Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՂԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՀԱՆՑԱՆՔ ՄԻ՛ ԳՈՐԾԵՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ



Մի քանի օր է, ինչ համացանցում լայնորեն քննարկվում է Armnews հեռուստաընկերության ցուցադրած ապազգային մի տեսանյութ` մեր ժամանակների «հերոսների»` գողականների մասին: Այն հավակնում է, այսպես կոչված, հիթ դառնալու: Լրահոսի լավայի մեջ այսօր դժվար է գտնել մի նյութ, որը կես օրվա կյանք ունենա, իսկ ահա այս «բեսթսելլերը» տիրաժավորվեց կայծակնային արագությամբ, արտատպվեց տասնյակ կայքերի ու բլոգերների կողմից: Սա, իմ համոզմամբ, ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգադավություն բառիս բուն իմաստով: Բացատրեմ` ինչու եմ այդպես մտածում: Մի քանի օր առաջ նշվեց Արցախյան պատերազմի լեգենդար հերոս Պետոյի ծննդյան օրը, որի մասին ներկայացվեցին նաև տեսագրություններ, որոնք սակայն չտարածվեցին նման ժրաջանությամբ ու քանակով: Մենք այսօր մի գլուխ բողոքում ենք կյանքից՝ մեղադրելով բոլորին` մեր թաղային ոստիկանից մինչև Հիսուս Քրիստոս, ոչ մեկին չենք խնայում, բայց մի պարզ բան չենք հասկանում: Մեր բոլոր դժբախտությունները ցածր արժեքային համակարգի, հոռի դաստիարակության հետեւանքով են: Չենք ուզում տեսնել բարի մարդուն, ազնիվին, իսկական հերոսին և… պաշտում ենք, խնկարկում կեղծ հերոսներին: Վերը հիշատակված տեսանյութը ասվածի լավագույն վկայությունն է:

Այդ չարաբաստիկ գողական «հերոսի» մասին ես անձամբ բավականին լավ եմ տեղեկացված: 1993 թ. նույն այդ օրերին ես պառկած եմ եղել Հանրապետական հիվանդանոցում, որտեղ ինձ հետ բուժվում էին նաև բազում ազատամարտիկներ ու նաև ռմբակոծությունից տուժած սովորական քաղաքացիներ Արցախից: Այդ դժվարին ժամանակ անգամ Հանրապետական հիվանդանոցը էլեկտրաէներգիայի խնդիր ուներ, իսկ ահա «օրենքով գողի» հուղարկավորության օրերին մի ամբողջ շաբաթ թաղամասը՝ Երեւան քաղաքը, լույս ուներ…

Բարձրաձայնվո~ւմ է, տարփողվո~ւմ է, տիրաժավորվո~ւմ է` տեսե՛ք-տեսե՛ք, գողական աշխարհի հեղինակությունները զենք ու զինամթերք են Ղարաբաղ ուղարկել… Սո՛ւտ է, էժանագին սուտ: Ոչ մի հատիկ փամփուշտ այդ ժամանակ գողական աշխարհի կողմից առաջնագիծ չի հասել: Հնարավոր է` նման զենքեր բերվել են Հայաստան, բայց դրանցով ավելի շատ ասֆալտի հերոսներն էին զինվում: Երեկոյան անլույս ու մութ Երևանում հաճախ տեսնում էինք երկինք թռչող լուսածիր գնդակները, ու թերևս հենց այդ զենքերով Երևանի փողոցներում մարդիկ էին սպանվում: Եվ ոչ էլ նույնիսկ համազգեստ ու հանդերձանք է ճակատ ուղարկվել որևէ գողականի կողմից: Բոլոր հիմնական մատակարարները վաղուց են հայտնի, բոլորը գիտեն, թե ովքեր և ոնց էին Մոսկվայից ու Ռոստովից կամ Փարիզից ու ԱՄՆ-ից որոշակի քանակությամբ հանդերձանք Հայաստան բերում: Այդ մասին լավ գիտեն կռված տղաները: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ Մոնթեն Քարվաճառի ազատագրումից հետո կոչ էր անում` զինվորական կոշիկ հասցնել:

Մինչդեռ հեռուստատեսային տեսագրության մեջ խորվաթական արտադրության էժանագին ատրճանակ-գնդացիրը որպես ամերիկյան հատուկ ծառայությունների բացառիկ զենք է ներկայացվում, որից, իբր, մի քանի հատիկ կա աշխարհում: Ծիծաղելի է:

Այս ամենը, պարոնա՛յք, անարգանք ու մեծագույն հանցագործություն է մեր իրականության ու սերունդների նկատմամբ: Հայ ազգը մտավորականների ու իրական հերոսների պակաս երբեք չի ունեցել, գալիք սերունդների հանդեպ ոճիր եք գործում, երբ փորձում եք գողական աշխարհի «կարկառուն» ներկայացուցիչների օրինակով մատաղ սերունդ դաստիարակել: Դուք ոտնահարում եք ազգային արժեքները, ցեխին եք հավասարեցնում բարոյականության արժեհամակարգը, հասարակայնորեն ընդունված չափանիշները, դուք մեղք եք գործում ձեր երեխաների ու սերունդների առջև:

ՎԱՆ ՍԵԲԱՍՏԱՑԻ

Հ.Գ. – Տպագրելով Վան Սեբաստացու նամակը՝ խմբագրությունն իր զորակցությունն է հայտնում նրան և բոլոր այն մարդկանց, որոնք կիսում են հեղինակի մտահոգությունը՝ չի՛ կարելի զանգվածային տեղեկատվության միջոցներով` հեռուստատեսությամբ, մամուլով ազգ, ժողովուրդ, մատաղ սերունդ դաստիարակել` հանցագործ, քրեական աշխարհի հեղինակություններին ներկայացնելով որպես հայրենիքի, սեփական ժողովրդի հոգսերով ու ցավերով այրվող, տապակվող մարդկանց, մանավանդ չի՛ կարելի նրանց հակաօրինական, հակաժողովրդական, հակամարդկային, հանցագործ, ասել է թե` արյունոտ, կյանքն ու գործունեությունը «սրբագործել»` նրանց անունը կապելով մեր ժողովրդի սրբազան պայքարի` Արցախյան հերոսամարտի հետ: Անգամ եթե հավատանք այն հայտարարություններին (որոնց հավաստիությունը խիստ կասկածելի է և դեռ ճշտման կարիք ունի), որ այդ «հեղինակությունները» պատերազմի ժամանակ ինչ-ինչ օգնություն են ցուցաբերել պատերազմող իրենց հայրենակիցներին: Գողական աշխարհի հեղինակություններին որպես լեգենդ, հերոս, հայրենիքի պաշտպան ներկայացնելով` բարոյականության, ազգասիրության կեղծ և չափազանց վտանգավոր չափանիշներ եք, պարոնա՛յք, հասարակությանը` մանավանդ երիտասարդությանը պարտադրում: Մեր հերոսը հայրենիքի համար իր արյունը տված, առաքինի, բարոյականության բարձրագույն չափանիշներով առաջնորդվող, օրինապահ ու օրինապաշտ, ստեղծող ու արարող մարդն է:
Այդպես է եղել երեկ, այդպես է այսօր և այդպես կլինի վաղը:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


27/02/2014