ԴԻԼՄԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Դիլմանի ճակատամարտը Առաջին համաշխարհային պատերազմի թերևս ամենից քիչ լուսաբանված էջերից է: Այս ճակատամարտում ռուսական զորքերը հայազգի գեներալ Թովմաս Նազարբեկյանի զորավարական տաղանդի և հայկական 1-ին կամավորական խմբերի հրամանատար, հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Անդրանիկի օժանդակությամբ ջախջախիչ պարտության են մատնում թուրքական զորքերին: Անօրինակ քաջության համար սպարապետ Թ. Նազարբեկյանն արժանանում է ռուսական Սուրբ Գեորգիի IV աստիճանի և ֆրանսիական «Մարտական խաչ» շքանշանների: Այս հաղթական ճակատամարտով փաստորեն վիժեցվում է թուրքական զորքերի լայնածավալ ծրագիրը` գրավելով Դիլման (քաղաք հյուսիսային Պարսկաստանում)՝ շարժվել Ջուլֆա, ապա՝ Նախիջևան, հետո ներխուժել Զանգեզուր, Ղարաբաղ…
Փետրվարի 25-ին երախտագետ հայ ժողովուրդը նշում է մեր պատմության առավել պայծառ դեմքերից մեկի, իր կյանքը մեր ազգի ազատագրական պայքարին անմնացորդ նվիրած մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակը: Մեծ հայրենասերի մասին ասված խոսքը ոչինչ չի ավելացնում նրա փառքին, եւ դա անհրաժեշտ է ոչ թե նրան, այլ մեզ՝ ապագա սերունդներին: Եվ պատահական չէ, որ նրա գործը օրինակ հանդիսացավ Արցախյան ազատամարտի մեր նորօրյա հերոսների, կռվող ազատամարտիկների, նաեւ մեր մատաղ սերնդի համար:
Առաջին համաշխարհային պատերազմի տարբեր մարտական գործողությունների, ճակատամարտերի մասին գրվել ու դեռ գրվելու են ուսումնասիրություններ, գեղարվեստական գրքեր, տպագրվելու են հուշագրություններ, նկարահանվելու են փաստավավերագրական և գեղարվեստական կինոնկարներ: Ուսումնասիրելով պատմագիտական գրականությունը՝ հիմնականում ռուսերեն և անգլերեն, արձանագրել ենք, որ հետազոտողների այն մասը, որն անդրադառնում է 1914-1917 թթ. ռուս-թուրքական ռազմաճակատում ընթացած մարտական գործողություններին, հիմնականում լուսաբանում է արդեն հայտնի գործողությունները՝ Սարիղամիշի և Էրզրումի, Տրապիզոնի գրավումը, Հյուսիսային Պարսկաստանում ռուսական ռազմարշավային կորպուսի մարտերը: Պատմաբանների զգալի մասը չի անդրադառնում ռուս-թուրքական ռազմաճակատում տեղի ունեցած մի այլ կարևորագույն ճակատամարտի, որն իր նշանակությամբ չի զիջում Սարիղամիշի ճակատամարտին: Դա 1915 թ. ապրիլի կեսերին Հյուսիսային Պարսկաստանի Դիլման քաղաքի շրջանում տեղի ունեցած ճակատամարտն է, որը գլխավորել է հայազգի գեներալ-մայոր, հետագայում հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանը: Ճակատամարտին գործուն մասնակցություն է ունեցել Հայկական I կամավորական խումբը՝ ազատագրական շարժման ականավոր գործիչ Անդրանիկի գլխավորությամբ:
