ՈՒԿՐԱԻՆԱ. ՖԵԴԵՐԱԼԱՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՄԱՍՆԱՏՈՒՄ
Ի՞նչ ճանապարհով է գնալու Ուկրաինան վերջին իրադարձություններից հետո: Երկիր, որտեղ քաղաքական ճգնաժամի բոլոր նախադրյալները` աշխարհաքաղաքականից մինչև էթնիկ-մշակութային, առկա էին անկախացումից ի վեր:
ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՈՒՂԻՆԵՐ
Ուկրաինացիների ձևավորման հիմնական տարածքը համարվում է ներկայիս Ուկրաինայի հյուսիս-արևելքը` Գալիցիան, Վոլինիան, Կիևի, Պերեյասլավի, Չերնիգովի երկրամասերը: XIV դարում բոլոր այդ հողերը անցան Լիտվայի Մեծ իշխանությանը, իսկ XV դարում` լեհական Ռեչ Պոսպոլիտա կայսերապետության մեջ: Ուկրաինացիների այդ հատվածը հենց նույն ժամանակ էլ ընդունեց կաթոլիկություն: Ստեղծվեց Հռոմի պապի գերիշխանությունն ընդունող Ուկրաինական ունիտար եկեղեցին, որը հակադրվեց ագգաբնակչության մեծամասնության դավանած ուղղափառությանը:
Բոգդան Խմելնիցկու ղեկավարած հակալեհական ազգային- ազատագրական պայքարի արդյունքում 1654 թվականին Արևելյան Ուկրաինան, այդ թվում և Կիևը, անցան Ռուսաստանի գերիշխանության տակ: XVIII դարում Ռուսական պետության կազմից դուրս էին մնացել միայն Գալիցիան, Անդրկարպատները և Բուկովինան, որոնք մտնում էին Ավստրիայի կայսրության մեջ: Ռուսական տիրապետության տակ ուկրաինացիները հնարավորություն ստացան ընդլայնելու իրենց էթնիկ բնակեցման տարածքը դեպի հարավ-արևելք՝ տարածվելով մինչեւ Սև ծովի հյուսիսային ափերը և Ազովի ծովի ավազան: Եթե ռուսահպատակ ուկրաինացիները պահպանեցին ուղղափառությունը և ընդունեցին Համայն Ռուսիո պատրիարքության գերիշխանությունը, ապա լեհահպատակ եւ ավստրահպատակ ուկրաինացիները մնացին կաթոլիկությանը հավատարիմ:
Արևելյան Ուկրաինայում XIX դարում ձևավորվեց այն թեզը, թե Ուկրաինայի ապագան միայն Ռուսաստանի հետ է, իսկ Արևմտյան Ուկրաինայում մերժում էին Ռուսաստանի հետ որևէ ընդհանրության հնարավորություն: Առաջին աշխարհամարտի և Ռուսաստանում 1917 թվականի հեղափոխությունից հետո միջէթնիկ այս տարբերություններն սկսեցին իրենց ավելի զգացնել տալ: 1919-1921 թվականների ռուս-լեհական պատերազմի արդյունքում Արևմտյան Ուկրաինան մնաց նորաստեղծ Լեհական Հանրապետության կազմում, և անկախ պետականություն ունենալու ցանկությունը նորից ուժեղացավ Երկրորդ աշխարհամարտի սկզբին: Մոսկվայի և Բեռլինի կողմից 1939 թվականին Լեհաստանի բաժանումով Գալիցիայի և Վոլինսկի երկրամասերը միացան Ուկրաինայի ԽՍՀ-ին, իսկ 1945 թվականին միացվեց նաև Անդրկարպատները: Հայտնվելով մեկ պետական կազմավորման մեջ՝ Ուկրաինայի երկու հատվածների միջև հակադրությունն է՛լ ավելի ուժեղացավ: Խորհրդային տարիներին փորձ արվեց Ուկրաինայում ամրապնդել ռուս-ուկրաինական միասնականության մասին թեզը:
ԷԹՆԻԿ ԱՆՋՐՊԵՏՆԵՐ
Ներկայիս Ուկրաինան առերեւույթ միասնական, բայց իրականում էթնոմշակութային իրականություններով պառակտված երկիր է: Արդի Ուկրաինան բաժանվում է երկու` Արևմտյան և Ուղղափառ քաղաքակրթությունների միջև, և բաժանարար գիծն անցնում է մայրաքաղաք Կիևով: Արևելյան ուկրաինացիները բացարձակապես ուղղափառ են և խոսում են նաև ռուսերեն: 1990-ական թվականներին ռուսները կազմում էին Ուկրաինայի ազգաբնակչության 22%-ը, ռուսախոսները` 31%:
Մեկ այլ էթնիկ խառնուրդ է Ղրիմը, որի բնակչության 58 տոկոսը կազմում են ռուսները, իսկ 13 տոկոսը` թաթարները: 1954 թվականին Ռուսիային միանալու վերաբերյալ Բոգդան Խմելնիցկու որոշման 300-ամյակի կապակցությամբ ԽՍՀՄ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը Ղրիմի թերակղզին նվիրեց Ուկրաինային: ԽՍՀՄ փլուզումից հետո թերակղզու հարցը դարձավ սուր անկյուն ռուս-ուկրաինական հարաբերություններում՝ հանդիսանալով Սևաստոպոլում տեղակայված Սևծովյան նավատորմի գլխավոր կայաններից մեկը: Ներկայումս Ղրիմի Ինքնավար Հանրապետության ազգաբնակչության 77 տոկոսը իր մայրենի լեզուն է համարում ռուսերենը, և միայն 10 տոկոսը` ուկրաիներենը:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուկրաինական հասարակության մեջ առկա անջրպետներն արտացոլվում են նաև երկրի երկու մասերի տնտեսական զարգացվածության համապատկերում: Արևելյան Ուկրաինայի Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի նահանգները հանրապետության և ամբողջ Արևելյան Եվրոպայի արդյունաբերական խոշորագույն կենտրոններն են, երկրի հիմնական մատակարարները և ներուժը: Այստեղ են գտնվում հանքարդյունաբերության, մեքենաշինության, մետալուրգիայի, քիմիական արտադրության, էներգետիկայի խոշորագույն ձեռնարկությունները: Ի տարբերություն մյուս նահանգների` Արևմտյան Ուկրաինայի նահանգներում տնտեսական առավել զարգացած ոլորտներն են թեթև արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Բնական է, որ Ուկրաինայի համախառն ներքին արդյունքում ավելի մեծ տեսակարար կշիռ ունի արդյունաբերական Արևելքը, քան կիսաագրարային Արևմուտքը: Միաժամանակ` Արևելյան Ուկրաինայի տնտեսական հանգույցներում մեծ է ռուսական կապիտալի կշիռը: Արևմտյան նահանգների ապրանքները հիմնականում սպառվում են տեղում կամ արտահանվում են հարևան Լեհաստան:
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԽՍՀՄ փլուզումից հետո Կիևը փորձեց բոլոր հարցերում հակադրվել Մոսկվային` ընտրելով Արևմուտքի հետ մերձեցման ճանապարհը: Նման հակադրությունը Սևծովյան նավատորմի և Ղրիմի կարգավիճակի դեռ չլուծված խնդիրների պարագայում հանգեցրին ռուս-ուկրաինական հարաբերությունների կտրուկ վատթարացման: Իրավիճակը մեղմացավ 1994 թվականին նախագահի պաշտոնում ավելի ռուսամետ Լեոնիդ Կուչմայի ընտրվելով: Թեև Կիևը չհրաժարվեց եվրաինտեգրման ճանապարհից, բայցեւ Կուչմայի վարչակազմի դիվանագիտական ճկունության շնորհիվ ռուս-ուկրաինական շատ վիճելի հարցեր համատեղ լուծում ստացան:
Իրավիճակը կտրուկ փոխվեց «նարնջագույն հեղափոխությունից» հետո: Գործող իշխանություններին պաշտպանող Արևմուտքը խոստանում էր տնտեսական աջակցություն: Կիևում չէին բացառում անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Հակառուսական տրամադրություններին՝ հատկապես Արևմտյան Ուկրաինայում, աջակցում էին ԵՄ «Արևելյան գործընկերության ծրագրի» նախաձեռնողները:
Թեև Ուկրաինայի Ռադան փետրվարի 22-ին զրկեց գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչին նախագահական լիազորություններից և հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, սակայն դրանով, ըստ երևույթին, ճգնաժամը ոչ միայն չի լուծվի, այլև առավել կխորանա:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան