Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉՎԱԾ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ



Ծնունդով գանձակեցի Յուրիկ Մանուկյանը, որն ընտանիքով ապրում է Քարվաճառում, պատմեց, թե վերջերս էլի մի խաչքար են լույս աշխարհ հանել հողի տակից։ Գյուղապետ Միքայել Գեւորգյանի որդու՝ Դավթի տան նկուղը փորելիս էին խաչքարը գտել։ Խաչքարը հայտնաբերել էր Կամո Ծատուրյանը, որը գաղթել է Շահումյանի շրջանի Հայ Պարիս գյուղից։

-Երբ մաքրեցինք հողը, եւ աստիճանաբար բացվեց խաչքարի գեղեցկությունը,- պատմում է Կամոն,- հազար ու մի զգացում ապրեցինք, հուզմունքից կարկամել էինք: Երկյուղածորեն շոյում, փաղաքշում էինք խաչքարը, համբուրում, ասես գտել էինք մի հարազատի կամ բարեկամի, որից բաժանվել էինք անհիշելի ժամանակներից։

Հիմա այն կանգնած է Դավիթ Գեւորգյանի տան հարեւանությամբ։ Կանգնել է ողջ հասակով՝ նուրբ, ասեղնագործ, և ասես լռելյայն պատմում է իր կրած տառապանքների մասին… Նայում ես ու ակամայից հիշում բանաստեղծ Վահագն Դավթյանի դիպուկ բնորոշումը` խաչված գեղեցկություն։

Գ. Շ.

Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Հոգևոր-մշակութային


13/03/2014