Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏՎԱԴՐՈՇԸ



Հրետանային ուսումնական զորամասը միակն է ազգային բանակում, որ հինգ տարի անընդմեջ ուսումնականների մեջ նվաճում է լավագույնի կոչումը և պարգևատրվում պատվադրոշով: Գործող կարգի համաձայն՝ երեք անընդմեջ հաջողության դեպքում պատվադրոշն իր մշտական գրանցումն է ստանում այդ զորամասում, այսինքն` հրետանավորների պատրաստման այս օրինակելի զորամաս-կրթօջախում մարտական դրոշի կողքին իր հաստատուն տեղն է զբաղեցրել առաջին մշտականը: Համառ ու աշխատասեր անձնակազմը պայքարում է երկրորդի համար:

Փետրվարի տասնհինգին տոնական տրամադրություն էր զորամասում: Զինվորական երդում էին ընդունում զորակոչի վերջին օրերին զորամասը համալրած նորակոչիկները (կուրսանտները): Շտաբի պետ, փոխգնդապետ Աղասի Սահակյանի համապատասխան զեկույցից, արարողակարգային ողջույնից ու շնորհավորանքից, հանրապետության օրհներգի կատարումից հետո զորամասի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրոսյանը հրամայեց սկսել: Կես ժամից երդմնակալությունն ավարտվեց, և հրամանատարը մեկ անգամ ևս հայրենիքի երիտասարդ պաշտպաններին շնորհավորեց իրենց կյանքի մեծագույն իրադարձության առիթով:

Գնդապետ Ալ. Պետրոսյանի հետ զրույցի միջոցով փորձեցինք բացահայտել տևական ու կայուն հաջողությունների գաղտնիքը:

Ծնվել է 1978թ.: 1995թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան նորաստեղծ ինստիտուտ: Ավարտելուց հետո մինչև 2007թ. ծառայել է սահմանամերձ զորամասում: Զինվորական կրթությունը շարունակել է արտասահմանյան երկրներից մեկի հրետանային ակադեմիայում: Որպես ավագ սպա, ծառայել է հրթիռահրետանային զորքերի վարչությունում, որից հետո նշանակվել է զորամասի շտաբի պետ, որոշ ժամանակ անց նույն պաշտոնով տեղափոխվել է ուսումնական զորամաս: 2013թ. մարտից գնդապետ Ալեքսանդր Պետրոսյանը զորամասի հրամանատարն է: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական, Անբասիր ծառայության համար առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի մեդալներով, ամուսնացած է, ունի երկու որդի:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ. Ո՞Վ Է ՆԱ

-Ձեր զորամասը կարողացավ հինգերորդ անգամ արժանանալ լավագույնի կոչմանը և Պատվադրոշին: Այն ի՞նչ խորհուրդ, արժեք ունի Ձեզ և Ձեր անձնակազմի համար:

-Սերն ու նվիրվածությունը սիրած գործի, բանակի, հայրենիքի նկատմամբ հրաշքներ կարող են գործել: Առաջինը լինելու պատիվը մեզ հեշտ չի տրվել, որովհետև մյուս ուսումնական զորամասերը նույնպես շատ լավ են աշխատում, և մենք հաջողության ենք հասել լուրջ մրցակցության պայմաններում ու կարողացել ենք մյուսներից մի փոքր առաջ անցնել: Պարզապես պահպանում և ձգտում ենք զարգացնել նախկին հրամանատարության օրոք ձևավորված լավագույն ավանդույթները: Պատվադրոշի խորհուրդը իսկապես մեծ է, արժեքը՝ անգնահատելի, որովհետև նվաճվում է քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Զորամասը մշտապես համալրվում է մարտական զորամասերի բովում թրծված սպաներով, որոնք շատ լավ են տիրապետում հրետանային գործին:

-Կխնդրեմ անդրադառնաք ուսման գործընթացին՝ անցած տարվա արդյունքներին:

