Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ԲՈԼՈՐԸ ԱՏՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ



♦ Ազգամիջյան բախումներ ադրբեջանական բանակում:
♦ Փոխգնդապետը եւ մայորը ինքնասպան են եղել:
♦ Իլհամ Ալիեւը ամենեւին էլ «բազե» չէ:

ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՆԵՑԻՆ ՌԱՄԻՆԻՆ

Նոր մանրամասն է ի հայտ եկել ադրբեջանցի զինվոր Ռամին Ջաբրաիլովի մահվան գործում: Հիշեցնենք. սա այն զինվորն է, որ ողջ էր մնացել փետրվարի 20-ին գնդակահարված ադրբեջանական ջոկի անդամներից եւ երեք օր անց կասկածելի հանգամանքներում զոհվել էր ավտովթարից` քննիչների մոտ տանելու ճանապարհին: «Voskanapat.info» կայքը էլեկտրոնային նամակ է ստացել Ռուսաստանից, որի հեղինակը ներկայացել է Ասլան անունով: Նա գրում է.
«Բարեւ ձեզ
Չկարծեք, թե ես հայերի բարեկամն եմ դարձել, բայցեւ թշնամի լինել նույնպես չեմ ուզում: Ես որոշեցի գրել ձեզ այս նամակը, որովհետեւ չգիտեմ, թե ձեզնից բացի ով կարող է օգնել փարատելու իմ վիշտը: Իմ ընկերոջը սպանել են Ադրբեջանի Հանրապետության ռազմական ոստիկանությունում, որովհետեւ նա ամեն ինչ գիտեր Մուրովում 7 զինվորների սպանության մասին: Իմ ընկերոջ անունը Ռամին Ջաբրաիլով է, նա միակն էր, ով թաքնվել էր եւ չէր մեռել, երբ բոլորը կրակում էին միմյանց վրա:
Երբ Ռամինին ձերբակալեցին, ես զանգահարեցի մեր մյուս ընկերոջը, նա ասաց, որ Ռամինին ուղարկել են Դաշքեսան եւ շատ են ծեծում: Իմ ընկերն ասում էր, որ Ռամինը կիսամեռ է, եւ նրանք ուզում են, որ Ռամինն ասի, թե ինքն է սպանել 7 զինվորներին: Ռամինը չի սպանել, նա թաքնվել է, բայց նրանք պահանջում էին, որ Ռամինն իր վրա վերցնի սպանության մեղքը:
Երեկ (մարտի 10-ին – Ա.Յ.) ես զանգեցի մեր ընկերոջը, նա ասում է, որ ավտովթարը «սարքած» է, իսկ Ռամինին արդեն մահացած են դրել ավտոմեքենայի մեջ: Եթե կարող եք, օգնեք ճշմարտությունն ասել: Ռամինին սպանել է զինվորական դատախազությունը: Ով ծառայել է ադրբեջանական բանակում, գիտի, որ այնտեղ իսկական անտերություն է եւ կամայականություն, բոլորը բոլորին **** են (հայհոյանք – Ա.Յ.), եւ բոլորը միմյանց ատում են: Ռամինն այդպիսին չէր, նա իսկական մահմեդական էր, իսկ թշնամիները նրան սպանեցին, որովհետեւ նա վկա էր եւ գիտեր, թե ով է սպանել 7 զինվորներին: Եթե ես հետո նոր բան իմանամ, անպայման կգրեմ ձեզ, որովհետեւ միայն դուք կհրապարակեք ամբողջ ճշմարտությունը:
Իմ անունը ձեզ չեմ ասի, կգրեմ միայն Ասլան:
Ռուսաստան»
Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի քարտուղարի հայտարարության, Ռամինին քննիչների մոտ էին տանում «բոլորովին այլ գործով», որը չէր առնչվում 7 զինվորների սպանությանը: Սա կասկածելի է, եւ նույնիսկ եթե ճիշտ է, ապա քննիչները պետք է գային Ռամինի մոտ եւ ոչ թե նրան տանեին: Բացի դրանից, հազիվ թե կասկածյալին նստեցնեին ավտոմեքենայի առջեւի նստատեղին: Իսկ եթե հետեւի նստատեղին է նստած եղել, ինչպե՞ս է ստացել «գանգի հիմքի բազմաթիվ կոտրվածքներ», որոնցից էլ մահացել է:
«Դատելով ըստ հերթական զոհի ազգանվան` նա Դաղստանի ժողովուրդների ներկայացուցիչ է, ամենայն հավանականությամբ, լեզգի»,- գրում է Լ.Մելիք-Շահնազարյանը: Նրա ենթադրությամբ, փետրվարի 20-ին զոհված 7 զինվորներից առնվազն երկուսը նույնպես Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ են (http://voskanapat.info/news/ramina_dzhabrailova_ubili_po_prikazu_iz_baku/2011-03-14-1197):
Նշանակում է՝ կատարվածը, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական բանակում ազգամիջյան բախումների հետեւանք է: Ի դեպ, ադրբեջանցի զինծառայողների ծնողների վկայությամբ, Թարթառի զորամասում վերջերս մի քանի զինվոր է վիրավորվել, իբր, հայկական կողմի բացած կրակից, բայց զորամասի հրամանատարությունը փաստը գաղտնի է պահում («Ազադլիգ», 12.03.2011): Սա տարօրինակ է. Ադրբեջանը իր բոլոր կորուստները ներկայացնում է որպես հայկական կողմի կրակի հետեւանք եւ դա օգտագործում քարոզչական նպատակներով, ուրեմն ինչո՞ւ է թաքցնում զինվորների վիրավորվելու փաստը: Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ նրանք իրականում վիրավորվել են ոչ թե հայ զինվորի արձակած գնդակից, այլ` միջանձնային կամ ազգամիջյան «ռազբորկաների» հետեւանքով:

