ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՐՈՆՈՂԸ
Այն ժամանակ մենք չգիտեինք, թե ինչ է լինելու երկու-երեք տարի անց։ Սակայն համոզված գիտենք արդեն, որ 300 միլիոնանոց սովետական ժողովուրդը կոմունիզմ չի գնում, այն պարզապես չկա, եւ գնացքը հայտնվել է անհասանելի մի տեղանքում։ Մենք էլ ենք այդ գնացքում՝ մեր եփվող վիրավորվածությամբ, կորցրածի խուլ պահանջով, լավ կյանքի հուսահատ ձգտումներով։ Մենք դառնորեն պատժված, անկյուն կանգնեցրած աշակերտներ էինք եւ չգիտեինք, իսկապես չգիտեինք, որ մեր մեջ հեռավոր հիշողությունից զատ, զորք ու բանակ կա, անկախ, ինքնիշխան Հայաստանի գաղափարից զատ, ուր որ է՝ հսկա երկրի փլվելու հետ գալու են զենքի ու պատերազմի ժամանակներ, մեր իրավունքին տեր կանգնելու ժամանակներ, բոլոր բոլորիս համար սկսվելու են ոգու փորձության ժամանակներ։ Այդ ամենի մասին մենք չգիտեինք, իսկապես չգիտեինք, լավ-վատ ապրում էինք մեր կյանքը՝ գրողը գրում էր, հերկողը՝ հերկում, գողը՝ գողանում…
Պատերազմի մեջ հայ ժողովուրդը մտավ ամբողջովին, մտքով, ճակատագրով, ոմանք՝ նաեւ միս ու արյունով։ Եվ հայրենիքի զինվորների հորձանքը դեպի խռովված սահմաններ ու բոցավառվող Արցախ ինքնաբուխ էր, առանց պարտադրանքի։ Հայրենիքի օրհասին ոտքի ելած հովիվն ու դասախոսը, վարորդն ու ուսուցիչն անշուշտ ազնիվ մղումներ ունեին, բայց իրար չէին հասկանում։ Հատվածական ջոկատները խիզախության վառ օրինակներ էին ցույց տալիս Հայաստանի սահմաններին եւ Արցախում, բայց ամեն մեկը չռված մատ էր, բռունցք չէր դառնում։ Բազում կանչվածների մեջ պիտի ընտրվեր մեկը, ընտրվեր ճակատագրի կողմից՝ համախմբելու սահմաններով մեկ, հարյուրավոր կիլոմետրերի վրա մարտնչող աշխարհազորայիններին, պրոֆեսիոնալ զինվորականներին, Արցախի անտառներում ու հովիտներում հանգրվանած խմբերին։ Նա, որպեսզի մեղմեր ամեն ինչում դրսեւորվող անհատների ու խմբերի կուսակցական, երկրացիական եւ մարդկային ամբիցիաները, պիտի լիներ վճռական մենակ, վճռական կարծր, վճռական փխրուն, վճռական առաջնորդ, վճռական վճիռ։ Այդ ամենով հանդերձ՝ Վճռական Անհրաժեշտը։ Եվ մենք ականատեսը եղանք, թե ինչպես, սկսած 89-ից, պատերազմի սաստկացող դրվագներում, մեր հայրենիքի սահմանները լիզող հրդեհի մեջ, ռմբակոծություններից բզկտվող Արցախի չմեռնող հույսի վրա գրվում էր այդ անունը՝ Վազգեն Սարգսյան։
Նա երկնքից չէր իջել, գալիս էր իր տոհմիկ հորական տնից, հայրենի Արարատ գյուղից, ուր աչք էր բացել սուրբ լեռան պատկերի առաջ, եւ բովանդակ հայության նման լեռը տպվել էր նրա գիտակցության մեջ, որպես գերեվարված հայրենիքի խորհրդանիշ, որից դանդաղ մխում էր վրեժխնդրության վճիռը։ Նա ապրում էր իր պարզ երիտասարդությունը՝ մարզաշխարհի հրապույրներով, կեսախինդ վարքագծով, իսկ ավելի շուտ՝ սիրտն ու միտքը գրականությանը հանձնած։ Մինչ իրական պատերազմի դաշտ մտնելը, Վազգենն արդեն իր պատերազմն սկսել էր պատմվածքներում ու հոդվածներում՝ կռիվ տալով դավաճանների դեմ, երկիրն ու նրա պատիվը ոտնակոխ անողների դեմ, ազնիվ հրճվանքով պանծացնում էր խենթ անհաշտներին, երազողներին, հայրենիքի համար զենք շարժողներին, վճռական ու անվախ սրտի տեր մարդկանց։ Նա թղթի վրա ազնիվ ու անխարդախ մելանով գծել էր սեփական պատկերը, հայտնել իր ով լինելը։
Հետո պիտի գար պատերազմը, ճակատագիրը նրան պիտի ընտրեր առաջնորդ, նա դառնար իր իսկ հերոսներից մեկը՝ խենթ, պարզ ու վճռական, դառնար վառվող մի խարույկ Ազատամարտի արյունոտ գիշերից մինչեւ հաղթանակի ծանր լուսաբացը։
Մեր պատերազմները… Վաղուց, շատ վաղուց, հավանաբար թագավորություն կորցնելու ժամանակներից սկսած, մեր կռիվները եղել են տարերային, երբեմն հակասական, անտեղի հերոսական եւ անտեղի պարտվողական։ Նույնը կրկնվում էր Արցախյան ազատամարտի ժամանակ։ Որովհետեւ նույն ժողովուրդն էինք, նույն անիշխանությունը, աշխարհավեր խառնաշփոթը։
Վազգեն Սարգսյանի հերոսներից մեկը՝ Կամոն, հեղինակի նման անհանգիստ, որոնող ու աներկյուղ մի երիտասարդ, մեր գերված Հայրենիքը հետ բերելու ուղի է առաջարկում. գիտնականները թող գտնեն հավերժական շարժիչը, ռակի բուժման դեղը, դրանք տանենք, դնենք մարդկության առաջն ու ասենք՝ առե՛ք, էս ձեզ, մեր պապենական հողերը տվեք։ Սա մանկական այն երազանքն է, որ ունեցել ենք բոլորս, ուրեմն, հարկավոր է փնտրել հավերժական շարժիչը։ «Հավերժական շարժիչը դուք եք»,- խանդավառ տղերքին ասում է Վեհափառ հայրապետը, երբ դիմում են նրան՝ հորդորելու գիտնականներին այդ հրաշագործ շարժիչը գտնելու։
Սա գրականության մեջ։ Իսկ իրականում նա, դառնալով զինվոր, հավերժական շարժիչը փնտրում է իր ներսում, ընկերների ներսում, Հայաստանի սահմաններին պաշտպան կանգնած մեծերի ու փոքրերի սրտում, ժողովրդի ընդվզման մեջ, այնտեղ, ուր կա շարժում, նպատակ, կյանքի սեր։
Մենք պետք է կռվենք մեր կռիվը, երբ այդ կռիվը կանգնած է մեր առջեւ։ Հապաղելը կարող է ճակատագրական լինել։ Առանց չափազանցության կարելի է ասել՝ մահապարտների գունդը հավաքագրելու, այդ օրվա կռիվը տալու Վազգենի մարտակոչը հեղաշրջեց մեր պատմության ընթացքը։
«Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերել հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել։ Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել»։
Պատերազմի առաջին օրերից Վազգենը խրամատներից հեւիհեւ հասնում էր խորհրդարան՝ պատգամավորական իր կռիվը տալու արյուն թափող տղաների իրավունքի համար, քաղաքական գզվռտոցներում հայրենիքի պաշտպանության հարցի ձգձգումների դեմ, անպտուղ խոսքերի ու քաղքենի ծեքծեքումների դեմ, վախի ու անորոշության դեմ։ Նա իսկապես երկու ճակատում էր կռվում։ Հետո վրա հասան եռամսյա հավաքները, որ սաստկացող պատերազմի պարտադրանքն էին, իսկ ժողովրդի մեջ հոլովվում էր Վազգենի անունը։ Վազգենն անայլայլ տանում էր իր խաչը։
Ծնվում էր հայոց բանակը՝ սահմանների եւ Արցախի հողում բույլ-բույլ սփռված ջոկատներից, եւ դա ծանր ու դրամատիկ ծնունդ էր։ Հետը ծնվում էր հաղթանակը՝ առավել ծանր ու դրամատիկ։ Հասարակությունը հսկա կաթսայի նման քլթքլթում էր նոր իրողությունների անսովորությունից։ Եղան ցավալի պարտություններ, տարաբնույթ ասեկոսեներից դժժում էր օդը, օրեցօր դաժանորեն տարածվում էր Եռաբլուր պանթեոնը, չորսբոլոր արցունք էր, բանադրանք, երկրով մեկ փռված էր պատերազմի հասցրած ցուրտն ու խավարը… Վազգենը կանգնում էր այս մռայլ հորձանքի դեմ որպես պատասխանող, վճռական, կրքոտ, հախուռն, սեփական արցունքը դեպի ներս, սեփական սարսափը դարձյալ դեպի ներս…
