Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԵՐԵՍՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ



«Անկարայի մտքի ազատության կենտրոնի» և «Արևմտահայոց Ազգային համագումարի» հրավերով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը բազմաթիվ թուրք մտավորականների և քաղաքական գործիչների հետ միասին մասնակցել է «Հրանտ Դինքի սպանության ոգեկոչման» ֆորումին։

-Պարոն Ախոյան, նախքան Հրանտ Դինքի ոգեկոչման ֆորումին անդրադառնալը, պիտի խնդրեմ, որ պատմեք «Արևմտահայոց Ազգային համագումարի» մասին։ Ե՞րբ է այն հիմնադրվել, ո՞ւմ կողմից և ի՞նչ առաքելություն ունի։

-«Արևմտահայոց Ազգային համագումար» կազմակերպությունը հիմնադրվել է 2011 թ.-ին դեկտեմբերին, Փարիզում։ Առաջին հավաքի ժամանակ համագումարի նախագահ ընտրվեց Սուրեն Սիրատերյանը, որը եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը, փոխնախագահներ ընտրվեցին գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանը, քաղաքագետ Կարեն Միքայելյանը։ Համագումարը կազմավորեց նաև ազգային խորհուրդ, որի անդամներից մեկը ես եմ։ Ստեղծվեց չորս աշխատանքային խումբ։

Կազմակերպությունը, ըստ էության, համախմբում է հայրենազրկված արևմտահայերի ժառանգներին և բարձրացնում նրանց պահանջատիրության և իրավունքների վերականգնման խնդիրները, ինչպես նաև իրականացնում ազգային-մշակութային բնույթի միջոցառումներ Արևմտյան Հայաստանի տարածքում, որտեղ այսօր 4 միլիոն ծպտյալ հայություն կա։

-Փաստորեն, Դուք ազգային հարցերի լուծման ճանապարհին կարևոր գործոն եք համարում թրքախոս, քրդախոս մահմեդական հայերին… Ունե՞ք տվյալներ. արդյոք նրանք կարևորո՞ւմ են իրենց ազգային արմատները և հետաքրքրվա՞ծ են հայկական խնդիրներով։

-Նրանք բոլորն էլ գիտեն, որ հայ են, գիտեն, թե ինչ է կատարվել 1915 թվականին, և մի փոքրիկ կայծ է պետք, որ բորբոքի հայկական արյունը, դեպի ազգային ակունքը դառնալու մղումը։ Մենք ունենք Թուրքիայում գործունեություն իրականացնող աշխատանքային խումբ, որի անդամներից մեկն էլ ես եմ։ Թուրք առաջադեմ և հանդուրժող քաղաքական շրջանակներում և մտավորականության մեջ ունենք բազմաթիվ համախոհներ և հենց նրանց աջակցությամբ կարողանում ենք իրականացնել մեր միջոցառումները։ Օրինակ՝ «Ակունք» և «Վան-պրոջեկտ» խմբերը Վանա բերդի մատույցներում 10 հազար հանդիսատեսի առջև հայկական երգերով հանդես եկան։ Մեկ այլ միջոցառման շրջանակներում մենք «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրեցինք թուրք հռչակավոր գրող, հրապարակախոս Յաշար Քեմալին, որի ջանքերով 1951թ. Աղթամարի «Սուրբ խաչ» եկեղեցին փրկվեց քանդվելուց։ Թուրքական տասնյակ առաջադեմ թերթեր անդրադարձան այս փաստին։

Մենք համագործակցեցինք կոմպոզիտոր, երգիչ Միքայել Ասլանի հետ և Թուրքիայում տարածված ու թուրքերեն հնչող հայկական երգերը մաքրեցինք այլակերպումներից, ձայնագրեցինք և հազարավոր օրինակով տարածեցինք Թուրքիայում։

-Դուք զրույցի սկզբում ասացիք, որ «Արևմտահայոց Ազգային համագումարը» բարձրացնում է հայրենազրկված արևմտահայերի ժառանգների պահանջատիրության և իրավունքների վերականգնման հարցը։ Խնդրում եմ մանրամասնել, խոսքը նյութակա՞ն պահանջատիրության մասին է։

-Արևմտահայության ամբողջ ունեցվածքը բռնազավթվեց Օսմանյան Թուրքիայի կողմից։ Թուրքիայի, ինչպես նաև արտասահմանյան այլ երկրների արխիվներում պահպանվում են բազմաթիվ վկայություններ ու փաստեր, որոնցում նշված է արևմտահայոց նյութական և ֆինանսական միջոցների մասին։

-Դուք վստա՞հ եք, որ Թուրքիայում գտնվող արխիվները պահպանվում են։

-Այո՛, պահպանվում են։ Համագումարի իրավաբանական խումբը, որը համալրված է նաև թուրք հայտնի իրավաբաններով, ուսումնասիրում է միջազգային փորձը և որոնում է ուղիներ հենց Թուրքիայում դատական գործընթացներ սկսելու համար։ Պետք է վերականգնել մեր հայրենակիցների քաղաքացիական իրավունքները իրենց պատմական հայրենիքում և, ինչու ոչ, բարձրացնել վերաբնակեցման (հայրենադարձման) հարցը։

-Պարոն Ախոյան, Դուք քանիցս շեշտեցիք, որ թուրք առաջադեմ մտավորականությունը սատարում է ձեզ, դուք գտել եք համախոհներ, որոնք դատապարտում են ցեղասպանությունը և խրախուսում մեր պահանջատիրական նկրտումները։ Թուրքական դիվանագիտությունը հայտնի է բոլորիս. մի տեսակ դժվար է վստահել թուրքերի հայանպաստ ջանքերին։

-Այսօրվա Թուրքիայի հասարակությունը էականորեն տարբերվում է 20-րդ դարասկզբի Օսմանյան Թուրքիայի ժողովրդից։ Ի վերջո, ժամանակն իրենն անում է։ Մենք չպետք է նույնացնենք թուրքական իշխանությունների քաղաքականությունը թուրք ժողովրդի կարծիքի հետ։

-Դա Հրանտ Դինքին սպանող հասարակությունը չէ՞։

-Թուրք մտավորականության մեջ կա մի շերտ, որը հասկանում է՝ Թուրքիան այլևս չի կարող տանել թշնամանքի ու ատելության այս բեռը։ Հասկանում է, որ Թուրքիան չի կարող առաջ շարժվել, երբ թշնամական հարաբերություններ ունի հարևան գրեթե բոլոր պետությունների հետ։ Մեր իրավաբանական խմբում ընդգրկված են բազմաթիվ թուրք հայտնի փաստաբաններ, որոնք պատրաստակամ են թուրքական դատարանում պաշտպանելու արևմտահայոց ժառանգների պահանջատիրությունը։ Կան թուրք գրողներ, հրապարակախոսներ, որոնք բանտում տարիներ են անցկացրել Հայոց ցեղասպանության մասին խոսելու կամ հայաշահ այլ հրապարակումների համար։

Սերունդներին տրվող ամենավատ ժառանգությունը թշնամությունն է՝ այսպես է ասում Ղուրանը։ Մենք պիտի կարողանանք հարթել մեր պատմական խնդիրները և շարժվել առաջ։ Մերժողականությունը մեզ տանելու է փակուղի, դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։

Դուք միայն պետք է տեսնեիք, թե ինչ մարդաշատ էր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միտինգը, և ինչպիսի սուր ելույթներ հնչեցին։ Մենք պիտի օգտագործենք այդ ներուժը, ուղղորդենք։

-Ի՞նչ շոշափելի արդյունք ունեցավ «Հրանտ Դինքի» սպանության ոգեկոչման ֆորումը։

-Ես շատ համարձակ ելույթ էի պատրաստել և գրեթե վստահ էի, որ ամենասուր ելույթն իմն է լինելու, սակայն իրականությունը գերազանցեց իմ սպասելիքները։ Ֆորումին մասնակից թուրք մտավորականների խոսքը շատ ավելի խիստ էր ու կտրուկ։ Ընդունվեց մի հռչակագիր հետևյալ վերտառությամբ. «Առաջարկներ 1915 թ.-ի ցեղասպանության ճանաչման, հաստատման և Թուրքիայի հասարակությանն այս ամոթից փրկելու վերաբերյալ»։ Փաստաթուղթը կազմել էին ֆորումին մասնակից թուրք մտավորականները և քաղաքական գործիչները։ «Մեր պարտքն է անվերապահորեն նեցուկ լինել հայերի պահանջատիրությանը»,- նշված էր հռչակագրում։ Առաջին կետը վերնագրված է` «Ճանաչում, ներողություն և հատուցում»։ Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է և հարկ չկա մանրամասնելու։ Առաջարկություն էր արվում վերականգնել հայկական ներկայությունը մեր արևմտյան տարածքների վրա, օրինակ` Էլմատաղ թաղամասը, որտեղ ապրել է վարդապետը, վերանվանել Կոմիտաս և այլն։

Երկրորդ կետով կոչ է արվում վերջ տալ պատմությունը ժխտող բոլոր գործողությունները. «Հետ կանչել և չեղյալ հայտարարել գործող «Անհիմն ցեղասպանությունների պնդումների դեմ պայքարելու» պետական հանձնախումբը, ջնջել ժխտողական գործողությունների համար 2014թ. վարչապետական գանձարանից տրվելիք գումարին վերաբերող պարբերությունը։

«Անձնագիր և քաղաքացիություն» վերտառությամբ դրույթը նախատեսում է թափանցիկ դարձնել Օսմանյան հայերի, Պոնտոսի հույների և ասորիների անձնագրային արխիվները, վերջ տալ քաղաքացիական իրավունքի խախտումներին, ոչ մահմեդականների արտաքսումներին։ Ծագումով արևմտահայերին, Պոնտոսի հույներին և ասորիներին հետ հանձնել քաղաքացիական իրավունքը, ցանկացողներին տալ անձնագիր։ Իրենց պատմական հայրենիքում բնակվելու ցանկություն ունեցողներին վերադառնալու հնարավորություն արտոնել, նրանց համար ստեղծել վերաբնակեցման պայմաններ։

5-րդ կետով առաջարկվում է հասանելի դարձնել կալվածագրերի արխիվները և վերջ տալ գործող սահմանափակումներին։ Հասանելի դարձնել նաև Օսմանյան արխիվները, ներառյալ՝ զինված ուժերի արխիվը։ Պետք է ժամ առաջ բացահայտել առևանգված կամ պետության կողմից այլ ընտանիքներին բաշխված (որոշ գնահատումներով) 150000 կանանց և որբերի ցուցակները։ Պատրաստել կողոպտված գույքի ցանկը։ Վերջում շոշափվում է հավաքական պատասխանատվության հարցը։

-Կնշե՞ք մի քանի հայտնի անուններ, որոնք միացել են այս նախաձեռնությանը։

-Չենգիզ Աքթար (թուրք հայտնի գրող), Ֆիքրեթ Բասքայա (համալսարանի դասախոս, 10 տարի ազատազրկված է եղել), Բասկն Օրան (փաստաբան, դասախոս), Սայիդ Չետինօղլու (թուրք գրող-հրապարակախոս), Նազեմի Գյուլ (BDP կուսակցությունից պառլամենտի անդամ), Թեմել Դեմիրեյ (ազգությամբ թուրք, համալսարանի դասախոս) և այլք։

-Պարոն Ախոյան, կարծում եք՝ մենք հնարավորություն ունե՞նք Թուրքիայում ձևավորել հակակշիռ իշխանական քարոզչությանը և թեկուզ փոքր-ինչ փոխել այն կարծրատիպերը, որոնք կան թուրքական հասարակության մեջ իրենց պատմության և մասնավորապես՝ 1915 թվականին կատարված ոճրագործության կապակցությամբ։

-Մենք պետք է փորձենք։ Ի վերջո, մեր դիրքերն ավելի ամուր են, որովհետև ճշմարտությունը մեր կողմն է։ 100 տարին շատ փոքր ժամանակահատված է մեր հետքերը մեր պատմական հայրենիքից ու մարդկանց հիշողությունից վերացնելու համար։ Կան բազում հարցականներ, որոնց թուրքական իշխանությունները պատասխանել չեն կարող։ Պատմության հետ առերեսումից խուսափելու թուրքական ջանքերը ապարդյուն են։ Եվ սա բոլորն են հասկանում։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Հոգևոր-մշակութային


27/02/2014