ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ԼԵՌՆԵՐԸ
Սամվել Լիպարիտի Դիլանյանը ծնվել է 1947 թ. սեպտեմբերի 13-ին, Երևանում: Սովորել է Երևանի 40-րդ միջնակարգ դպրոցում: 1965թ. ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի արևելագիտության բաժինը, ապա ուսումը շարունակել է նույն ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում:
Ավարտելով համալսարանը` աշխատանքի է անցել Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում` եղել է «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ» շաբաթաթերթի ավագ գրական աշխատող, 1977 թ.-ից` պատասխանատու քարտուղար, ապա աշխատանքի է անցել «ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ամսագրի խմբագրությունում:
1990 թ. Վահագն Դավթյանի և արձակագիր Վրեժ Իսրայելյանի հետ հիմնադրել է «ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ» շաբաթաթերթը: 1991 թ. հիմնադրել և խմբագրել է «ԱՍՏՂԱՅԻՆ ՍՈւՐՀԱՆԴԱԿ» երկշաբաթաթերթը:
1993 թ.-ին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում` որպես ՊՆ «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» թերթի պատասխանատու քարտուղար, ապա` գլխավոր խմբագրի տեղակալ:
2000թ. ծառայության է անցել ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչությունում` որպես հասարակական կապերի բաժնի պետ, որտեղից էլ անցել է կենսաթոշակի` փոխգնդապետի զինվորական կոչումով:
Սամվել Դիլանյանի հոդվածներն ու պատմվածքները լույս են տեսել ոչ միայն հանրապետական, այլև սփյուռքահայ մամուլում: Նա խմբագրել և հրատարակել է «ԶԻՆՎՈՐԻ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ» մատենաշարի գրքերը, զինվորական օրացույցները: Հեղինակել և խմբագրել է «ԱՐԵԳ» հրատարակչության լույսընծայած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ» մանկական հանրագիտարանը: 2001թ. լույս է տեսել նրա «ՄՈՌԱՑՎԱԾ ԳԱՆՁԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ», իսկ 2013թ.` «ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ԼԵՌՆԵՐԸ» պատկերազարդ մենագրությունները:
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հատված գրքից:
«Հայ զինվոր»
Հայոց տիտանները
Ասում են, թե անհիշելի ժամանակներում հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտյան արթնանալիս սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և դրանից հետո միայն միմյանց բարևել։ Սակայն ժամանակի հետ, երբ եղբայրները ծերացել են, այլևս չեն կարողացել վաղ արթնանալ։ Մի օր էլ ուշ արթնանալով՝ մոռացել են կապել գոտիները, բայց այնուամենայնիվ միմյանց բարևել են։ Աստված տեսնելով, որ եղբայրները խախտել են ընդունված ծիսակարգը՝ պատժել է նրանց։ Եղբայրները քարանալով՝ լեռներ են դարձել, նրանց գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։
Մարդը վաղնջական ժամանակներից սկսած՝ ինչպես բնության բոլոր առարկաներին ու երևույթներին, այնպես էլ լեռներին շունչ ու ոգի է հաղորդել, իր մի շարք հատկանիշներ վերագրելով նրանց՝ հորինել է այլաբանական զրույցներ ու պատմություններ։ Կարելի է վստահաբար ասել, որ Հայկական լեռնաշխարհում չկա որևէ բարձր սար կամ լեռ, որ չունենա իր հետ կապված ավանդական զրույց կամ վիպական գողտրիկ պատում։
Ցասում եւ սեր
Հայկական լեռնաշխարհի արևելքում, հյուսիսից հարավ ձգվում է Զագրոշի կամ Զագրոսի լեռնաշղթան, որի մասին ավանդությունը պատմում է, թե ժամանակին այդ լեռները եղջյուրներով վիշապ են եղել։
Զագրոշը ցանկանում է կուլ տալ լեռնաշխարհի մյուս հսկային՝ Տավրոսին, և կռվի է ելնում նրա դեմ։ Տավրոսն ընդունելով մարտահրավերը՝ այնպես է հարվածում Զագրոշի ճակատին, որ սրա եղջյուրները պոկվում են։ Մի եղջյուրը թռչում հայտնվում է Վերին Միջագետքում (Հայոց Միջագետք) և ցցվում գետնի մեջ, որ մինչև այսօր Մասիուս (Մարդինի լեռներ) է կոչվում, իսկ մյուսը թռչում և խրվում է Արարատի կողը, որ մինչև այսօր Մասիս է կոչվում։ Զագրոշը շշմած մեջքը դեմ է տալիս Տավրոսի Առնոս և Արտոս եղջյուրներին։ Սակայն սրանք էլ ուժգին մի հարվածով պատռվածք են հասցնում վիշապին՝ բացելով Կոթուտից մինչև Տիարտխուր ընկած ձորը, որով հոսում է Զաբ գետը։ Այդ գետը Զագրոշի հոսող արյունն է, բայց որը մարդկանց համար անուշ ու անմահական ջուր է։ Սաստիկ հարվածից նաև Զագրոշի փորոտիքի աղի ջրերի մի մասը հոսում հասնում է Վան և առաջացնում Վանա լիճը։
Դժվար է ասել, թե երբ է ստեղծվել այս ավանդազրույցը։ Ցլի (Տավրոս) և Վիշապի (Զագրոշ) հակամարտությունն ընկած էր մեր լեռնաշխարհում ապրած հնագույն ժողովուրդների դեռևս նախնադարյան տիեզերական պատկերացումներում, որտեղ վիշապը խորհրդանշում էր տիեզերական քաոսը, իսկ ցուլը՝ ամպրոպ-կայծակի, երկնային օվկիանոսի, պտղաբերության գաղափարները։
Սասունի նշանավոր երկու լեռները՝ Մարաթուկն ու Անդոկը, նույնպես հաշտ ու խաղաղ չեն ապրել։ Մարութա սարի պաշտամունքը զայրացնում է Անդոկին, և նա «ձեռնոց է նետում» իր ախոյանին։ Անդոկը կայծակ թրով հարվածում, ճեղքում է իր հակառակորդի գլուխը, որի համար նա ստանում է ջղլագլուխ (զույգ գլուխ) Մարաթուկ անունը։ Իսկ վերջինս իր հերթին հսկա մի ժայռ պոկելով կողերից՝ նետում է դեպի Անդոկը։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, դուրս է մնում միայն ժայռի երկու ջաղացքարի չափ հատվածը, որի վրա էլ մնում է Մարաթուկի ձեռքի դրոշմը։
Լեռների հակամարտության մի օրինակ էլ Քափասի և Մռավի կռիվն է։ Ուտիքի Քափաս լեռն այնքան բարձր է եղել, որ իր ստվերով ծածկել է Գանձակ քաղաքը։ Մռավը նախանձել է Քափասին և կռվի է հրավիրել։ Քափասը նետով կոտրել է Մռավի ձախ կողը, իսկ Մռավն իր հերթին փշուր-փշուր է արել Քափասի գլուխը։
Մեկ այլ զրույցի համաձայն՝ Մասիսն ու Արագածը սիրով քույրեր են եղել։ Սակայն օրերից մի օր նրանք սկսում են վիճել, թե իրենցից ով է ավելի բարձր և գեղեցիկ։ Վիճաբանության թեժ պահին վրա է հասնում Մարաթուկը և փորձում է հաշտեցնել քույրերին, բայց նրա ջանքերը զուր են անցնում։ Հեռանալով՝ նա անիծում է քույրերին՝ այնպես բաժանվեն, որ այլևս երբեք չհանդիպեն։ Մասիսն էլ իր հերթին Արագածին է նզովում, որ արցունքը չպակասի նրա աչքերից, իսկ Արագածն էլ՝ Մասիսին, որ ոչ ոք չբարձրանա նրա գագաթը, մատաղ չմորթի։ Այդպես էլ լինում է. Արագածի գագաթին արտասուքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի վրա մարդ չի բարձրանում, և մատաղ չի արվում։
Իսկ Գեղամա լեռնաշղթայի երկու գագաթների՝ Սև և Կարմիր սարերի մասին պատմում են, որ Սև սարը ժամանակին եղել է մի բռնակալ ու կոպիտ տղամարդ, իսկ Կարմիր սարը՝ գեղեցիկ մի աղջիկ։ Բռնակալը ուժով տիրացել է աղջկան, բայց ժողովրդի անեծքով քարացել է և, չկարողանալով վայելել աղջկա սերը, անզոր կատաղությունից լալիս է, գոչում ու վրեժը հանում մարդկանցից։ Ամառվա կեսին անսպասելի մթնում է, բուք ու բորան անում, խեղդում մարդ ու անասուն։
Մի սիրո պատմություն էլ հյուսվել է Հայկական պար լեռնաշղթայի երկու գագաթների՝ Սուկավետի և Ալադաղի մասին։ Սուկավետը եղել է գեղեցիկ հայ հովիվ, իսկ Ալադաղը՝ քրդի նույնքան սիրուն մի աղջիկ, որոնք սարում հանդիպելով միմյանց՝ սիրահարվում են։ Սուկավետը Չանկլի գյուղի քահանայի որդին էր, Ալադաղը՝ Մանդուր գյուղի շեյխի դուստրը։ Հասկանալի է, որ նրանց ծնողները պիտի դեմ լինեին նման ամուսնությանը։ Սիրահարները զանց առնելով ծնողների կամքը՝ Համբարձման տոնի գիշերը փախչում են ամառանոցից ու մի տեղ թաքնվում։ Ծնողներն իմանալով այս մասին՝ անիծում են անհնազանդներին, և սրանք իրարից հեռու լեռներ են դառնում. երիտասարդը՝ Հայկական պարի կենտրոնում, Ալաշկերտ և Բասեն գավառների սահմանագծին, իսկ աղջիկը՝ Վանանդ և Բասեն գավառների միջև՝ կարոտալից հայացքները միշտ իրար հառած։ Երկուսի դեմքին էլ արցունքը սառչում, վերածվում է ձյան։ Սակայն ամեն Համբարձման տոնի գիշերը՝ լուսադեմին, Սուկավետ և Ալադաղ լեռները Չանկլի գյուղի մոտ հանդիպում են իրար, գրկախառնվում, ապա լալով բաժանվում։
Ամեն տարի Համբարձման տոնին հայ և քուրդ երիտասարդները ուխտի էին գնում Ալադաղ, մոմ վառում, հայերեն և քրդերեն սիրային երգեր երգում։
Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Հոգևոր-մշակութային