ՄԵՐ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը փետրվարի 27-ին Եռաբլուր պանթեոնում հանդիսավորությամբ նշեցին Սուրբ Վարդանանց տոնը: Հոգևոր և ազգային մեծ տոնակատարությանը մասնակցում էին բազմաթիվ ուսանողներ Հայաստանի տարբեր ուսումնական կրթօջախներից, երիտասարդներ, զինծառայողներ, ազատամարտիկներ, մշակույթի գործիչներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամներ, Եռաբլուրում ննջող հերոս հայորդիների ծնողներ ու հարազատներ: Եռաբլուրի «Սրբոց Վարդանանց նահատակաց» եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պարթև քահանա Մուրադյանն իր խոսքում մասնավորապես ասաց.
-Այսօր Վարդանանց տոնն է, և պատահական չէ, որ Եռաբլուրի եկեղեցին այդպես է կոչվում: Վարդանանց օրինակով է, որ մեր նորօրյա քաջերը ելան պայքարի՝ վասն հավատո և հայրենյաց:
Եկեղեցում ի հիշատակ Վարդանանց սրբերի պատարագ մատուցվեց: Ծաղիկներ դրվեցին հերոսների շիրիմներին, հայկական «Բերդ պար» հուշակոթողին: «Արարատ» հոգևոր միության, Մալաթիայի հայորդաց տան սաների, ինչպես նաև ասմունքող Հերմինե Պետրոսյանի հայրենասիրական կատարումները ներկաները ոգևորությամբ ունկնդրեցին: Եռաբլուրի աշխատակիցները գնդապետ Ս. Խաչատրյանի հրամանատարությամբ ամեն ինչ արել էին միջոցառումը հավուր պատշաճի անցկացնելու համար։
ՌԻՄԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
(Անհայտ կորած ազատամարտիկների խորհրդի նախագահ)
-Վարդանանք մարտի գնացին գիտակցելով` մահ իմացյալ անմահություն է: Այդպես կռվի մեկնեցին նաև մեր տղաները: Այսօր Վարդանանց և Եռաբլուրի տղաների հոգիները մեզ հետ են:
ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ
(Արաբկիրի ԵԿՄ նախագահ)
-Ամեն մի տոն, որն իր մեջ խորհրդանշում է պայքար, ազատություն՝ արթնության կոչ է, հայրենասիրության դաս: Հիշենք Վարդանանց և ազատամարտի մեր տղաներին:
ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
(Արցախյան ազատամարտի երրորդ կարգի հաշմանդամ)
-Նայելով մեր երիտասարդությանը՝ հոգիս փառավորվում է: Նրանք ոգեշնչված են Վարդանանց քաջերով, ասել է թե՝ նրանց հետնորդներն են, նրանց զավակները:
…Խնկի բույրը տարածվել է Եռաբլուրով մեկ՝ ողջ Հայաստան աշխարհով, և հերոսներին ոգեկոչող պատարագի հնչյունների ներքո դարերի խորքից ասես մեզ է հասնում Վարդան Սպարապետի կոչը. «Արդ աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիցներ…մանավանդ, որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից լավ եք և հայրենական գահի պատվով՝ ավելի բարձր… Չերկնչենք ու չվախենանք կռապաշտների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»:
Արցախյան հերոսամարտի նահատակներին հարգանքի տուրք մատուցելով՝ երիտասարդությունը շարժվում է դեպի թարմ ու դեռ տաք շիրմաթմբի կողմը՝ խոնարհվում հերոս-զինվոր Արմեն Հովհաննիսյանի հիշատակին…
Դա մեր վաղվա հաղթանակների վկայությունն է…
Գ. ՇԱՂԱՓՅԱՆ
Լուս. ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