Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՐ ՀՈՂԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԵՎ»



Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Հայ զինվորի» ընթերցողին ծանոթ է ռազմաօդային ուժերի պատմությանը եվ ընդհանրապես ավիացիային վերաբերող բազմաթիվ հոդվածներով: Վերջերս մասնագիտական մեկնաբանություններով հանդես է գալիս նաեւ ԶԼՄ-ներում:
Ա.Հովհաննիսյանը ծնվել է 1980թ. Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: 2001թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Զբաղվում է սպառազինությունների պատմության եվ զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային ռազմաքաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Երեք մենագրության եւ տասից ավելի գիտական ու վերլուծական հոդվածների հեղինակ է:
Վերջերս լույս է տեսել նրա «Օդային գերակայություն» գիրքը ռեակտիվ դարաշրջանում օդային հարձակման միջոցների եւ հակաօդային պաշտպանության հակամարտության մասին: Աշխատության մեջ առաջին անգամ հայերեն փորձ է արվել վերլուծելու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված բոլոր թռչող սարքերի կիրառության պատմությունը եվ դրանց դասերը:
Արծրուն Հովհաննիսյանի հետ մեր զրույցը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը, նվիրված է ավիացիայի հիմնախնդիրներին:

-Արծրուն, ռազմաօդային ուժերի զարգացման ի՞նչ միտումներ են նկատելի աշխարհում:
-Աշխարհի բոլոր զարգացող երկրներում ներդրվում է հիմնականում ամերիկյան փորձը, այսինքն` մեծանում է ՌՕՈւ-ի դերը: Մարտական ինքնաթիռները հետզհետե առաջին տեղն են գրավում աշխարհում վաճառվող զինատեսակների շարքում: Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն` 2005-2009թթ. աշխարհում վաճառված մարտական ինքնաթիռների քանակն ավելացել է: Վաճառող երկրների մեջ առաջին տեղում ԱՄՆ-ն է, որը վաճառել է 341 ինքնաթիռ, նախկին հնգամյակի համեմատ 55-ով ավելի: Երկրորդ տեղում ՌԴ-ն է, որը վաճառել է 219 ինքնաթիռ, նախկին հնգամյակի համեմատ 112-ով պակաս: Երրորդ տեղում է Ֆրանսիան` 75 ինքնաթիռ, նախկինի համեմատ վաճառքն ավելացրել է 17-ով:
Ինքնաթիռների հիմնական գնորդներն են Հնդկաստանը, ԱՄԷ-ն եւ Իսրայելը: Մարտական ինքնաթիռներ արտադրում է աշխարհի 11 պետություն, իսկ որպես գնորդ հանդես են գալիս 44-ը: Նշված ժամանակահատվածում աշխարհում վաճառված զենքի մեկ երրորդը մարտական ինքնաթիռ է եղել, ընդ որում՝ հիմնականում բազմագործառույթ ինքնաթիռներ, որոնք լուծում են ե՛ւ պաշտպանական, ե՛ւ հարձակողական խնդիրներ:
2009-2010թթ. այս ցուցանիշները բնականաբար փոխվել են, բայց առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է: Ընդ որում, նա ամրապնդում է իր դիրքը` ավելացնելով 5-րդ սերնդի կործանիչների վաճառքի ծավալը: Եթե այդ միտումը պահպանվի, ապա կէժանանան 4-րդ սերնդի հին կործանիչները, որոնք ցածր գներով կվաճառվեն զարգացող երկրներին:
Ռուսական ռազմարդյունաբերությունն այս առումով հայտնվել է դժվարին կացության մեջ. մինչեւ հիմա նա վաճառում էր հիմնականում խորհրդային հնացած տեխնոլոգիաներով ստեղծված մեքենաներ: Այսօր դրանք շատերին այլեւս պետք չեն: Խորհրդային այդ մեքենաներից լավագույնը «Սու-27-35» նախագիծն էր, որի հիմնական գնորդները ձեռք են բերել նաեւ այդ ինքնաթիռներն արտադրելու արտոնագիր, այսինքն` ՌԴ-ն համարյա սպառել է ռազմական ինքնաթիռների արտահանման իր ներուժը: Այժմ նա պետք է նոր սերնդի ինքնաթիռներ ստեղծի եւ փորձի արտահանել:
-Իսկ ի՞նչ կասես հակաօդային պաշտպանության մասին:
-Զարգանում են հիմնականում ՀՕՊ-ի բազմանպատակ համալիրները, որոնք կարող են գործել օդային հարձակման մյուս միջոցների հետ համաձայնեցված` որպես մեկ ընդհանուր համակարգի բաղկացուցիչ: Նոր համալիրները պիտի կարողանան հաջողությամբ պայքարել նաեւ հարձակողական տարատեսակ հրթիռների դեմ, որոնց հեռահարությունը եւ հզորությունը օրեցօր աճում է:
Այսօր ԱՄՆ-ում փորձարկվում է հարձակողական նոր հրթիռ, որը կփոխի զորային ՀՕՊ-ի ամբողջ փիլիսոփայությունը: Այս ոլորտում նույնպես առաջատարը ամերիկացիներն են: Նրանք են ստեղծել ոչ միայն գոյություն ունեցող հիմնական հարձակողական հրթիռները, այլեւ առաջին լիարժեք հակահրթիռային «Ստանդարտ», «ԹՀԱԱԴ» եւ «ՊԱԿ-3» համալիրները:
Նախկինում հզոր համարվող զենիթահրթիռային համալիրների` հրթիռներ խոցելու հնարավորությունը մեծ չէր: Օրինակ` հռչակված «Ս-300»-ինը: Եթե այն ինքնաթիռ խոցում է մինչեւ 200 կմ հեռավորության վրա, ապա հրթիռ` ընդամենը 40-50 կմ, այն էլ ոչ նույն հավանականությամբ: Այսօր ամբողջ աշխարհում աշխատանքներ են տարվում հրթիռներ խոցելու հեռավորությունը մեծացնելու ուղղությամբ: Անգամ «Ս-400»-ը չի բավարարում այսօրվա պահանջները, եւ «Ս-500»-ի ստեղծման հիմնական նպատակը դա է:
-Դու ՌՕՈՒ-ի եւ ՀՕՊ-ի միավորման կողմնակից ես: Ինչո՞ւ:
-Նախ` աշխարհում այսօր արդեն չկա մի հզոր երկիր, որտեղ այս զորատեսակները առանձին են: Նման վերջին երկիրը, որը միավորեց այդ զորատեսակները, ՌԴ-ն էր, որը դա արեց 1990-ականների վերջին: Այդ զորատեսակների միավորումն արդարացված է: Բայց դա առանձին զրույցի նյութ է:
-Արծրուն, քո «Օդային գերակայություն» գրքում երեւում է անթաքույց հիացմունքը օդուժի ամերիկյան նմուշներով եւ առհասարակ ամերիկյան ռազմարվեստով ու ռազմավարությամբ: Ի՞նչն է պատճառը, հատկապես ի՞նչն ես հավանում պատերազմելու ամերիկյան ոճի մեջ:
-Այդ ռազմարվեստը կամ ռազմավարությունն իրականում ամերիկյան չէ, այլ` անգլո-սաքսոնական: Վերջինիս բնորոշ է եւ հիացմունք է առաջացնում փոքր ուժերով եւ հատկապես փոքրաթիվ կորուստներով հաջողության հասնելը: Հիշո՞ւմ եք Սուվորովի հայտնի խոսքը` «Դժվար է ուսման մեջ, հեշտ է մարտում»: Իրականում ռուսական բանակը գրեթե միշտ պատերազմել է հակառակ սկզբունքով, իսկ անգլո-սաքսոնական մոդելը հետեւում է հենց Սուվորովի, իսկ ավելի ճիշտ` «ուսումը` թանկ, մարտը` էժան» խոսքին: Ի դեպ, պատերազմելու այս սկզբունքին պետք է հետեւենք նաեւ մենք, քանի որ մեծ միջոցներ չունենք:
Ամերիկյան բանակն այս սկզբունքն առավելագույնս հարմարեցրել է արդիական պահանջներին: Բոլորս լավ հիշում ենք, որ անգլիական նավատորմը մի ժամանակ իշխում էր օվկիանոսներում, եւ դրա հաշվին Անգլիան իշխում էր նաեւ աշխարհում: Դրան հաջորդեց պրուսական ռազմարվեստը, որը ենթադրում էր գերիշխանություն ցամաքում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ում առաջինն ընդունեցին օդային գերակայության առաջնայնությունը եւ փորձեցին դա իրականացնել: Ավելի ճիշտ, շատերը փորձեցին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջինը ամերիկացիներին հաջողվեց իրականացնել օդում իշխելու ռազմավարությունը: 1950-ականներից մինչ օրս ամերիկացիները հիմնական շեշտը դնում են դրա վրա: Ահա ամերիկյան բանակի հզորության հիմնական երաշխիքը:
Ոմանք ուշադրություն են հրավիրում այն բանին, որ ԱՄՆ-ը ունի աշխարհում ամենամեծ նավատորմը եւ, փաստորեն, որդեգրել է նաեւ գերակայության անգլիական մոդելը: Սա ճիշտ է, սակայն ԱՄՆ-ը, ունենալով ավելի մեծ նավատորմ, քան մնացած աշխարհը, միեւնույն է, հիմնական շեշտը դրել է օդային բաղադրիչի վրա: ԱՄՆ-ի նավատորմի հիմնական հարվածային ուժը ավիակիրներն են, որոնք միաժամանակ կարող են կրել ավելի քան 2000 տարատեսակ թռչող սարք: Այսինքն՝ ստացվում է անգլո-ամերիկյան մոդել:
Եվ, իհարկե, ամերիկացիները բացառում են մեծ կորուստները: Ամերիկյան բանակի` մինչ օրս ամենամեծ հարաբերական կորուստները եղել են Վիետնամական պատերազմում, բայց նույնիսկ դրանք համեմատաբար քիչ են, քան Խորհրդային Միության եւ Ռուսաստանի նույնանման պատերազմների կորուստներից: Ահա այս ռազմավարությունը հաշվի առնելով էլ ստեղծվում են ամերիկյան թռչող սարքերը, որոնք լավագույնն են աշխարհում:
-Դու պնդում ես նաեւ, որ օդուժի զարգացման ռուսական փիլիսոփայությունը ճիշտ չէ:
-Ռուսական ռազմավարությամբ հաղթանակը միշտ ձեռք է բերվել քանակական գերազանցության հաշվին, իսկ ժամանակակից հարվածային միջոցների, սարքավորումների եւ ավտոմատ կառավարման համակարգերի կիրառումը երկրորդ պլանում է: Բոլորս էլ լավ գիտենք խորհրդային բանակի կորուստների իրական չափը ֆիննական պատերազմում, Հայրենական մեծ պատերազմում, Աֆղանստանում, ինչպես նաեւ Ռուսաստանինը` անցյալի պատերազմներում: Ներկայումս էլ շատ բան չի փոխվել. նրանք գրոհում են հիմնականում քանակով: Շատերին են հայտնի նաեւ չեչենական պատերազմների մանրամասները:
Ամերիկյան բանակի` նույնիսկ ուղղաթիռների զգալի մասը հագեցած է արբանյակային կառավարման եւ օդում վերալիցքավորվելու համակարգերով: Ամերիկյան օդուժը գործում է ՀՕՊ-ի, նավատորմի եւ այլ զորատեսակների հետ նույն տեղեկատվական դաշտում: Մինչդեռ ռուսական բանակի ինքնաթիռների ընդամենը 20-30 տոկոսն է ունակ օդում լիցքավորվելու, իսկ արբանյակային կառավարման եւ զորատեսակների համար միասնական տեղեկատվական դաշտի մասին խոսք անգամ լինել չի կարող: 2008թ. ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ ռուսական ՌՕՈւ-երը մեծ խնդիրներ ունեն: Ռուսական կործանիչներն օդում գրոհում էին ռուսական գրոհիչներին եւ ուղղաթիռներին, քանի որ հակամարտող երկու կողմն էլ զինված էր նույն տեխնիկայով: Ի վերջո, ռուսական կործանիչներն օդում ոչ մի վրացական սարք չխոցեցին, իսկ ռուսական օդուժի կորուստները ուղղակի անթույլատրելի էին` 6-8 տարատեսակ թռչող սարքեր, որոնց թվում նաեւ մեծ ռմբակոծիչ: Ահա ընդհանուր պատկերը: Իհարկե, եթե առաջնորդվում ես «հաղթանակ` ցանկացած գնով» կարգախոսով, ապա այս ամենը նորմալ է: Սակայն ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ հետեւելու այս կարգախոսին:
-Մի՞թե ժամանակակից պատերազմներում ամեն ինչ որոշում է օդուժը, իսկ օդային մարտում էլ ամեն ինչ որոշում է տեխնիկան:
-Իհարկե ոչ, ամեն ինչ օդուժից կախված չէ, սակայն հաղթանակի մեջ օդուժի մասնաբաժինը շատ է մեծացել: Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա այն ինչքան էլ զարգացած լինի, դեռեւս չի կարող ստվերել մարդկային գործոնը: Ավելին, ինչքան բարդ ու հզոր է տեխնիկան, այնքան ավելի մեծ հմտություն է մարդուց պահանջվում այն մշտապես սարքին վիճակում պահելու եւ արդյունավետորեն կիրառելու համար: Իհարկե, օդային մարտերում տեխնիկայի դերը գնալով մեծանում է, միգուցե վեցերորդ սերնդի կործանիչները նույնիսկ անօդաչու լինեն, սակայն մարդկային գործոնը բացառելը դեռ վաղ է:
-Եթե, օրինակ, Թուրքիան առաջիկայում գնի 100 «F-35» գերժամանակակից կործանիչ, ապա կարելի՞ է ասել, որ նա ինքնաբերաբար կհայտնվի հզորության ավելի բարձր մակարդակի վրա:
-Այսօր արդեն խոսվում է ոչ թե 100, այլ 110-120 այդպիսի ինքնաթիռ ձեռք բերելու` Թուրքիայի մտադրության մասին: Իհարկե, դա մեծապես կհզորացնի Թուրքիայի ՌՕՈւ-երը: Մանավանդ որ Թուրքիան փորձում է ներդնել ամերիկյան մոդելը, այսինքն՝ ոչ թե պարզապես ներկրում է կործանիչներ, որոնք բավարար չեն հզոր օդուժ ունենալու համար, այլեւ քայլեր է ձեռնարկում միաժամանակ այլ թռչող սարքեր, օդային ղեկավարման կետեր, անօդաչու թռչող սարքեր, ՀՕՊ-ի հզոր համալիրներ ձեռք բերելու ուղղությամբ: Այսինքն` փորձում է ստեղծել օդային մարտ վարելու մի ամբողջ համակարգ:
Սակայն սա էլ բավարար չէ, եւ հզոր լինելու համար անհրաժեշտ է ունենալ լավ պատրաստված անձնակազմ: Չեմ ուզում թերագնահատել թուրքերին, այսօր նրանց քայլերը նախանձելի են, սակայն պետք է ասեմ հետեւյալը. չորրորդ սերնդի կործանիչներից «F-16»-ը ամենատարածված եւ հզոր ինքնաթիռներից մեկն է, որն ավելի քան 30 տարիների ընթացքում մասնակցել է բազում մարտական գործողությունների` օդային մարտերում արձանագրելով մոտ 50 հաղթանակ եւ ոչ մի կորուստ, բացի մի դեպքից, որը եղել է թուրքական ՌՕՈւ-երում. Հունաստանի կործանիչը 1996թ. հոկտեմբերի 8-ին Էգեյան ծովի վրա խոցել է Թուրքիայի «F-16»-ը:
-Արծրուն, թեպետ Արցախյան պատերազմի փորձը դեռ լիովին ուսումնասիրված չէ, բայց դու հայ-ադրբեջանական գոնե օդային դիմակայության փորձն ուսումնասիրել ես: Ի՞նչ դասեր կարելի է քաղել մեզ համար այդ փորձից:
-Ես վերլուծել եմ Արցախյան պատերազմում միայն ավիացիայի կիրառությունը, որի դասերը շատ հետաքրքիր են: Առաջինն այն է, որ Արցախը լիովին շրջափակման պայմաններում գոյատեւել է հիմնականում օդային փոխադրումների շնորհիվ: Պատմության մեջ նման դեպքերը շատ քիչ են: Սա մեզ հուշում է, որ հարկավոր է զարգացնել օդային տրանսպորտային միջոցները, մասնավորապես՝ ուղղաթիռները, որոնք շատ արդյունավետ են լեռնային պայմաններում: Երկրորդ՝ Ադրբեջանի կողմից հարվածային ավիացիայի զանգվածային կիրառումն ապացուցում է, որ սխալ է սովորական սպառազինություններով մասսայական ռմբակոծությունների ենթարկել հատկապես խաղաղ բնակչությանը: Երրորդ՝ լեռնային տեղանքում հատկապես կարեւոր է գերճշգրիտ զենքերի կիրառումը:
Ինչ վերաբերում է Արցախյան պատերազմի փորձին ընդհանրապես, ապա այն կարոտ է լուրջ ուսումնասիրության: Համաշխարհային պատմության մեջ շատ օրինակներ կան, երբ հաղթանակներից հետո կատարվել է հապճեպ «վերլուծություն», բնականաբար, մեծ սխալներով: Դրանց պատճառով սերունդները միանգամայն սխալ պատկերացում են կազմել պատերազմի ընթացքի ու արդյունքների մասին: Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը խորհրդային պատմագրությունը լիովին աղավաղեց, եւ հետխորհրդային ժամանակաշրջանում, փաստորեն, պատմաբանները ստիպված եղան ամեն ինչ սկսել նորից, եւ այդ գործընթացը դեռ ավարտված չէ:
Հայերս որոշակի կորուստներից հետո վերջապես ձեռք ենք բերել ռազմական փայլուն հաղթանակ` ազատագրելով մեր պապենական հողերի մի մասը: Այսօր մենք պարտավոր ենք այդ պատերազմը վերլուծել շատ մանրամասն ու ճիշտ եզրակացություններ ներկայացնել ապագա սերունդներին, որպեսզի նրանք էլ շարունակեն հաղթանակների ավանդույթը: Պետք է ստեղծել ռազմարվեստի պատմության ինստիտուտ-թանգարան, որը գիտական մակարդակով կուսումնասիրի մեր հաղթանակը: Մեզ հարկավոր է հզոր եւ մասնագիտացված կառույց ոչ միայն Արցախյան պատերազմի, այլեւ մեր հազարամյա ռազմարվեստի պատմության էջերը վերհանելու համար: Մեր զավակները եւ աշխարհը պիտի իմանան այն փայլուն հաղթանակների մասին, որոնց շնորհիվ այսօր կա հայ ժողովուրդը եւ ոչ միայն: Հասկանալով այդ հաղթանակները` ապագայում կարող ենք կիրառել դրանց փորձը:
-Ի՞նչ ուղղությամբ են զարգանում Ադրբեջանի ՌՕՈՒ-ը եւ ՀՕՊ-ը:
-Միանշանակ կարող եմ ասել, որ Ադրբեջանի քայլերում չի նկատվում երկարամյա զարգացման ծրագիր: Ճիշտ է՝ նրանք ակտիվորեն գնում են տեխնիկա եւ սպառազինություն, սակայն դրանք այնքան էլ արդիական չեն: Այն տեխնիկան, որը գնում է Ադրբեջանը, 10-20 տարի հետո կարող է չբավարարել ժամանակակից պատերազմ վարելու պահանջները, իսկ դրա արդիականացման հնարավորությունը խիստ սահմանափակ է: Մենք առայժմ մեծ ուշադրություն չենք դարձնում ՌՕՈւ հարձակողական բաղադրիչի զարգացմանը, քանի որ դա կապված է նյութական մեծ ծախսերի հետ, բացի դրանից մենք հարձակողական գործողություններ վարելու պլաններ չունենք: Հայաստանի գործողություններն ուղղված են պաշտպանունակության բարձրացմանը:
-Ի՞նչ դեր կարող են ունենալ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմում:
-ԱԹՍ-ները նախ եւ առաջ կարող են լինել հետախուզական եւ կրակի կառավարման միջոցներ: Նման փորձ աշխարհում վաղուց կա եւ այսօր կիրառվում է ամենուր: ԱԹՍ-ները կարող են լինել ցանկացած ստորաբաժանման «աչքերը»` ընդհուպ մինչեւ օպերատիվ-մարտավարական խորություն: Դրանք կարող են հեշտությամբ օգնել հրետանու կրակի կառավարմանը, ինչը զգալիորեն բարձրացնում է կրակի արդյունավետությունը: ԱԹՍ-ները կարող են լինել նաեւ մարտական հարվածային միջոցներ, այն էլ բազմակի օգտագործման, ինչը նույնպես արդեն նախադեպ ունի: ԱԹՍ-ները մի քանի անգամ էժան են սովորական ինքնաթիռներից եւ օդաչուների պատրաստման համար ծախսվող հսկայական գումարների կարիքն էլ չեն զգում: ԱԹՍ-ները մարտական օդանավերի փոխարինողներն են ապագայում:
1982թ. իսրայելական բանակը ԱԹՍ-ները օգտագործելով շարքից հանեց սիրիական ՀՕՊ-ը: Վերջինս հրթիռներն արձակում էր կեղծ օդային թիրախների վրա, մինչդեռ իսրայելական մարտական հարվածային միջոցները երկրորդ էշելոնից հարվածներ էին հասցնում հակառակորդի ցամաքային նշանակետերին: Ինչպես գիտեք, Ադրբեջանում վերջերս բացվեց ԱԹՍ-ներ արտադրող գործարան: Այս ամենից մենք պետք է լուրջ եզրակացություններ անենք:
-Դու առաջարկում ես Հայաստանում ռազմական օդանավակայաններ ստեղծել ջրամբարների վրա: Աշխարհում կա՞ դրա նախադեպը: Ըստ քեզ` ի՞նչ կարժենա այդպիսի մեկ օդանավակայանի ստեղծումը:
-Իմ այդ առաջարկը ապագայի նախագիծ է: Նախադեպը եղել է ԱՄՆ-ում, որտեղ փորձարկումներ են արվել, որոշ փորձեր կատարվել են նաեւ ԽՍՀՄ-ում, Ֆրանսիայում: Դրանք դադարեցվել են հիմնականում այն պատճառով, որ ծախսատար էին: Ներկայումս նման օդանավակայանների եւ համապատասխան ինքնաթիռների ստեղծման փորձ է անում Իրանը: Մեզ համար այդ գաղափարը կարեւոր է` կապված մեր երկրի փոքր տարածքի հետ: Նման օդանավակայանների անհրաժեշտությունը կարող է վերանալ, եթե ունենանք հզոր կործանիչներ, որոնք ուղղահայաց թռիչք եւ վայրէջք են կատարում, օրինակ` «F-35»:
-Ըստ քեզ, ինչքա՞ն է ադրբեջանա-հայկական նոր պատերազմի հավանականությունը:
-Դժվար թե պատերազմ չլինի, քանի որ հակառակորդ երկիրը մեծ տեմպերով զինվում է, չի թաքցնում իր մտադրությունները եւ սեփական ժողովրդին ներարկում մեծ ագրեսիա: Բայց հավանական է ոչ միայն հայ-ադրբեջանական պատերազմը, այլեւ ադրբեջանա-թուրքմենականը, ադրբեջանա-իրանականը, ինչպես նաեւ քաղաքացիական պատերազմն Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ, որոնք այսօր նույն հալածված վիճակում են, ինչ արցախահայությունը` խորհրդային տարիներին:
Չմոռանանք նաեւ, որ հայոց պատմության ընթացքում գրեթե չի եղել առանց պատերազմների մի հիսնամյակ: Այնպես որ, պատերազմ սպասվում է, թեպետ այն կարող է հետաձգվել միայն ու միայն մեր պետության հզորության ակնհայտ ցուցանիշների շնորհիվ: Իմ խորին համոզմամբ, պատերազմից պետք է ոչ թե վախենալ, այլ մշտապես պատրաստվել դրան: Նկատի ունենանք նաեւ, որ պատերազմը մեզ համար կարող է մեր պատմական տարածքներն ազատագրելու հերթական հնարավորությունը լինել: Սրան պատրաստ լինելը մեր հիմնական խնդիրն է:
-Արծրուն, «Օդային գերակայություն» գրքումդ կարծիք ես հայտնում, որ ապագայում կփոխվի պատերազմների բնույթը, դրանք կդառնան «քաղաքակիրթ», այսինքն` հարվածները կլինեն ոչ թե զանգվածային, ոչ թե խաղաղ բնակչության դեմ ուղղված, այլ` «կետային»` խիստ որոշակի թիրախներ ոչնչացնելու նպատակով: Ըստ քեզ, հնարավո՞ր է այդպիսի պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ընդհանրապես, ի՞նչ բնույթ կարող է ունենալ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմը:
-Աշխարհում արդեն շուրջ 20-30 տարի է, ինչ հիմնականում արեւմտյան երկրները փորձում են վարել նման պատերազմ: Իհարկե, դա այն իդելական տարբերակը չէ, որ ոչ մի խաղաղ բնակիչ չի մահանում, սակայն միտումները այդպիսին են: Ադրբեջանը հազիվ թե ընդունակ է «քաղաքակիրթ» պատերազմ վարելու:
Այս առիթով տեղին է հիշել 20-րդ դարավերջի պատերազմները, որոնցում բյուրեղացած ընդհանուր օրինաչափությունը հետեւյալն է. եթե հակամարտող կողմերն ունեն կանոնավոր բանակ եւ եթե վարում են «դասական» պատերազմ, ապա այն հիմնականում կարճ է տեւում: Այսինքն` եթե կողմերից մեկը պարտիզանական պատերազմ չի վարում, ապա նույնիսկ Հնդկաստանի եւ Պակիստանի նման մեծ երկրների միջեւ պատերազմները շատ կարճ են տեւում, ծայրահեղ դեպքում` մի քանի ամիս: Իհարկե, կան բացառություններ, օրինակ` «հյուծման» պատերազմները, սակայն դրանք վարել են հիմնականում առնվազն մի քանի տասնյակ միլիոն բնակչություն ունեցող պետությունները: Ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ Հայաստանը այդքան բնակչություն եւ նյութական միջոցներ չունեն` նման պատերազմ վարելու համար:
-Գրքիդ վերջաբանում ասում ես, որ «եթե ամբողջ աշխարհը վառոդի հոտը մոռանա, մենք` հայերս, պետք է վերջինը լինենք»: Ինչո՞ւ: Ի դեպ` աշխարհում կա՞ այդպիսի միտում` «վառոդի հոտը մոռանալու»:
-Բոլոր ժամանակներում, հատկապես զարգացած երկրներում, հնչել են պատերազմները դադարեցնելու եւ վերացնելու կոչեր: Հայերս, լինելով աշխարհի ամենախաղաղասեր ազգերից մեկը, հրապուրվել ենք իրականում այդ սին կոչերով:
Դրանք սին են, որովհետեւ պատերազմն իրականում եղել է եւ է պետական ու ազգային հարցերը լուծելու հիմնական միջոցներից մեկը: Մենք չպետք է մոռանանք, որ ապրում ենք նրանց հարեւանությամբ, ովքեր ատում են եւ դարեր շարունակ փորձել են բնաջնջել մեզ: Ահա թե ինչու մենք պիտի լինենք վերջինը, ով կմոռանա վառոդի հոտը: Բայց անձամբ ես չեմ հավատում, որ վառոդի հոտը տեսանելի ապագայում կմոռացվի: Ընդհակառակը, Արեւելքն այսօր ակտիվորեն զինվում է, ինչը կարող է նշանակել միայն մի բան` ապագա պատերազմներ: Ընդ որում՝ Արեւելքի պատերազմները կարող են մարդասիրական չափանիշների առումով հետընթաց քայլ լինել: Գրքիս վերջաբանում ես դա հատուկ եմ նշել այն մարդկանց համար, որոնք, տարվելով պացիֆիստական կոչերով, կարծում են, թե պատերազմներն անցյալում են:

Զրույցը վարեց
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #11 (876) 23.03.2011 – 30.03.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


31/03/2011