Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍՊԵՍ ԷՐ ԿԵՐՏՎՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ

Թեեւ հատկապես ճանապարհների շրջադարձերին թշնամին գրագետ ականապատում էր իրականացրել (մեքենան կամ տանկն ինչպես էլ անցնեին, ականի էին հանդիպելու), սակայն ողջ պաշտպանության ինժեներական ապահովումը ցածր մակարդակով էր իրականացրել, առավել եւս՝ խուճապահար նահանջելիս չէր հասցրել նորմալ ականապատում կատարել: Փոխարենը ադրբեջանցիները բավարար ժամանակ էին գտել ականապատելու… հունվարյան նահանջի ժամանակ դիմադրելով զոհված մեր մարտիկների մարմինները, երեւի ներքուստ գուշակելով, որ շուտով նույն Օմարի լեռնանցքով անվերադարձ հեռանալու էին…
Հարձակման կասեցման եւ ապա լեռնանցքի ազատագրման գործում սակրավոր սպաներից անչափ մեծ է Վալերի Աղաբեկյանի, Ռուբեն Լալայանի, Ֆելիքս Բագրատյանի, Սամվել Մկրտչյանի, Կամո Նահապետյանի, պաշտպանության բանակից՝ Արմեն Սարգսյանի, Անատոլի Գալստյանի եւ մյուս սպաների դերը:
Պաշտպանության բանակի սակրավորները ճակատի գծի վերականգնումից անմիջապես հետո մեկնեցին Օմար՝ միակ ճանապարհը պայթեցնելով այլեւս փակելու թշնամական զրահատեխնիկայի հարձակման ուղին, ինչպես նաեւ կառուցելու հեռավոր հենակետեր տանող բազմաթիվ ճանապարհներ:
Մինչդեռ փետրվարի 18-ից հետո էլ կարեւոր նշանակության մի քանի հենակետ դեռ գտնվում էր թշնամու տեսանելիության ու ականանետային կրակի գոտում, եւ մարտիկները գրեթե ամեն օր թանկ զոհեր էին ունենում: Այդ օրերին ինժեներական վարչության շտաբի պետ, գնդապետ Բարսեղ Մայիլյանի ղեկավարությամբ հայտնի «Երրորդ պոստում»՝ քար ու ժայռի մեջ, որը փորվում էր միայն պայթեցումների միջոցով, Վարդենիսի առաջին մեխանիզացված բրիգադի մասնագետների օգնությամբ կառուցվեց առաջին տիպային, խոշոր ու թշնամու կրակից պաշտպանված գետնատնակը: Որոշ հատվածներում դեռ դիրքային առավելություն ունեցող թշնամին հետագա մարտերում գետնատնակի վրա ականանետի 17 արկ արձակեց, բայց դիրքապահներից ոչ ոք չտուժեց: Դրանից հետո բոլոր զորամասերն իրենց իսկ ուժերով սկսեցին նմանատիպ գետնատնակների կառուցումը, որի աշխատանքները ղեկավարում էր այսօր գնդապետ Հենրիկ Աբաջյանը:

ՕԴԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉՍՏԱՑՎԵՑ
Հունվարին թշնամու հարձակումն ուղեկցվում էր օդային հոգեբանական գրոհով: Արտավազդ Փիլիպոսյանը հիշում է, որ իրենց «ՕՍԱ-ՕԿ» կայանքն ութ ժամ շարունակ լրիվ մարտական վիճակում աշխատեց, երբ թշնամական ինքնաթիռները թեեւ չհամարձակվեցին ռմբահարվածներ հասցնել մեր դիրքերին, բայց մի քանի հարյուր մետր բարձրության վրա 200-250մ/վրկ արագությամբ թռչելով, հինգ թե վեց անգամ ցուցադրաբար մոտեցան խոցման գոտուն: Իսկ հունվարի 28-ին զոհվեց ՀՕՊ զորամասի կրտսեր սերժանտ Մերուժան Բազիկյանը:
Հակահարձակման նախօրեին ձախողվեց ադրբեջանական օդուժի փորձը՝ ոչնչացնելու զինամթերք ու վառելիք բերող խոշոր շարասյունը: «ՕՍԱ-ՕԿ-ից» արձակված երկու հրթիռները թեեւ չդիպան ռմբակոծիչներին, սակայն առաջին ինքնաթիռը զգուշավորություն դրսեւորելով հապշտապ ռմբանետումից հետո հեռացավ, իսկ երկրորդը ավելի շուտ էր ետ դարձել: Մինչ կայանքի անձնակազմը տխուր մտածում էր «կորած» հրթիռների մասին, ՀՕՊ վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել տղաներին՝ թշնամական ավիացիայի խնդրի կատարումն արգելելու համար:
1994-ի փետրվարի 17-ին, երբ հակահարձակումն արդեն սկսվել էր, Արտավազդ Փիլիպոսյանի ղեկավարած «ՕՍԱ-ՕԿ» մարտական մեքենայի եւ «Իգլա» դյուրակիր կայանքի համատեղ կրակով Վարդենիսում խոցվեց թշնամու ՄԻԳ-21 ինքնաթիռը: Թաթար վարձկան օդաչուն՝ Մարատ Իշկեւիչը, պարաշյուտով փրկվեց, բայց ժամեր անց բռնվեց «Արաբոյի» մարտիկների կողմից: Այսպիսով, Օմարի գործողության մեկուկես ամիսների ընթացքում ադրբեջանական զինվորական ավիացիան անկարող եղավ օդային աջակցություն ցուցաբերել իր ցամաքային զորքերին:
Իսկ հայկական ուղղաթիռային ավիացիան… օդաչուների համար ամենադժվարն այս ուղղությունն էր, եղանակն ահավոր էր, թռիչքահրապարակը՝ ուղղաթիռի համար առավել քան անհաջող. քամին կողքից էր խփում, այնինչ, ցանկալի է, որ գոնե դիմացից լինի: Տեղանքը շատ բարձր էր ու բարդ, թռչում էին ծովի մակերեւույթից 2800 մետր բարձրության լեռնագագաթի վրայով, ապա մեկեն իջնում մինչ 1400-1500 մետր: Բայց օդաչուները, հատկապես 1995-ին մարտական առաջադրանք կատարելիս զոհված Սամսոն Սամսոնյանը, օրը մի քանի թռիչք էր կատարում՝ զինամթերք, անձնակազմ ու սնունդ տանում եւ զոհվածների մարմիններն ու վիրավորներին բերում Մայր երկիր:

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՓՐԿՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՆ

Օմարի ճակատում թշնամու հարձակման սկզբից մինչեւ «Երրորդ պոստի» կռիվների ավարտը ռազմաբժշկական գործի ապահովման ասպարեզում հսկայական աշխատանք կատարեց այսօր բուժծառայության գնդապետ Կամո Շաբոյանը: Իր ղեկավարությամբ արեւելյան ուղղությունում տեղակայված հոսպիտալի ձեւավորումից հետո, քանի որ ընդարձակ, լեռնային ու կտրտված եւ գրեթե ճանապարհազուրկ տարածք էին սպասարկելու, Շաբոյանը բոլոր ուղղություններում ուժեղացված բուժկետեր հիմնեց, ուր մշտապես մեկ բուժակ կար, իսկ անհրաժեշտության դեպքում հոսպիտալից իսկույն իրենք էին մեկնում: Այս բուժկետերին 94-ին, ըստ դիրքային իրավիճակի, վիճակված էր ռազմադաշտային հոսպիտալի դեր կատարել: Շաբոյանն այստեղ-այնտեղ անեսթեզիոլոգի հետ վիրահատություններ էլ էր կատարում, իսկ խոռոչային վիրահատությունների անհրաժեշտության դեպքում արյունահոսությունը դադարեցնելով եւ անհրաժեշտ մյուս գործողությունները կատարելով՝ վիրավորի կյանքը պահպանում, մինչեւ կտարհանեին: «Մայրաքաղաքային» զորամասի գալով՝ ճակատը սպասարկող միացյալ բուժկետ ստեղծվեց, եւ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունները բավական մեծացան: Իսկ երբ հիմնական ճանապարհը փակվում էր, Շաբոյանը վիրավորներին Գետավան կամ Դրմբոն էր ուղարկում, ուր հակաշոկային կետում Ալեքսանդր Արամյանն ու Վալերի Կոստանյանն էին աշխատում:
Ծանր մարտերին հետեւեց հունվարյան երկրորդ նահանջը, երբ հայտնվեցին մի տեղանքում, որտեղ ռազմաճակատի բուժծառայության պետ, դեռ ավագ լեյտենանտ Կամո Շաբոյանը միակ հարթ վայրում՝ կենտրոնական ճանապարհի շրջադարձին, սանիտարական երեք «ՈՒԱԶ» մեքենաներում, որոնցից յուրաքանչյուրում պատգարակի վրա երկու վիրավոր պառկեցնելու հնարավորություն կար, ռազմադաշտային շարժական հոսպիտալ բացազատեց, ուր առաջին որակյալ բուժօգնություն ստանալուց հետո վիրավորները տարհանվում էին: Անիվների վրա տեղակայված այս հոսպիտալը գործեց տասը օր, ինչից հետո միայն հայկական զորքերի առաջխաղացման շնորհիվ ազատագրվեց նաեւ մինչ լեռնանցք ընկած ճանապարհին գտնվող առաջին ուժեղացված բուժկետը:
Հակահարձակումն այլեւս սկսվել էր: Գնդապետ Շաբոյանը հիշում է, որ փետրվարի լույս 18-ի գիշերը առաջ գնացող զորքերի հետ ժամը 3.15-ին «Ուազիկով» հասան լեռնանցք ու նայելով ներքեւում փռված Կիրովաբադի լույսերին, լալիս էին…
Իսկ թշնամին բավական ռազմավար էր թողել՝ երկու ավտովիրահատարան, սանիտարական մեքենաներ, վիրավորներին խնամելու համար նախատեսված թուրքական արտադրության վրանային ճամբարներ, առաջին բուժօգնության ցուցաբերման բավական դեղորայք: Խուճապահար նահանջելիս թշնամին բենզինը լցրել ու չէր կարողացել այրել. մեքենաների ու վրանների մեծ մասի միայն մի կողմն էր վառված, ու արագ նորոգեցին:
Իսկ ապրիլին, երբ սկսվեցին լեռնաշղթայի գերիշխող բարձունքի ազատագրման ծանր մարտերը, Կամո Շաբոյանը վիրավորներին առաջին բուժօգնություն էր ցուցաբերում ոչ թե բուժկետերում, այլ ճակատին առավելագույնս մոտեցված ավտովիրահատարաններում, որոնցում առանձին օրերին մինչեւ քսան վիրահատություն էր կատարում…:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #11 (876) 23.03.2011 – 30.03.2011, Պատմության էջերից


31/03/2011