1914 թ. դեկտեմբեր և 1915 թ. հունվար ամիսներին Սարիղամիշի ճակատամարտում օսմանյան III բանակը խայտառակ պարտություն է կրում ռուսներից: Օսմանյան հրամանատարությունը, որն ուներ լրտեսական լայն ցանց, տեղեկանում է, որ Դիլման քաղաքում ու շրջակայքում ռուսներն ունեն սակավ ուժեր: Թուրքերը որոշում են օգտվել հարմար առիթից՝ հարձակվել, գրավել Դիլմանը, ապա շարժվել Ջուլֆա՝ զորամասերը համալրելով տեղի մահմեդականներով, հարձակումը շարունակել Նախիջևանի ուղղությամբ, հետո ներխուժել Զանգեզուր-Ղարաբաղ, Ելիզավետպոլի ու Բաքվի նահանգները: Այնուհետեւ ռազմաքաղաքական բարենպաստ պայմանների դեպքում արշավելու էին Դաղստան և Կովկասի մահմեդական ապստամբ բնակչության աջակցությամբ երկրամասը կտրելու էին ռուսներից: Հարկ ենք համարում նշել, որ պատերազմի նախօրյակին թուրքական հետախուզությունը մեծ ծավալի աշխատանք էր տարել Կովկասի մահմեդականների շրջանում և համոզված էր, որ ի զորու կլինի իրականացնել այդ ծրագիրը: 1915 թ. սկզբներին այդ նպատակով առանձնացվում է Խալիլ բեյի հետևակային դիվիզիան: Անցնելով առաջ՝ նշենք, որ 1918-1920 թթ. գրեթե ողջ Հյուսիսային Կովկասն իրենից արդեն ներկայացնում էր ապստամբական հզոր օջախ:
1915 թ. հունվարի կեսերից սկսած՝ Հյուսիսային Պարսկաստանում գտնվող թուրք-քրդական ուժերն ակտիվացնում են մարտական գործողությունները, ինչը նպատակ ուներ շոշափելու ռուսական ուժերը և պարզելու նրանց մարտակազմը: Ճիշտ է՝ Թավրիզի շրջանում ռուսները գլխովին ջախջախում են հակառակորդին, սակայն օսմանյան հրամանատարությունը շարունակում է ակտիվ հետախուզական գործողությունները՝ նպատակ ունենալով գտնել ռուսական ուժերի թույլ տեղերը:
1915 թ. ապրիլի 14-ին առաջին տագնապալի տեղեկությունն է ստացվում, որ հակառակորդը Դիլմանի շրջանում լուրջ նախապատրաստություններ է տեսնում: Գեներալ Թ. Նազարբեկյանին հրամայվում է շտապ մեկնել և տեղում պարզել իրական դրությունը: Գեներալը ճանապարհին հանդիպում է Դիլման գավառի նահանգապետին եւ իմանում է, որ քաղաքը ռմբակոծում է թուրքական հրետանին: Գեներալը փորձում է հանգստացնել նահանգապետին, սակայն վերջինս նախընտրում է հեռանալ ավելի ապահով վայր: Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հակառակորդն անցնում է հարձակման և գրավում Դիլմանը:
Ճանապարհին Թ. Նազարբեկյանը հանդիպում է նահանջող զինվորների եւ նրանցից կազմելով երկու վաշտ՝ շարժվում է Մուխանջիկ գյուղի ուղղությամբ, որտեղ լեռնային հրետանու մեկ մարտկոց էր տեղակայված: Վերջինիս դիպուկ կրակը կանգնեցնում է հարձակվող թուրք-քրդական ուժերին, ինչը հնարավորություն է տալիս կարգի բերելու եղած ուժերը և նախապատրաստվել պաշտպանության: Թեև հակառակորդը նահանջել էր, սակայն դրությունը մնում էր սպառնալից: Անհայտ էր հարձակվողների թվաքանակը: Գեներալ Թ. Նազարբեկյանը հուշագրում է. «Այդ ծանր րոպեին նկատեցի առաջացող ոչ մեծ զորամաս: Պարզվեց, որ դա Հայկական դրուժինայի վաշտն էր Սումբատի (Սմբատ Բորոյան) գլխավորությամբ…»: Անդրանիկի հրամանով վաշտը հետախուզություն էր կատարում: Հայ կամավորները դիրքեր են գրավում Մուխանջիկ գյուղից հարավ-արևելք: Նրանց հրամայված էր հակառակորդին թույլ չտալ անցնելու Կովկասյան II հրաձգային բրիգադի թիկունք: Թ. Նազարբեկյանը գրում է. «Հրամայեցի Սումբատին մեռնել, բայց չնահանջել»:
Ռուսական պաշտպանության ուղղությամբ շարժվում էին թուրք-քրդական խիտ զորաշղթաները: Իրավիճակը հետզհետե դառնում էր օրհասական, որովհետև ուժերն անբավարար էին: Սպարապետ Նազարբեկյանը ողջ հույսը դրել էր հայ կամավորների վրա: Եվ ինչպես խոստովանում է նա՝ կամավորներն արդարացրին իր սպասելիքը: Նրանք մի քանի անգամ նույնիսկ ձեռնամարտի բռնվեցին հակառակորդի հետ, սակայն պաշտպանեցին իրենց դիրքերը: «Շնորհիվ Սումբատի էներգիայի (անվեհերության-Ռ.Ս.),- հիշում է Նազարբեկյանը,- հակառակորդի բոլոր սրընթաց գրոհներն ապարդյուն անցան, և նա ստիպված դադարեցրեց հարձակումը և նահանջեց»:
Գեներալի համոզմամբ, եթե թուրքերը շարունակեին հարձակումը կամ էլ փորձեին գրոհել գիշերը, ապա ռուսական ուժերն ի զորու չէին լինի դիմագրվել, և թուրք-քրդական ուժերը կկարողանային ճեղքել պաշտպանությունն ու սրընթաց առաջանալ: Ի բարեբախտություն, Խալիլ բեյը կորցրեց պատեհ առիթը, ինչը հնարավորություն տվեց Թ. Նազարբեկյանին ստանալու պահեստային օգնական ուժեր ու նախապատրաստվել թուրք-քրդական ուժերի հարձակմանը: Ապրիլի 17-ի առավոտյան նոր համալրում է ժամանում, որոնց թվում՝ հայ կամավորական խմբի երեք վաշտեր Անդրանիկի հրամանատարությամբ: Սպասվում էր, որ հակառակորդը ապրիլի 17-ին կփորձի զարգացնել հարձակումը, սակայն Խալիլ բեյը նախընտրում է ևս մեկ օր տրամադրել զորքին նախորդ օրվա պարտությունից ուշքի գալու համար: Իսկ այդ օրն օգտագործեց Թ. Նազարբեկյանը` ամրապնդեց պաշտպանությունը և հասցրեց տեղաբաշխել ժամանող զորամասերը:
Ապրիլի 17-ին ռուսների կողմն է անցնում ազգությամբ հույն օսմանյան բանակի մի զինվոր: Նա ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է Խալիլ բեյի ծրագիրը: Իմացվում է, որ թուրքերը իրենց գործակալական լայն ցանցի միջոցով տեղեկացված են ռուսների սակավ ուժերի մասին:
Թուրքական հրամանատարությունը Խալիլին է տրամադրում Կ. Պոլսյան հետևակային դիվիզիան, որին ուսուցանել էին գերմանացի ռազմական հրահանգիչները: Դիվիզիան ուժեղացվել էր ժանդարմական զորամասերով և Վանի նահանգապետ Ջևդեթ բեյի մի քանի գումարտակներով: Նման քանակի և որակի ուժերի տրամադրումը վկայում է ապագա գործողության նշանակության մասին: Խալիլի հրամանատարության տակ եղած ուժերը կազմում էին մինչև 16 գումարտակ, երկու հեծելավաշտ, ութ թնդանոթ, 12 գնդացիր և մոտ վեց հազար քրդեր: Այս ուժերին դիմակայում էին Կովկասյան II հրաձգային գումարտակի 8 գումարտակ, 12 հարյուրյակ և 12 թնդանոթ:
Գեներալ Թ. Նազարբեկյանը որպես դիտակետ ընտրում է Մուխանջիկ գյուղից հյուսիս գտնվող ջրաղացը, որտեղից հիանալի երևում էր ողջ մարտադաշտը: Իր խոստովանությամբ՝ ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը նա չկարողացավ նույնիսկ փոքր-ինչ հանգստանալ, քանի որ տագնապով սպասում էր հակառակորդին: Ապրիլի 18-ին՝ առավոտյան ժամը 4-ին, թուրք-քրդական ուժերն անցնում են լայնածավալ հարձակման:
