Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԵՐ



Հարցազրույց վրացագետ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի հետ

-Պարոն Մարգարյան, թերևս չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարևան Վրաստանում վերջին ժամանակներս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները բացառիկ էին հավանաբար ողջ հետխորհրդային տարածքում… Արդյունքում՝ ի՞նչ ստացավ վրաց ժողովուրդը, ի՞նչ փոխվեց այդ երկրի կյանքում:

-Ճիշտ բնորոշեցիք` բացառիկ: Ըստ էության, հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրներում առավել կամ պակաս չափով ավտորիտար ռեժիմներ են հաստատվել, որովհետեւ չկան ժողովրդավարական ավանդույթներ, պետականությունները երկարատեւ դադար են ունեցել: Վրաստանը (եթե բացառենք Մերձբալթյան երկրները) Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման ժամանակ զարգացման առումով ստանձնեց առաջամարտիկի դերը: Արտաքուստ թվում էր, թե Վրաստանը դարձավ ժողովրդավարության պատվար, հսկայական միջոցներ ներգրավեց, ամեն ինչ հրաշալի էր ստորին մակարդակում՝ վերացվեցին կոռուպցիան, տեղական մարմինների կամայականությունները, բայց խորքային փոփոխություններ այնուամենայնիվ տեղի չունեցան: Իրավապահ մարմինները վերածվեցին պատժիչ մարմնի: Սահակաշվիլին Վրաստանի Սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություններ իրականացրեց, որոնք ամբողջովին նպատակաուղղված էին երկիրը տանելու այն ճանապարհով, որը բնութագրական է այլ երկրների համար, այսինքն՝ իշխանության ամրապնդում, վերահսկողություն վերին օղակներում, դեկորատիվ փոփոխություններ այնտեղ, որտեղ դրանք կարելի էր մատուցել որպես առաջընթաց: Սահակաշվիլին գրեթե զրոյական շանսեր էր թողել իր քաղաքական հակառակորդների համար, բացառվում էր, որ նրանք կկարողանան խաղաղ իշխանափոխություն իրականացնել: Բայց, ահա, նոր ժամանակների երեւույթ՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հսկայական կապիտալի միջոցով կարողացավ մեկ տարվա ընթացքում պետական բարդ մեքենան մտցնել ցնցումների փուլ, եւ իշխանությունն անցավ նոր ուժերին: Մեկ տարի անց տեսնում ենք, որ բնակչության` էական փոփոխությունների հույսերը չարդարացան, գյուղական շրջաններում վիճակը չբարելավվեց: Դրսի ներդրումները նախկինում մեծ մասամբ ծառայեցվում էին մայրաքաղաքի բարեկարգմանը, հանգստյան գոտիների, բանկային համակարգի արդիականացմանը եւ շրջանցում էին գյուղական բնակչությանը: Այժմ էլ դրությունը գրեթե չի փոխվել, որովհետեւ միլիարդները` միլիարդներ, բայց դրանք չեն տրվում բնակչությանը որպես բարեգործություն: Վրաստանը, կարծես, սպասողական վիճակում է:

-Պարոն Մարգարյան, հետաքրքիր է Ձեր կարծիքն իմանալ նաև քաղաքական համակարգի անցումային երեւույթների մասին…

-Այժմ Վրաստանում խորհրդարանի կողմից ընտրված վարչապետը կունենա լիարժեք գործադիր իշխանություն ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: Այդ պաշտոնում նշանակվեց Իրակլի Ղարիբաշվիլին, մի անձնավորություն, որ չափազանց երիտասարդ է, աշխատել է տարբեր հիմնարկներում եւ աչքի ընկել իր վարչարարական կարողություններով ու անձնական նվիրվածությամբ: Նոր վարչապետը չի կարող կախվածության մեջ չլինել Իվանիշվիլիից: Նույն երեւույթն է նաեւ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պարագայում, որովհետեւ վերջինս զուրկ է սեփական քաղաքական լծակներից, գոնե մեկ անգամ չի ընտրվել ազգային ժողովի պատգամավոր, նա ընդամենն զբաղված է եղել բարձրագույն կրթության ոլորտում իր գործով: Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնական լիազորությունները սահմանափակ են նաեւ այն առումով, որ նա նախագահ է դարձել Իվանիշվիլիի աջակցության շնորհիվ: Ստացվում է հետեւյալ պատկերը` իշխանության գործադիր մարմնի ղեկավարներն անձնական պատասխանատվություն չեն կարող կրել, որովհետեւ նրանք չեն որոշումներ ընդունողները, իսկ նա, ով այս ամբողջ մեխանիզմը շարժման մեջ է դնում, պաշտոնական պարտավորվածություններ չի ստանձնել, եւ այսպիսով իշխանությունը մի տեսակ կախվածության վիճակում է: Այս իրադրությունը, թերեւս, երկար կշարունակվի:

-Իսկ նորընտիր նախագահն ընկալելի՞ ֆիգուր է Արեւմուտքի համար:

-Արեւմուտքը Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը որպես ողբերգություն չընդունեց: Արեւմուտքը Վրաստանում պահպանեց նույն միտումները, եւ առայժմ չի նկատվում, որ վրացական ուղղությունը գրավչություն է ներկայացնում Արեւմուտքի երկու գլխավոր ուժերի՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի համար: ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանի ընդգրկումը մոտ ապագայի խնդիր չէ: Արեւմուտքը շտապողականություն չի դրսեւորում նաեւ Վրաստանը արեւմտյան ընտանիքի անդամ դարձնելու հարցում: Ելնելով Ձեր հարցից՝ ուշադրություն հրավիրեմ մի կարեւոր հանգամանքի վրա՝ չբացարձակացնելով այս գործոնի նշանակությունը: Վրաստանի բոլոր ղեկավարները չափազանց կիրթ մարդիկ են, օրինակ` նոր նախագահը մտավորականների ընտանիքում է ծնվել, տիրապետում է օտար լեզուների, վարչապետը կրթություն է ստացել Եվրոպայում, ինչը բնութագրական է շատ քաղաքական գործիչների համար: Վրաստանում քաղաքական գործիչները ներկայանալու հնարավորություն ունեն, Արեւմուտքը նրանց հետ սիրով է համագործակցում՝ առանձնապես մեծ տարբերություն չդնելով: Ռուսասիրություն Վրաստանում չկա, ռուսաց լեզուն իր դիրքերը զիջել է, նոր սերնդի ներկայացուցիչները եվրոպական արժեքների կրողներ են: Հին գվարդիան, կարելի է ասել, արժեզրկվել է: Վրաստանում աճել է երիտասարդ եւ շնորհալի քաղաքական գործիչների սերունդ: Նրանք ոչ թե ավագ ընկերների ստվերի տակ սպասում են տարիքն առնելուն, այլ, լինելով 25-30 տարեկան, արդեն բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում, այսինքն՝ ձեռք են բերում քաղաքական փորձառություն: Վրաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ քաղաքական գործունեությունը դարձել է մասնագիտություն: Վրացի ժողովուրդը պակաս խանդավառությամբ է թողնում հայրենիքը, այստեղ սփյուռքի հաստատման ավանդույթներ չկան, բնականաբար ողջ եռանդն ու էներգիան ոչ թե երկրից դուրս է դրսեւորվում, այլ երկրի ներսում ծառայում է ժողովրդի շահերին: Վրաստանում ծնվում են նոր դեմքեր: Այնպես որ, հարեւան երկրի քաղաքական անցուդարձին հետեւելը բավականաչափ ուսանելի է:

-Պարոն Մարգարյան, որո՞նք են նոր իշխանության արտաքին քաղաքականության խնդիրները:

-Անցումային շրջանում գտնվող Վրաստանը կարծես թե իր առջեւ նոր խնդիրներ չի դնում, որովհետեւ կտրուկ փոփոխությունները նոր իշխանություններին հատուկ չեն: Վրաստանում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն այն հանգամանքի վրա, որ այստեղ շարունակում է աճել Թուրքիայի եւ Ադրբեջանի թե՛ ֆիզիկական եւ թե՛ ֆինանսական ազդեցությունը, սա կայուն միտում է: Եթե սկզբնական շրջանում որոշակի հույսեր կային, թե Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները այնուամենայնիվ կընթանան բարելավման ուղիով, եւ Վրաստանը տնտեսական առումով մի փոքր շունչ քաշելու հնարավորություն կունենա, կկարողանա իրեն ազատ զգալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում, ապա այդ հույսերը չիրականացան: Պատճառն այն է, որ ռուսական կողմն իրատեսական զիջումների ջատագով է, սակայն Իվանիշվիլին դեռեւս երկրի ներսում ձեռք չի բերել այնպիսի հեղինակություն, որ կարողանա գլխավոր հոսանքին ընդդեմ գնալ, ուստի Եվրոպական Միության հետ մերձեցումը շարունակվում է:

– Պարոն Մարգարյան, ինչպիսի՞ իրավիճակ է Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում:

-Իրադրությունը ադրբեջանաբնակ շրջաններում բավականաչափ բարդ է, կտրուկ անցումներն այստեղ բացառվում են: Բացատրեմ` ինչու: Խնդիրն այն է, որ ադրբեջանաբնակ են ոչ միայն Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող Մարնեուլի, Դմանիսի, Գարդաբանի, մասամբ Բոլնիսի շրջանները, այլեւ Վրաստանի ժողովրդագրական զարգացումն այնպես է ընթացել, որ ադրբեջանցիները մեծամասնություն են կազմում նաեւ Արեւելյան Վրաստանի` Ադրբեջանին հարող շրջաններում: Դարերի ընթացքում փոխադարձ շփումների գոտի է ստեղծվել, եւ մահմեդական վրացիների հոծ բնակչություն կա նաեւ երեք ադրբեջանական շրջաններում: Ստացվում է, որ սահմանի երկու կողմերում էթնիկ առումով խորթ բնակչությունը մի տեսակ պատանդի վիճակում է հայտնվել: Վրաստանն այս հարցում համառություն չի կարողանում դրսեւորել, թելադրողն Ադրբեջանն է: Վրաստանը առայժմ կարողանում է ճկունություն դրսեւորել իր համար մեկ այլ ցավագին հարցում: Այն է՝ որ այդ բնակչությունը ամբողջովին չընկնի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ազդեցության տակ: Ստեղծվեց Վրաստանի մահմեդականների վարչություն, որը հնարավորություն կտա վերահսկելու Աջարիայի մահմեդական վրացիների գործունեությունը: Այստեղ վտանգը երկակի է՝ մի կողմից առկա է Ադրբեջանի վարչական վերահսկողությունը, մյուս կողմից Աջարիայում մեծանում է Թուրքիայի ներազդեցությունը, ինչը պետականության համար իրական վտանգ է ստեղծում: Աջարիայում դրությունը տագնապալից է դառնում. եթե անկախացումից հետո ընդհանուր ոգեւորվածության շրջան էր, եւ նոր սերունդը զանգվածաբար փորձում էր վերադառնալ իր արմատներին, մկրտվել եւ դառնալ քրիստոնյա, ապա այժմ տնտեսական-քաղաքական ծանրակշիռ հանգամանքների ազդեցությամբ փորձ է արվում մահմեդականացնելու Աջարիան: Պայմանավորվածությունների համաձայն՝ Բաթումում նախատեսվում է կառուցել նոր մզկիթ: Այստեղ մի խնդիր կա, որն առնչվում է մեր հետաքրքրություններին: Վրաստանի հարավ-արեւմուտքի շրջանները, որոնք ընդգրկում են Կղարջքը եւ Տայքը, դարերի ընթացքում եղել են հայ-վրացական սերտ շփումների տարածքներ: Տեղի հուշարձանների եւ մշակութային ժառանգության նկատմամբ հավակնություններ ունեն թե՛ հայկական, թե՛ վրացական կողմը: Եվ որպեսզի վրացի մասնագետները կարողանան հետազոտել այդ հուշարձանները, Թուրքիան Վրաստանի հետ համատեղ ծրագրեր է նախատեսում, ինչն էլ դրդում է վրացիներին զիջումների գնալ մզկիթների եւ մահմեդականության դիրքերի ասպարեզում: Այն, ինչ շահեցին վրացական իշխանությունները, անհամեմատ ավելի քիչ է, քան կորցրածը: Եթե մի դեպքում խոսքը վերաբերում է պատմությանը, ապա Աջարիան իրականություն է: Թուրքական ազդեցությունը, որը զուգորդվում է տնտեսական ներթափացման հետ, տարածվում է մինչեւ Աբխազիա, իսկ այստեղի բնակչության մի մասը եւս մահմեդական է: Եթե նկատի ունենանք վերջին զարգացումները եւ Ղրիմում ստեղծված դրությունը, որտեղ թաթար բնակչությունը սերտ կապերով կամրջված է Թուրքիայի հետ, պարզ է դառնում, որ ողջ սեւծովյան ավազանի տարածաշրջանում Թուրքիան ունի կենսական ռազմական հետաքրքրություններ: Այս պարագայում Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքը օրեցօր կարող է թուլանալ: Ինչպես կզարգանան իրադարձությունները՝ դժվար է ասել, որովհետեւ գործընթացները իրենց վեկտորն արագ փոխելու հակում ունեն:

-Պարոն Մարգարյան, կարո՞ղ ենք ասել, որ Վրաստանի տարածաշրջանային նշանակությունը ինչ-որ չափով պայմանավորված է նաեւ ղարաբաղյան հակամարտության առկայությամբ, քանի որ տնտեսական եւ քաղաքական առավելություններ է ձեռք բերում:

-Եթե մենք տարածաշրջանը դիտարկենք նեղ առումով (հարավկովկասյան երեք պետություններ), Վրաստանը տարածաշրջանային լիդեր դառնալու հավակնություններ չունի: Բնակչության թվաքանակով, տնտեսական հնարավորություններով, Ադրբեջանը, անշուշտ, ուներ այդ դերն ստանձնելու բոլոր նախադրյալները, բայց քանի որ Ադրբեջանը պարտություն է կրել Արցախյան պատերազմում, ստիպված է սահմանափակել իր ռազմաքաղաքական հավակնությունները: Հետեւաբար` Վրաստանը նաեւ շնորհիվ ղարաբաղյան չլուծված հակամարտության դառնում է կովկասյան կենտրոն: Արեւմուտքում նա ներկայանում եւ ընկալվում է որպես մի պետություն, որը ապահովում է տնտեսական հաղորդակցություն: Վրաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ապահովում է արեւելք-արեւմուտք կապը, այդ ուղղվածությունը հարվածում է Հայաստանի շահերին, որովհետեւ մեր երկրի դիրքից բխող ուղղվածությունը վերջին գոնե հարյուրամյակների ընթացքում մեզ տանում է դեպի հյուսիս: Հյուսիսային շրջանների հետ կայուն կապի ապահովումը մեզ համար կենսական է՝ պայմանավորված Հյուսիսային Կովկասում եւ Հարավային Ռուսաստանում հայահոծ բնակչության առկայությամբ եւ Ռուսաստանի հետ ավանդական կապերի պահպանման անհրաժեշտությամբ: Վրաստանը, անշուշտ, շահարկում է իր բոլոր հնարավորությունները: Պետք է խոստովանել, որ վրացական քաղաքական եւ դիվանագիտական միտքը ճկուն է, նրանք օգտագործում են բոլոր հնարավորությունները:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


13/03/2014