«ՄԱՀՎԱՆ ԿՈՐՊՈՒՍԸ»

Ուշագրավ է, որ նույն այն կորպուսում, որն Ադրբեջանում արդեն ստացել է «մահվան կորպուս» անունը, փետրվարի 20-ի դեպքից հետո ածելիով սեփական կոկորդը կտրելու միջոցով ինքնասպանության փորձ է արել փոխգնդապետ Ազեր Հուսեյնովը, որը պատասխանատու էր կորպուսի անձնակազմի հաշվառման համար: Ենթադրվում է, որ նա շատ բան գիտեր զորամիավորումում հայտնաբերված անօրինականությունների, կաշառակերության եւ այլ հանցագործությունների մասին («panorama.am», 15.03.2011): Ադրբեջանի խորհրդարանի` անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Զախիդ Օրուջն այս առթիվ նկատել է, որ «օպերատիվ-քննչական միջոցառումները ոմանց վրա բարոյահոգեբանական ճնշում են գործադրում» («apa.az», 15.03.2011): Սա նույնպես վկայում է, որ կորպուսում լուրջ ապօրինություններ են կատարվում, որոնց զոհը, դատելով ըստ ամենայնի, Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են:
Մարտի 9-ին «հաշվեցուցակային ինքնաձիգով» ինքնասպան է եղել ադրբեջանցի մեկ այլ սպա` մայոր Ռաֆիկ Գանիեւը: Պատճառի մասին ոչինչ հայտնի չէ («armenpress.am», 11.03.2011): Եւս մեկ ինքնասպանություն է եղել մարտի 14-ին. զինծառայող Օրհան Մամեդովը կախվել է («apa.az», 15.03.2011): Դրանից մեկ օր առաջ հոսպիտալում հիվանդությունից մահացել էր զինվոր Մուզաֆար Փիրվերդիեւը («apa.az», 14.03.2011): Բոլոր այս պատահարները վկայում են, որ ադրբեջանական բանակում լուրջ հիմնախնդիրներ կան` ինչպես կարգապահական, այնպես էլ սոցիալական:
Սոցիալական խնդիրներ ունեն նաեւ պաշտոնաթող սպաները. «Պահեստի եւ պաշտոնաթող սպաներ» հասարակական կազմակերպության նախագահ Յաշար Ջաֆարլին մի խումբ սպաների անունից հայտարարել է, որ սպաներին պահեստազոր արձակելուց առաջ նրանց տեղափոխում են ավելի ցածր պաշտոնների, որպեսզի, գործող օրենքի համաձայն, թոշակի չափը փոքր լինի: Մի խումբ պաշտոնաթող գնդապետներ ու փոխգնդապետներ կարծում են, որ դրանով ոտնահարվում են իրենց իրավունքները եւ մտադիր են դիմել դատարան («novosti.az», 15.03.2011):

ԻԼՀԱՄԸ ԽԱՂՈՒՄ Է ԿՐԱԿԻ ՀԵՏ

Ամեն շաբաթ ադրբեջանական բանակում կատարված արտակարգ պատահարների մասին տեղեկանալուց հետո ծիծաղելի են թվում այդ երկրի ղեկավարների ռազմատենչ հայտարարությունները: «Վրացինֆորմ» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին «novosti.az»-ին տված հարցազրույցում (18.03.2011) նշում է, որ ինչքան էլ Ադրբեջանը հզորանա, պետք չէ մոռանալ, որ Հայաստանն էլ «այս 20 տարին «ձեռքերը ծալած» չի նստել եւ մեծացրել է իր մարտունակ բանակների անձնակազմի թվաքանակը, հատկապես ղարաբաղյան բանակինը, որի մարտունակությունը չի ժխտում նույնիսկ Բաքուն»:
Վրացի վերլուծաբանը, անդրադառնալով պատերազմի հնարավոր սցենարին, շեշտում է, որ Ադրբեջանի զրահատեխնիկայի խնդիրները կսկսվեն լեռնային տեղանքում, որ Հայաստանն առավելագույնս հզորացրել է իր ՀՕՊ-ը, որը կարող է չեզոքացնել ադրբեջանական օդուժի առավելությունը, որ Ադրբեջանի թե՛ նավթի եւ թե՛ գազի խողովակաշարերը մարտական գործողությունների թատերաբեմից հեռու են ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր եւ կարող են ոչնչացվել ինչպես «պատահական» ռումբով, այնպես էլ հրթիռով, տրոտիլի պայթյունով, հրետանիով, դիվերսիոն խմբի կամ դեսանտի միջոցով, եւ որ պատերազմը սկսվելուց հետո ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը եւ ո՛չ էլ որեւէ այլ երկիր չի փորձի բաժանողի կամ հաշտարարի դեր կատարել:
Այս ամենը հաշվի է առնում նաեւ Իլհամ Ալիեւը, որը, վրացի փորձագետի կարծիքով, ամենեւին էլ «բազե» չէ, այլ` հեռատես քաղաքական գործիչ, որը հասկանում է, որ Հայաստանի դեմ նոր պատերազմը աղետալի հետեւանքներով է հղի ոչ միայն ամբողջ Ադրբեջանի, այլեւ իր ընտանիքի եւ իշխանության համար: Պարզապես թե՛ Իլհամ Ալիեւը եւ թե՛ իր հայրը իրենց իշխանությունը պահելու եւ ընդդիմությանը չեզոքացնելու նպատակով բազմիցս շահարկել են նոր պատերազմի սպառնալիքը: Իհարկե, դա օրեցօր ավելի դժվար է անելը, եւ չի բացառվում, որ կգա մի պահ, երբ իրավիճակը կդառնա անվերահսկելի: Այլ կերպ ասած` Ալիեւը խաղում է կրակի հետ, որը տարածվելու դեպքում կհրդեհի նախեւառաջ Ադրբեջանը:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #11 (876) 23.03.2011 – 30.03.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


31/03/2011