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում։ Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ։ Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է։ Ինձ չեն հասկանում։ Ինձնից վախենում են։ Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են։ Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար։ Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա։ Դրա համար էլ չեմ ասում»։ Չէր ասում, անտրտունջ տանում էր իր ծանր լուծը, օր օրի մոտեցնելով մեզ բաղձալի հաղթանակին։
Վազգենի հեռանալուց անցել է տասնհինգ տարի, եւ այսօր երեւում է նրա տեղը մեր կյանքում, ու կերեւա միշտ, ինչպես իր ծննդյան եղանակի՝ վաղ գարնանային խուժող հոսանքը, տաքն ու պաղը խառնած իրար՝ հորդում է երկրի վրայով որպես բաղձալի թարմություն։ Վազգենի՝ 90-ականներին դրսեւորած վարքը, արտաբերած մտքերն ու դատողություններն այսօր էլ հնչում են իրենց նշանակությունը չկորցրած, արժեքի ու կարեւորության չափաբաժինը պահած։ Դա շիտակ մարդու կյանք է։ Շիտակությունը հնանո՞ւմ է երբեւէ, կորցնո՞ւմ է իր արժեքը։ Կհաստատեք, որ ոչ։ Ուրեմն՝ մեզ այսօր եւ ընդմիշտ հարկավոր է այս վարքագիծը։
«Ես եմ ընտրել իմ ճանապարհը։ Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու։ Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա։ Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա։ Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա»։
Ի՞նչն էր գաղտնիքը, որ Վազգենը կարողանում էր իր կողքի մարդկանց ներշնչել վճռականություն, պեղել նրանց մեջ պահված կորովը։ Հազար բան կարելի է փիլիսոփայել, բայց ամենաճշմարիտը, թերեւս, նրա վճռական շիտակությունն էր, արցունքի չափ տաք ու դառը անկեղծությունը։ Պարզության ու շիտակության վիթխարի քանակը նրա միջից դուրս էր հորդում հզոր ծիծաղով կամ նույնքան հզոր զայրույթի պոռթկումով։ Երկու դեպքում էլ նա էր՝ Վազգեն Սարգսյանը։
Բանակը Վազգենի գործերի գործն էր, արյուն-քրտինքը, ամենաերեւելի ստեղծագործությունը, ավելի ստույգ՝ օրորոցի մեջ խլրտացող նրա երեխան էր… Ու ով սրտահաճ մարդ էր իրեն՝ տանում ցույց էր տալիս, հրճվանքով պատմում էր եւ ամբողջովին ապրում այդ մանկան ժամ առ ժամ մոտեցող զորեղ ապագայով։
Կյանքն ամեն ժամ առաջ է գնում. հայտնվում են նոր իրողություններ, բոցկլտում նոր հույսեր առավել բարեկեցիկ ապագայի։ Սակայն նրանք, ովքեր ազգային իդեալի կոփողներն են, աչալուրջ նավապետի նման են տանում ժողովրդական իղձերի նավը՝ ջրերի խաղաղ մակերեսին այնքան էլ հավատ չընծայելով։ Վազգեն Սարգսյանը, երբ երիտասարդ գրող էր ու լրագրող, ամենաթողության տարիներին, քաղքենիական գաղջ, բայց իբրեւ թե ապահով, իբրեւ թե փթթող կյանքի մեջ հնչեցրեց վախերի մի շարան։ Վախերի մի շարան, որից պետք է վախենանք եւ դրանք ջուրը նետենք մեր նավից այսօր, վաղը, երբ էլ լինի, եթե ուզում ենք անխափան նավարկել ժամանակի ծովում.
