Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ՛ ՊԱՐՏՎԻ



-1989թ. օգոստոսն էր։ «Սասունցիներ» ջոկատը Ալֆրեդ Ներսիսյանի (Աֆո) հրամանատարությամբ Գորիսի օդանավակայանից պետք է թռչեր Բերդաձոր, որի երեք գյուղերը՝ Եղծահողը, Մեծ շենը և Թթու ջուրը շրջապատված էին Լաչինի, Լիսագորի, Շուշիի ադրբեջանցիներով,- վերհիշում է Գրիգոր Գրիգորյանը՝ Գիգին։ -Մեկնելուց առաջ ես, իմ սասունցի ընկեր Ժուլվեր Հովհաննիսյանը, Աֆոյի հետ գնացինք Լեռնարոտ, որպեսզի սահման մեկնելուց առաջ Աֆոն հրաժեշտ տա հորը։ Անհնար է մոռանալ, նկարագրել այն, ինչ կատարվեց այդ օրը Արագածի փեշին ծվարած փոքրիկ գյուղում, որտեղ բնակություն էր հաստատել Սասնո Գելիգուզան գյուղից Մեծ եղեռնից մազապուրծ փրկված փողփուչ Ներսեսի բազմանդամ ընտանիքի միակ զավակը՝ Արշակ քեռին։ Նա իր տասնմեկ զավակներին անվանակոչել էր իր զոհված ծնողների, քույրերի, եղբայրների, հարազատների անուններով…

Լեռնարոտից մինչ Երևան ճանապարհը գալիս էինք լռությամբ։ Բառերն անզոր էին պատմելու, նկարագրելու այն ամենը, ինչը մենք ապրեցինք, զգացինք, ինչին ականատես եղանք։

«Գելիգուզանը 3500 տուն ուներ, 17-19 թաղ, 35000 բնակիչ»,- մտքումս անընդհատ քեռի Արշակի այս խոսքերն էին։

Երբ նույն օրը երեկոյան գործի բերումով հանդիպեցի Վազգեն Սարգսյանին, նա, նայելով դեմքիս, հարցրեց. «Մի տեսակ հուզված ես, ի՞նչ է պատահել»։ Ես պատմեցի այն, ինչ տեսել էի։ Շատ էի հուզված, չգիտեմ՝ կարողացա՞ ներկայացնել-նկարագրել այն, ինչ տեսել-զգացել էի՝ ինչպես հանդիպեցին հայր և որդի, սասունցի ծերունին ինչ ոգևորությամբ ճանապարհեց որդուն ռազմադաշտ՝ նվիրելով էրգրից բերած Մոսին հրացանը։ Հուզմունքը փոխանցվեց Վազգեն Սարգսյանին։ Նա լուռ էր։ Չզգացի` որքան տևեց այդ լռությունը։ Հանկարծ նրա բռունցքը թափով իջավ սեղանին.

-Հայ ժողովուրդը չի՛ պարտվի…

Գ. Շ.

Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Հոգևոր-մշակութային


13/03/2014