ԲԱՆԱԿԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՑՆ Է
Հայոց բանակը մեր ազգային հպարտությունն է, մեր անկախության պահապանը։ Բանակին նվիրված հանդիսություններ տեղի ունեցան ամբողջ հանրապետությունում։ Ուշագրավ էր նաև Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում «Բանակը պետության ամրոցն է» խորագիրը կրող ցերեկույթը, որին ներկա էին պետական և հասարակական կառույցների ղեկավարներ, զինվորականներ, Հայրենական պատերազմի և աշխատանքի վետերաններ, ազատամարտիկներ, հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված քաջորդիների հարազատներ։
Միջոցառումն սկսվեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքով (հարկ է նշել, որ Արագածոտնի մարզպետը ուշադրության կենտրոնում է պահում և մշտապես խրախուսում ու աջակցում է մարզում ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն)։
Միջոցառման ընթացքում հայ ռազմիկին, սահմանին աներեր ու քաջաբար կանգնած հայ զինվորին իր օրհնանքի խոսքը հղեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Տոնի առթիվ ներկաներին ջերմորեն շնորհավորեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, որը մշտապես հետևողական աշխատանք է տանում աճող սերնդի ռազմահայրենասիրական և ռազմամարզական դաստիարակությունն ամրապնդելու ուղղությամբ։ Գեներալ-լեյտենանտը մեծ ավանդ ունի նաև այս դպրոցում. նրա անմիջական հսկողությամբ է կառուցվել դպրոցի ռազմամարզական հրապարակը, կահավորվել է երեք դասասենյակ։
Աշակերտների գեղեցիկ կատարումները ոգևորել էին ներկաներին։ Դահլիճում թևածում էր հայրենասիրական երգը, թնդում էր խրոխտ պարը, ոգեշունչ ասմունքը։ Եվ ահա անկախության սերունդն է բեմում, որ խոստանում է տեր լինել մեր երկրին, պաշտպան լինել հայրենիքին, շենացնել, ծաղկեցնել Հայաստան աշխարհը։
Հայաստանը մենք ենք,
Ապագա կերտող, թևավոր սերունդ,
Ու մեզ է պատվով վստահվել
Եռագույն ներկված երազը Հայկի։
Ու պիտի անցնենք մենք հաղթանակած
Պապերի անմահ ճամփեքով փառքի։
Այսպիսի սերունդ ունեցող ազգը
Թեժ կռվի դաշտից չի նահանջելու,
Այսպիսի սերունդ ունեցող ազգը
Հայրենի երկրից մի բուռ հող անգամ էլ չի՛ զիջելու…
Դահլիճը թնդում է ծափերից։ Միջոցառման ավարտին ռազմահայրենասիրական դաստիարակությունը մարզում ամուր հիմքերի վրա դնելու համար ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և զորամասերի հրամանատարներ՝ գնդապետ Հովիկ Սիմոնյանը, փոխգնդապետներ՝ Արթուր Հարությունյանը, Աշոտ Ֆանյանը, Կարեն Մխիթարյանը և կապիտան Տիգրան Ասատրյանը Արագածոտնի մարզպետի կողմից արժանանում են պատվոգրերի։ Իսկ Արագածոտնի մարզից զոհված ազատամարտիկների հարազատներին մարզպետի կողմից հուշանվերներ են հանձնվում։
Նմանաբնույթ միջոցառումները մարզում շարունակական բնույթ ունեն:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Բանակ և հասարակություն