Սրտացավության պակասից եմ վախենում։
Ցավի առուծախից եմ վախենում։
Գաղթականների համար եմ վախենում, որ էս վերջին հանգրվանում էլ իրենց տեր չեն զգում, հյուր են զգում։
Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։
Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո էլ մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք։
Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, գաղափարագարությունից, բոշայությունից։
Նոր երկրաշարժից եմ վախենում, հնի՝ հետեւանքներից։
Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում։
Վազգեն Սարգսյանն այսօր 55 տարեկան է։ Որտե՞ղ փնտրենք այդ մարդուն՝ գրողին, զինվորին, պաշտպանության նախարարին ու վարչապետին, որտե՞ղ տեսնենք նրան՝ մեր սրտի խոսքն ու բարեմաղթանքն ասենք։
Շրջվենք Արարատ լեռան հայացքի տակ ապրող Արարատ անունով գյուղը, Վազգենի ծնողներին ու հարազատներին ասենք՝ շնորհավոր։
Նայենք հայ գրականության խոհուն ճանապարհին, տեսնենք այնտեղ Վազգեն Սարգսյանին ու ասենք՝ շնորհավոր։
Թեքվենք դեպի մեր բանակի շարքերը, որ տարիների մեջ ամրացել են, կայունացել, դարձել մարտունակ եւ կանգնել այն հզոր գետնի վրա, որ երազում էր ինքը՝ Վազգեն Սարգսյանը։ Եվ ասենք՝ շնորհավոր։
Կանգնենք Եռաբլուր զորագնդի աննման մարտիկների հիշատակի առաջ եւ ասենք՝ շնորհավոր։
Հայաստանի ձգտումների ու նվիրական երազանքների, նրա ժիր, խլրտուն մանուկների կողմը թեքվենք ու ասենք՝ շնորհավոր ծնունդդ, Վազգեն Սարգսյան։
ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ
♦♦♦
«Որ մեծագիր Սպարապետը մեր օրերում մեր կողքին իրոք կայացել էր, որ հանձին նրա մենք մեզանում մեր մսից ու արյունից հունցած արտասովոր մեկն ունենք, մեկը՝ որ օրհասի հանդիման մեր կասկածն ու տագնապը մեզնից բոլորից ամենախորն էր թաքցնում, մեկը՝ որ մեր վհատության ու անկման խորատի տեղ հույսի, հավատի ու վստահության բարձունքն էր հառեցնում…»։ Այդ զգալի էր եւ իր կենարար ողջությամբ, բայց առավել քան զգալի է այսօր՝ իր սպանիչ բացակայությամբ, երբ մեր յուրաքանչյուրի ու հանուրի ընթացքին տարտամ շփոթ է ներքաշվել, երբ մեր բոլորի հորիզոնը կրճատվել է ամբողջ փարսախներով, երբ այսօրվա ու վաղվա միջեւ կանգնած ենք մեր հասակների ոչ այն շիտակ պահվածքով, ինչպես կանգնած էինք կորովի իր ներկայությամբ»։
ՀՐ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
♦♦♦
«Իմ ամենանեղ, հուսալքված պահերին ես ինձ վերագտնում եմ Թումանյան, Նժդեհ երեւույթներով, իսկ հիմա նաեւ Վազգեն Սարգսյանն է իմ ազգային կառույցի շաղախը։
Կորուստն անփոխարինելի է։ Զբաղեցնելով բարձր պաշտոն՝ նա չդարձավ պաշտոնյա, սովորական ֆունկցիոներ, նա մեծ հայ էր, որ գործում էր մեր արմատների՝ հեռուներից լսվող կանչի թելադրանքով։
Երկրի մարմնի հիմնական միջուկը բանակն է, որի ծնողն ու դայակը դարձավ Վազգեն Սարգսյանը… Նրա հոգին կենդանի է այսօր եւ շարունակելու է կրել մեր արժանապատիվ գոյության շինությունը»։
Ա. ԱՅՎԱԶՅԱՆ
Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում