Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵԹԵ ՉԵՍ ՀՍԿԵԼ ՀԱՐԱԶԱՏ ԵՐԿՐԻԴ ՍԱՀՄԱՆԻ ԱՆԴՈՐՐԸ…»



Գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հրամանատարությամբ գործող խաղաղապահ բրիգադում ենք: Բարձրաձայնում ենք մեր մտադրությունը՝ զրուցել ծառայության ընթացքում աչքի ընկած խաղաղապահների հետ: Հրամանատարն ասում է՝ բարեխիղճ ու պարտաճանաչ զինծառայողները շատ են, բայց առանձնացնում է Ավագ Քուրդյանին, որ 2011 թ.-ից ծառայում է հրաձգային գումարտակում եւ արդեն հասցրել է կատարել խաղաղապահի իր պարտականությունները. 2013 թ. զորախմբի կազմում ապահովել է Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Արթուր Սիմոնյանը նրան բնորոշում է որպես ինքնավստահ, համարձակ, ուժեղ եւ հանգիստ բնավորության տեր անձի: Քիչ անց ծանոթանում ենք հրաձիգի հետ: Մոտենում է անշտապ, բայց հավասար եւ հաստատուն քայլերով, ասես՝ ծանր ու թեթեւ անելով իր ասելիքը:

-Մի՞շտ եք այսքան հանգիստ,-առաջին հարցը, որ անցնում է մտքովս, տալիս եմ ես:

-Խաղաղապահին անհրաժեշտ է պահպանել կատարյալ ինքնատիրապետում եւ լինել համբերատար: Այս որակները բերում են ինքնավստահություն, առանց որի հաջողությունը մեր ոլորտում անհնար է: Կարծում եմ` մեկ-երկու ամսում չես կարող ինքնավստահություն, ինքնուրույնություն, համբերատարություն, թիմում աշխատելու կարողություն եւ մի շարք այլ որակներ զարգացնել, քանի որ թվարկածս հատկանիշները որոշակի փորձ են պահանջում, որը ես ձեռք եմ բերել դեռեւս ժամկետային ծառայության ընթացքում: 2004-2006 թթ. ծառայել եմ առաջնագծում: Բազմիցս բարձրացել եմ դիրքեր` որպես պատասխանատու, եւ ամեն անգամ, ինչպես առաջին անգամ, նույն պատասխանատվությունն էի զգում կողքիններիս համար, նույն լարվածությամբ էի հսկում մեր տարածքը, նույն վստահությամբ էի նայում ինձ հետ դիրքը պահող տղաներին: Ծառայությունն առաջնագծում սովորեցնում է լինել ուշադիր, հոգատար, կարգապահ, վերլուծել իրավիճակը, վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրները` չթողնելով դրանք հաջորդ օրվան: Արագ նկատել եւ շտկել թերություններն ու բացթողումները: Ժամկետային ծառայության ավարտին, որպես աչքի ընկած ծառայողի, հրամանատարությունն առաջարկեց շարունակել զինվորական գործը: Սակայն ես այլ նպատակ ունեի` աշխատել մասնագիտությամբ եւ կայանալ իմ ոլորտում: Ավարտել էի Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը, մասնագիտությամբ քիմիկ-տեխնոլոգ եմ: Չորս տարի աշխատելուց հետո հայտնվեցի Ռուսաստանի Դաշնությունում, սակայն ընտանեկան հանգամանքների բերումով վերադարձա հայրենիք եւ որոշեցի արհեստավարժ զինվորական դառնալ՝ ծառայել խաղաղապահ բրիգադում: Վստահ էի` հիմնական ճանապարհն արդեն անցել եմ: Հավատացեք, եթե ժամկետային ծառայություն չես անցել, եթե չես կանգնել սահմանին ու չես հսկել հարազատ երկրիդ սահմանի անդորրը, դժվար թե կարողանաս գնահատել աշխարհի մեկ այլ վայրում խաղաղություն ապահովելու՝ հանուն այդ մարդասիրական գաղափարի ծառայելու կարեւորությունը:

Հաջողությամբ մասնակցելով մի շարք դասընթացների՝ հնարավորություն ստացա մեր զորախմբի կազմում յոթ ամսով մեկնել Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Ամենատպավորիչը, երեւի, ռազմափոխադրական ինքնաթիռն էր. առաջին անգամ էի նման փոխադրամիջոցից օգտվում: Ինքնաթիռը ծայրահեղ արագ վայրէջք կատարեց, երբեք այդպիսի ապրումներ չէի ունեցել: Դա վախ չէր, անանուն եւ անբացատրելի տագնապ էր: Տեղ հասանք: Մեր պարտականությունն էր պաշտպանել օդանավակայանը թալիբներից: Վտանգը մեծ էր, քանի որ բաց տարածություն էր, դիրքավորված հակառակորդ չկար, չգիտեիր՝ որ կողմից սպառնալիք կլինի: Նման իրավիճակում դու պետք է կառավարես մշտական դարձած ներքին լարվածությունդ, անհանգստությունդ, վերահսկես վարքդ, չդիմես խթանիչ գործողությունների: Ինձ օգնեց դիրք պահելու փորձս: Խաղաղապահը, ինչպես եւ ցանկացած զինվորական, պետք է վստահի իր ուժերին, ձերբազատվի անտեղի կասկածներից ու կաշկանդվածությունից, հարկ եղած դեպքում համարձակություն դրսեւորի եւ գործի առանց վարանելու: Այս առումով օրինակելի են գերմանացի զինվորականները, որոնց հետ կողք կողքի էինք ծառայում: Նրանք ռազմարվեստին գերազանց են տիրապետեում: Ի դեպ, նրանք էլ բարձր էին գնահատում հայերիս մարդկային որակները: Կարեւորում եմ բազմազգ գործողություններին մեր մասնակցությունը, բացի նրանից, որ մենք կանխում ենք զինված գործողությունները, նաեւ ամրապնդում ենք մեր պետության հեղինակությունը միջազգային անվտանգության համակարգում, ծանոթանում ենք արեւմտյան երկրների մարտավարությանն ու ռազմական նորամուծություններին:

Այժմ պատրաստվում եմ հաջորդ առաքելությանը: Իմ առջեւ գործնական հմտություններս կատարելագործելու, հույզերս ու զգացմունքներս գերազանցապես կառավարելու խնդիր եմ դրել: Իհարկե, դժվարություններ կան. ամենածանրակշիռը որդուս՝ չորսամյա Դավիթի հանդեպ կարոտի հաղթահարումն է: Առաքելության ընթացքում նա էլ ինձ էր կարոտում, անընդհատ ջերմություն էր ունենում: Երեխան դեռ չի հասկանում՝ ինչու չկամ, ուր եմ, հուսամ՝ կմեծանա եւ կգիտակցի՝ իմ բացակայությունը հանուն խաղաղության է, հանուն այդ ամենափխրուն գաղափարի, որի հաստատումն ու պահպանումը հնարավորություն է տալիս ապրելու եւ գործելու ազատ ու երջանիկ:

Խաղաղապահ Ավագ Քուրդյանի խոսքի ամբողջ ընթացքում ես այդպես էլ առիթ չգտա հարցեր տալու կամ չուզեցի ընդհատել, որովհետեւ նա ասում էր այն, ինչը ես ուզում էի իմանալ նրանից: Երբ բաժանվում էինք, ես ինձ հետ տանում էի խաղաղապահի, մասնավորապես՝ հայ խաղաղապահի ամբողջական, վեհ կերպարը: Վաղուց այդքան հանգիստ եւ հավասարակշռված մարդու չէի հանդիպել. թվում էր՝ ոչինչ ի զորու չէ հունից հանելու, նյարդայնացնելու նրան:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/02/2014