ԼՈՒՅՍ ԵՎ ՍԵՐ
Բանաստեղծ Վարդգես Խանոյանի ստեղծագործությունները նրա ապրած կյանքի արտացոլանքն են։ Ծնվել է Վայոց ձորի մարզի Շատին գյուղում։ Հեղինակ է «Հրաշալի քաղաքացին», «Արևի ձայն», «Քաջերը մահ չունեն» ժողովածուների։ Չորրորդ ժողովածուն, որը կոչվում է «Թախծի ծառ», շարունակում-լրացնում է ծննդավայրի, Վայոց ձորի հեքիաթային բնաշխարհի գույները։ Նրա բանաստեղծություններում մերթ երազային երփներանգ ծաղիկներով դաշտ ու սարեր են, մերթ՝ քարափ ու անդնդախոր ձորեր, վիհ ու քերծ, որոնց շուրթերին բուսած ծաղիկների թերթիկները թրթռում են հայրենի բնաշխարհի լույսերով ու գույներով։ Այդ գույներից, այդ լույսերից է հունցվում հայրենիքի պատկերը, հայրենիքի զգացողությունը:
Նրա բանաստեղծությունները գալիս են մանկությունից, գալիս են ծննդավայր Շատինից։ Այստեղ են հուղարկավորված Ավարայրի ճակատամարտից նահանջած և ճանապարհին պարսիկների հետ մարտնչելիս զոհված հայրենասեր հայորդիները։ Հերոսական գյուղ է Շատինը։
Սիրելի՛ զինվոր, կարդա Վարդգես Խանոյանի բանաստեղծությունները, ճանաչի՛ր քո երկիրը, ճանաչի՛ր քեզ, ճանաչիր քո բանաստեղծին…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ
Իմ մտածումների հեռու կանչերից
թերթում եմ ահա
մագաղաթներդ՝
արցունքներիս շարված բազմակետերով՝
կույրի այբուբենով…
Ու շարժվում են վրան մատներիս ծայրերը,
աչքերիս մեջ, սակայն, արևը…
Գուցե կետ-այբուբեն չէ,
այլ տառերիդ սրտազարկերը…
ՁՈՆ ՓԱՌՔԻ
Ազատամարտիկ Աղվան Մինասյանի հիշատակին
Սև ամպ էր իջել մեր հայոց հողին,
Ցավից Արցախի նուրբ սիրտն էր մխում,
Հայացքդ պարզած մեր հույսի շողին՝
Ցասման կրակ էր քո սրտից բխում։
Սյունյաց աշխարհի սերը քո սրտում,
Գրոհի ելար, նետվեցիր մարտի,
Որ Ղարաբաղը չմնա ցրտում,
Որ նրան ժպտա հաղթության արփին։
Փա՛ռք քո վաստակած սուրբ հիշատակին,
Դու հավերժ կապրես մեր սրտերի մեջ,
Որպես քաջության վառ խորհրդանիշ,
Որպես բերկրանքի մի կանթեղ անշեջ։
Քո ծնողները երազների մեջ
Քեզ են փայփայում ու քեզ հետ խոսում,
Գյուղից աղբյուրը մեղմ, կարկաչահոս,
Ասես քո սրտի միջով է հոսում։
Ննջում ես հիմա հավերժի քնով,
Քնքուշ հովերը անունդ են տալիս,
Գիտեմ, Սահյանը՝ մեր պոետը մեծ,
Այն աշխարհում քեզ այցի է գալիս։
Օրհնանք ու արև քո սուրբ շիրիմին,
Քո փրկած հողին միշտ կանաչ գարուն,
Իմ անգի՛ն եղբայր, քո անունը թանկ,
Քաղցր երգ դարձած՝ մեր սիրտն է վառում։
ԵՂԵԳԻՍ ԳԵՏԸ
Եղեգիս գետը, Եղեգիս գետը
Հոսում է ահա,
Եվ գալար-գալար սահում են հետը
Ժպիտներն օրվա…
Իջավ հանդերին փափուկ մի գիշեր,
Ու մթնեց գետը,
Եղեգիս գետը կապույտ աստղեր է
Գլորում հետը…
Եղեգիս գետը սահում է, տանում,
Խոհերս խռով…
Եվ քո պատկերն է լուսնի պես սահում
Մաքուր ջրերով։
Չի կանգնում մի պահ,
Չի հանգստանում
Եղեգիս գետը,
Իմ ծարավների անքնությունը
Տանում է հետը։