, նոր կոչումներ են տալիս, նոր շքանշաններ պարգեւում: Գուցե Վալերիկի արածները համադրեն եւ հասկանան, որ Վալերի Չիթչյանը շատ ավելիին է արժանի:
ԹԵՎՈՍ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆ
Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական
«ՎԱԼԵՐԻ ՉԻԹՉՅԱՆ. ՀԱՂԹԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ» գրքից
Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Ճակատագրեր