Գեներալը հուշագրում է. «Մենք հետևում էինք հակառակորդի հարձակմանը: Նա հիմնականում գրոհեց մեր դիրքերի կենտրոնը, Մուխանջիկը և մեր աջ թևը»: Հարձակումը հետ է մղվում, որից հետո Խալիլ փաշան ավելի մեծ ուժեր է ուղարկում ռուսական պաշտպանության աջ թևը: Սակայն գեներալը, նկատելով թուրքերի զորաշարժը, հրամայում է 5-րդ հրաձգային գնդի հրամանատարին՝ օգտագործել տեղանքը, գետի չորացած հունը եւ դուրս գալ հակառակորդի թիկունք: Թուրքերը տեսնելով ռուսական զորաշարժը՝ շտապում են նահանջել: Այդ տեսնելով` Անդրանիկը անցնում է հարձակման: Կամավորները հակառակորդին դուրս են մղում Բարչիշլի գյուղից, որի գրավումը վերջնականապես ամրապնդում է հաղթանակը: Մարտի մասնակցած շտաբս-կապիտան Ն. Կիսիլյովի խոստովանությամբ՝ Անդրանիկի նախաձեռնած հակահարձակումը այնպիսի անակնկալի բերեց թուրքերին, որ նրանք փախուստի դիմեցին` թողնելով վիրավորներին, զենք և զինամթերք:
Այսպիսով, Խալիլ բեյի դիվիզիան գլխովին ջախջախվեց, և վիժեցվեց օսմանյան հրամանատարության լայնածավալ ծրագիրը: Ճակատամարտի ընթացքում հակառակորդի կորուստը կազմել է մոտ 2 հազար սպանված: Ռուսներն ունեցել են 600 սպանված և 800 վիրավոր: Հայ կամավորներից զոհվել էր 21, վիրավորվել՝ 55 հոգի:
Թ. Նազարբեկյանի հուշերից տեղեկանում ենք, որ ռուսական հրամանատարությունը, վստահելով բանակային հետախուզության տեղեկությանը, անուշադրության մատնեց Անդրանիկի հետախույզներին, որոնք մատնացույց էին արել Խալիլի նահանջի իրական ճանապարհը: Եվ հենց այդ բացթողումը հնարավորություն տվեց թուրքերին խուսափել շրջապատումից ու վերջնական ջախջախումից:
Այդ անօրինակ հաղթանակի համար գեներալ Թ. Նազարբեկյանն արժանանում է Սուրբ Գեորգիի IV աստիճանի շքանշանի: Քչերին է հայտնի, որ Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովի հրամանով զորավարին է տրվում Ֆրանսիայի նախագահ Ռայմոնդ Պուանկարեի ուղարկած «Մարտական խաչ» մեդալը: Նշենք, որ ռուսական բանակում «Մարտական խաչով» պարգևատրվել է ռուսական զինված ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Ռոմանովը՝ ցար Նիկոլայ II-ի հորեղբայրը: Վերջինս երկրորդ օտարերկրացին էր Բելգիայի թագավոր Ալբերտ I-ից հետո, որին շնորհվել է Ֆրանսիայի մարտական շքանշանը: Այս հանգամանքը լավագույնս վկայում է գեներալ Նազարբեկյանի զորավարական տաղանդի մասին:
Հարկ ենք համարում նաև առանձնացնել Անդրանիկի հրամանատարությամբ գործող Հայկական I կամավորական խմբի մարտիկներին, որոնք իրենց ներդրումն ունեցան Դիլմանի ճակատամարտում տարած հաղթանակում:
Դիլմանի հաղթանակի կապակցությամբ էլ կամավորները հյուսեցին Անդրանիկին նվիրված հետևյալ երգը.
Հերոս մռնչաց, Սուլթան դողդողաց,
Վիլհէլմի աչքին արտասունք ցոլաց,
Սուրդ թշնամւոյ կրծքին շողշողայ,
Հայոց ղեկավար, հերո՛ս Անդրանիկ:
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր