Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՅՔԱՐ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻ ԴԵՄ ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ



Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014 թ. հայտարարել է բանակում փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի: Նախարարն իր տարեմուտի ուղերձում շեշտում է, որ հայը խաղաղասեր է, մեծահոգի, ընկերասեր, եւ հարկավոր է թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ բուհում, թե՛ բանակում հայեցի դաստիարակության միջոցով վեր հանել բնավորության վերոնշյալ գծերը և անխնա պայքար մղել հոռի, փողոցային բարքերի ու մերժելի երեւույթների դեմ: Ինչպե՞ս դպրոցում պայքարել փողոցային բարքերի դեմ, ինչպե՞ս դաստիարակել հանդուրժողականություն՝ այս հարցերի շուրջ զրուցեցինք ուսուցիչների հետ:

ՆԻԿՈԼԱՅ ԱՎԱՆԵՍՅԱՆ
գնդապետ
Թիվ 60 դպրոցի զինղեկ

-Ժամանակակից երեխան այնպիսին չէ, ինչպիսին մենք ենք եղել, որովհետեւ թվացյալ ազատության պայմաններում է մեծանում եւ այդ կեղծ ազատությունն իր հետ բերում է դպրոց, տանում է բանակ, փորձում է կեղծ արժեքների միջոցով ինքնահաստատվել նոր միջավայրում, ինչն էլ միջանձնային հարաբերություններում հաճախ անցանկալի հետևանքների պատճառ է դառնում: Մի բան կարող եմ ասել` երեխան այսօր ուշադրության կարիք ունի՝ հատկապես հայրական ուշադրության եւ հոգատարության: Մինչդեռ երեխայի՝ հատկապես տղա-երեխայի դաստիարակության բեռը հիմնականում մոր ուսերին է ընկած: Ինչպե՞ս կարող է նման պայմաններում երեխան լիարժեք մեծանալ: Հետո՝ երեխան այսօր գերծանրաբեռնված է. նա փորձում է հարմարվել ծնողների պահանջներին՝ բարձր գնահատականներ ապահովել, սպորտով զբաղվել, երաժշտական գործիք նվագել և շատ հաճախ անտեսվում է երեխայի ցանկությունը` ի՞նչ է նա ուզում, ի՞նչ է նա սիրում, ինչի՞ է նա ձգտում: Արդյունքում՝ ձեւավորվում է գերլիարժեքության կամ թերարժեքության բարդույթ, միայնակության զգացողություն, ինչը վտանգավոր է հատկապես կոլեկտիվում: Երեխայի բնավորության գծերը նման պայմաններում են ձեւավորվում, ուստի տարօրինակ չէ, որ նա ագրեսիվ է, անուշադիր, ինքնահավան, կոպիտ: Բայց միևնույն ժամանակ ես ամեն օր հանդիպում եմ նաև հրաշալի երեխաների, աշակերտների, որոնք և՛ բարեկիրթ են, և՛ դաստիարակված, և՛ կիրթ…

ՌՈՒԶՎԵԼՏ ԱՍԼԱՆՅԱՆ
կապիտան
Թիվ 4 հիմնական դպրոցի զինղեկ

-Այսօր, առավել քան երբևէ, դժվարացել է ուսուցիչներիս աշխատանքը, որովհետև հասարակությունը, հեռուստատեսության գովազդները, համացանցը այլ բան են քարոզում` բռնություն, ատելություն, անհանդուրժողականություն: Անտեսվում են իրական արժեքները, անտեսվում են իրական հերոսները: Նման պայմաններում մեր աշխատանքը սպասված արդյունք չի տալիս, ինչքան էլ հարգանք-հանդուրժողականությունից, մարդասիրությունից, ազնվությունից ու բարությունից ենք խոսում։ Երեխան այսօր, մեծ հաշվով, անպաշտպան է, քանի որ նրան շրջապատող միջավայրը լի է արատավոր երևույթներով, ուստի թե՛ դպրոցը, թե՛ ընտանիքը պետք է օգնեն երեխային կողմնորոշվելու և ճիշտ ուղու վրա կանգնելու: Ամենալավ դաստիարակությունը, այնուամենայնիվ, սեփական օրինակն է: Ծնողի օրինակը` տանը, ուսուցչի օրինակը` դպրոցում: Եթե ես իմ աշակերտին ասում եմ՝ երթուղայինում տեղդ զիջիր տարեցներին, իսկ ինքս չեմ անում, եւ նա տեսնում է իմ խոսքի ու գործի տարբերությունը, ապա պետք չէ մեծ արդյունքներ ակնկալել։ Եթե այսօր ռեստորանները, խանութներն ավելի շատ են գովազդվում, քան թատրոնները, թանգարանները, գիրքը, ապա պարզ է, որ երեխայի համար առաջնային են դառնում նյութական պահանջները: Ելքը ընտանիք-դպրոց-հասարակություն համագործակցությունն է՝ հանուն իրական արժեքների: Նաեւ՝ պետք է խթանել մարդկային հարաբերությունները, շփումները, հաճախ զբոսնել, իրար հյուր գնալ, քանի որ այսօր սոցիալական ցանցերը մտերմությունն ու սովորական մարդկային շփումները մղել են ետին պլան՝ հեռակա հարաբերությունները դարձնելով առաջնային, որի արդյունքում դաստիարակվում է եսակենտրոն, իր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին անտարբեր, անհաղորդ մարդը:

ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Թիվ 124 դպրոցի տնօրեն

-Դպրոցը փողոցային բարքերի դեմ պայքարի կարեւոր օղակ է: Ինչո՞ւ: Որովհետեւ դպրոցը գիտելիք փոխանցելուն զուգահեռ օգնում է երեխային, պատանուն ձեւավորել սեփական դիրքորոշումն ու տեսակետը, սովորեցնում է ճիշտ վարվելաձեւ, նպաստում է ազգային-բարոյական նկարագրի, արժանապատվության ձեւավորմանը, հստակ սահմանում է «լավ» եւ «վատ» հասկացությունները: Դպրոցում է զարգանում անհատի` սոցիալական էակ լինելու զգացողությունը: Ուրեմն՝ հենց դպրոցում, այլ ոչ թե բանակում (բանակը, ըստ իս, դաստիարակության տեղ չէ, քանի որ այստեղ գերխնդիրը զինված ուժերին պիտանի զինվոր պատրաստելն է)։ Համաձայն եմ՝ պետք է պայքարել մերժելի երեւույթների դեմ: Ինչպե՞ս: Ես դեմ եմ քարոզներ, խրատներ կարդալուն, դա անօգուտ է: Պետք է օգնենք նրան, որպեսզի կողմնորոշվի բարու և չարի, ընդունելիի ու մերժելիի միջև, և թույլ տանք, որ նա ինքնուրույն ձգտի-հասնի կատարելության, ինքնուրույն եզրակացություններ անի, իր տեղը ճշտի այս հակասական կյանքում։ Կողմնորոշված երիտասարդն ինքնահաստատվելու խնդիր չունի, հետեւաբար՝ նաեւ լավ տղա խաղալու անհրաժեշտություն էլ չի ունենա:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Բանակ և հասարակություն


06/03/2014