-Զորամասում, ընդհանուր առմամբ, ուսուցանվում է տասնութ առարկա` մարտավարական, մասնագիտական, տեխնիկական և այլն: Հասկանալի է՝ ամենակարևորն էլ այն է, որ կուրսանտներն ամբողջությամբ տիրապետեն հրետանավորի մասնագիտությանը և հմտանան հրետանային ստորաբաժանում (հաշվարկ) ղեկավարելու գործում, չէ՞ որ ավարտելուց հետո նրանք ստանում են կրտսեր հրամանատարի՝ սերժանտի կոչում: Զորամասի ուսումնական բազայի հնարավորությունները թույլ են տալիս ծրագիրը ամբողջությամբ կատարելու: Տեսական ու գործնական պարապմունքներն անցկացվում են զորամասի տարածքում, մարտական հրաձգությամբ պարապմունքները՝ դաշտային պայմաններում, ուսումնական փուլերի ընթացքում կազմակերպվող ճամբարային հավաքների ժամանակ: 2013թ. քննությունները հանձնել ենք հաջողությամբ, իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները, ինչն էլ եղել է մեր հաջողության երաշխիքը:

-Հայտնի է, որ ուսումնական փուլն արդեն սկսվել է, նախապատրաստական շրջանում քննարկվել են նոր մեթոդներ, ծրագրեր, մոտեցումներ:

-Ուսումնական փուլերի միջև ընկած ժամանակը սովորաբար օգտագործվում է անցածը վերագնահատելու, նոր փուլին ավելի լավ նախապատրաստվելու համար: Հետաքրքիր առաջարկներ են լինում, և մենք թույլատրում ենք, որ սպաներն ազատ լինեն ինչպես նյութը մատուցելու, այնպես էլ կուրսանտների գիտելիքներն ստուգելու ժամանակ, կարևորն այն է, որ ծրագիրը կատարվի:

-Տևական հաջողությունը ենթադրում է, որ Ձեր զորամասում ամուր հիմքերի վրա են դրված զինծառայողների փոխհարաբերությունները, բարոյահոգեբանական պատրաստության, գաղափարադաստիարակչական, հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպման հարցերը: Ի դեպ, որքան տեղյակ եմ, մարտկոցների հրամանատարներն ունեն ԱՀՏԱ գծով տեղակալներ, որոնց դերը նույնպես կարևոր է:

-Զինվորի առօրյան պետք է լինի բովանդակալից, հետաքրքիր, որպեսզի ծանրաբեռնված պարապմունքներից հետո հնարավոր լինի լիցքաթափվել, հանգստանալ: Այդ նպատակով ուսումնական փուլերի սկզբին հասարակական ակտիվներում քննարկվում և կազմվում են տարբեր միջոցառումների ծրագրեր: Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր հանգստյան օր որևէ մարտկոց ինչ-որ հետաքրքիր միջոցառում (համերգ, ինտելեկտուալ խաղ) է անցկացնում: Բավական լավ ենք համագործակցում տեղական իշխանությունների, մոտակա համայնքների, հասարակական, մշակութային կազմակերպությունների, պատերազմի վետերանների, երկրապահների հետ: Քսանչորս դպրոցներում իրականացնում ենք շեֆական աշխատանքներ:

-Հասցնո՞ւմ եք տարվա ընթացքում երկու անգամ փոփոխվող անձնակազմերի միջև անհրաժեշտ մրցակցություն ծավալել:

-Այո՛, իհարկե, որովհետև յուրաքանչյուր թեմատիկ պարապմունքից հետո տեղի է ունենում գիտելիքների ստուգում, ամփոփում ենք արդյունքները, բացահայտում ու շտկում թերությունները, իսկ ուսումնական փուլերի ավարտին հաշվի ենք առնում քննությունների տվյալները: Լավագույններին որոշելու համար նկատի են առնվում նաև անցկացված հոգևոր-մշակութային միջոցառումների քանակն ու որակը: Ներկայումս լավագույնը փոխգնդապետ Բագրատ Մարտիրոսյանի դիվիզիոնն է, մարտկոցների մեջ` մայոր Վահան Հարությունյանինը, դասակներից առաջատարը կապիտան Հրանտ Գալստյանի դասակն է: Գոհ եմ նաև կապիտան Արթուր Աբաջյանի (82 մմ ականանետային դասակ), կապիտան Գուրգեն Բաբայանի (ականանետային մարտկոց) աշխատանքից: Նրանք անցած երկու ուսումնական փուլերում էլ բարձր գնահատականներ են ստացել:

♦♦♦

Գնդապետ Աշոտ Մկրտչյանն Արցախյան պատերազմի մասնակից, տարբեր զորամասերում հրետանային դիվիզիոններ ղեկավարած փորձառու սպա է: Այժմ զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալն է:

-Նորակոչիկ զինվորների շրջանում անհատական աշխատանք ենք տանում առանձնազրույցների միջոցով, տեղեկություններ ենք հավաքում նրանց ընտանիքների մասին, ճշտում նախասիրությունները, հակումները, վերաբերմունքը բանակի, զինվորական ծառայության նկատմամբ: Շատ կարևոր է, որ այն տղաները, ովքեր հասարակական գործերում, ընկերային փոխհարաբերություններում պասիվ են, զբաղված լինեն միջոցառումներ կազմակերպող խմբերում, ներգրավվեն ստորաբաժանումների ներքին կյանքում: Վերջին շրջանում մեր կապերը շատ են ընդլայնվել: Երկու տասնյակից ավելի դպրոցներից բացի, սերտորեն համագործակցում ենք Աբովյանի ուսանողական խորհրդի, ԵԿՄ-ի, պատերազմի վետերանների և բազմաթիվ այլ կազմակերպությունների հետ: Ամեն տարի կազմակերպում ենք շրջակա գյուղերի հուշակոթողների, հուշարձանների, եկեղեցիների ու բերդերի տարածքների մաքրման աշխատանքներ:

♦♦♦

Կապիտան Հրանտ Գալստյանը հակատանկային համալիրների օպերատորների պատրաստման դասակի հրամանատարն է: Նա քսանյոթ տարեկան է, 2007թ. ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության անցել հրետանու մարտական զորամասում: 2009թ.-ից այս զորամասում է: Արդեն քանի տարի նրա հրամանատարությամբ գործող դասակը ճանաչվում է լավագույնը:

-Վստա՞հ ես, որ քո դասակի զինվորները պատերազմի ժամանակ նույնպես անվրեպ կխոցեն բոլոր թիրախները:

-Իհարկե, կխոցեն, նույնիսկ «բավարար» գնահատականով ավարտածներին չեմ կասկածում, գերակշիռ մասը մեզնից հեռանում է մասնագիտական հարուստ գիտելիքներով և փորձով զինված:

♦♦♦

Մարտկոցի հրամանատար, կապիտան Գուրգեն Բաբայանը ծնվել է Երևանում, սովորել թիվ 115 միջնակարգ դպրոցում: Ութերորդ դասարանից ուսումը շարունակել է «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում: 2003թ. ընդունվել, ապա 2007 թ.-ին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրետանային ֆակուլտետը: Ծառայել է մարտական զորամասում, եղել է դիվիզիոնի ղեկավարման դասակի հրամանատար, ապա, որպես հետախուզության պետ, ինքնագնաց հրետանային կայանքների դասակի հրամանատար: 2010 թվից այստեղ է, ականանետային մարտկոցի հրամանատար է նշանակվել ուսումնական փուլից առաջ:

-Պաշտպանության նախարարը վաշտ-մարտկոց օղակում թերությունները բացահայտելու, շտկելու, զինծառայողների փոխհարաբերությունները, կեցության պայմանները բարելավելու խնդիր է դրել, և մենք օրնիբուն աշխատում ենք այդ ուղղությամբ: Միաժամանակ ձգտում ենք առաջադրանքը կատարել նոր մեթոդներով, որպեսզի կուրսանտները տևական պարապմունքներից չձանձրանան: Վստահ եմ, որ մեր պրպտումներն է՛լ ավելի լավ արդյունք կտան, եւ զորամասում արմատավորված բարի ավանդույթները կշարունակվեն:

Ա.ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/02/2014