ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԲԱՅՑ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ…
Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նստաշրջանի` «Պատերազմը եւ նրա դասերը. մնայուն խաղաղության որոնումը» խորագրով քննարկմանը, Թուրքիայի մասին իր խոսքն սկսեց նրբորեն ակնարկելով ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունը. «Ավելի խորացնել հաշտեցումը ժողովուրդների միջև` ընդհանուր պատմության և տագնապալի անցյալի հիշողության հիման վրա: Հաճախ այս գործընթացը ենթադրում է ավելին, քան պարզապես հռչակագրերի և բանաձևերի ընդունումը, այցելություններն ու ծաղիկներ դնելը զոհերի հուշարձանին կամ պայմանագրերի ու արձանագրությունների ստորագրումն ու ձեւական ձեռքսեղմումները: Որպեսզի հաշտեցումը տևական լինի, անհրաժեշտ է կարգավորել անցյալը, ճանաչել և ընդունել կատարված հանցագործությունների ողջ պատասխանատվությունը»:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունից դասեր քաղելուն, դեսպան Նազարյանը հատկապես նշեց, որ «Հաշտեցման գործընթացը կարող է ձգձգվել տասնամյակներ կամ նույնիսկ ավելի տեւական ժամանակ, սակայն 20-րդ դարի «առաջին ցեղասպանության ճանաչումը, որն իրականացվեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ»: «Զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգնման համար»:
Դեսպան Նազարյանը նշեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ժողովուրդների իրական հաշտեցման համար. «Այս հարցում հաջողության հասած ազգերն ու ժողովուրդները արդարության վերականգնման համար սովորաբար անցել են տեւական ճանապարհ, որը ենթադրում է փոխհատուցման գործընթաց զոհերի և նրանց ժառանգների ազգային արժանապատվության վերահաստատման նպատակով: Նաև հրատապ է միաձայն դեմ արտահայտվել պատմության աղավաղմանը, պատմական ոճրագործությունների մերժմանը և ժխտողականությանը»:
Զարմանալի չէ, որ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Հալիթ Չեվիկը պատասխան խոսքում ավելի շատ կենտրոնացավ ապագայի, այլ ոչ թե իր երկրի արյունոտ անցյալի վրա: Չգիտակցելով, որ դատապարտում է իր իսկ երկիրը, թուրք պատվիրակը պնդեց. «Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են առավել ծանր ոճիրների, մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ցեղասպանության և պատերազմի հանցագործությունների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Այնուհետև դեսպան Չեվիկը շարունակելով խոսքը, կրկնեց իր կառավարության մաշված փաստարկները, թե՝ «Ցեղասպանության անհեթեթ պնդումները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ երբեք օրինականորեն կամ պատմականորեն հիմնավորված չեն եղել: Նույն կերպ չկա ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական համաձայնություն այդ իրադարձությունների բնույթի վերաբերյալ… Մենք կարծում ենք, որ ճիշտ չէ, պատմությունից միայն թշնամանք քաղելով, ուրիշների վրա բարդել անցյալի վերաբերյալ միակողմանի մեղադրական տեսակետները և կոչ անել ընտրովի կարեկցանքի, ճիշտ ճանապարհ չէ հարգանքի տուրք մատուցել բազմաթիվ թուրքերի, հայերի և այլոց հիշատակին, որոնք կորցրել են իրենց կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ուստի կարևոր է առերեսվել պատմությանն ամբողջությամբ, և պատմական փաստաթղթերի ու արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով միգուցե հնարավոր լինի ճշմարիտ դասեր քաղել պատմությունից ու հասնել ընդհանուր արդարության»:
Դեսպան Նազարյանը, օգտվելով պատասխանի իր իրավունքից, խորին ափսոսանք հայտնեց թուրք ներկայացուցչի Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի վերաբերյալ խեղաթյուրված մեկնաբանություններ ներկայացնելու առնչությամբ եւ մանրամասն նկարագրելով Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի տիրապետության օրոք ապրած 1.5 միլիոն հայ մանուկների, կանանց եւ տղամարդկանց կյանքը… տեղահանություններն ու ջարդերը՝ ընդհուպ մինչև ցեղասպանություն, հաստատեց, որ «Այս ոճրագործությունը ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ բազմաթիվ պետությունների, միջազգային կառույցների, ներառյալ` ՄԱԿ-ի ու նրա ստորադաս մարմնի` Խտրականության վերացման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից»:
Դեսպան Նազարյանին ուղղված իր երկրորդ հակադարձման փորձին Թուրքիայի ներկայացուցիչն արդեն ավելի զգուշավոր էր իր ժխտողական պնդումներում. «Մենք չենք ասում, որ 1915 թվականին ոչինչ տեղի չի ունեցել: Մենք ասում ենք, որ այդ իրադարձությունները չեն համապատասխանում ՄԱԿ-ի 1948 թ. ընդունած ցեղասպանության նկարագրությանը: Այժմ Հայաստանի պատվիրակությունը 1915 թվականի իրադարձությունները բարձրացնում է որպես ցեղասպանություն, առանց դրա վերաբերյալ որևէ բանաձևի կամ միջազգային ատյանի որոշման: Այսպիսով, դուք, ինչ է, ակնկալում եք, որ մե՞նք …», մինչ թուրք դեսպանը կավարտեր հայտարարությունը, հնչեց նրա բջջային հեռախոսի զանգը` ընդմիջելով նրա նախադասությունը:
Շատ հավանական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ բազմաթիվ նման բանավեճ-բախումներ տեղի կունենան: Մինչդեռ ակնհայտ է, որ թուրք պաշտոնյաները չեն էլ գիտակցում, որ ինչքան շատ են ժխտում և հակազդում հայկական կողմի գործողություններին, այնքան ավելի են նպաստում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի արդար պահանջատիրության տարածմանն ու հաստատմանը: Ընդ որում, շնորհիվ դեսպան Նազարյանի հայտարարության, պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը լայնորեն քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