ՀԱՅՈՑ ՀՈՂԸ ԵՐԳՈՒՄ Է
-1993 թվականի մայիսն էր: Շուշիի ազատագրման առաջին տարին էր: Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում տեղի էին ունենում տոնական միջոցառումներ: Ամենուր ցնծություն էր, ոգևորություն,- վերհիշում է Արտակարգ իրավիճակների նախարարության նվագախմբի սաքսոֆոնահար Մեսրոպ Պահլավունին: – Հայաստանից Արցախ մեկնած նվագախմբով մասնակցեցինք Ստեփանակերտում կայացած հաղթական շքերթին: Հաղթական քայլերգերով անցնում էինք Ստեփանակերտով, և ամենուր ժողովուրդը միանում էր մեզ, մեզ հետ խրոխտ երգում: Իրոք, տոնը սրտաբուխ էր, զգացվում էր տարիներով բանտված կարոտի, սպասումի հորդումը: Ստեփանակերտից հետո բարձրացանք Շուշի: Այստեղ էլ՝ նույն ոգևորությունը, նույն անպատմելի ցնծությունը: Մարդիկ փողոցներով քայլում էին մեզ հետ, մեր կողքին: Իսկական ժողովրդի սրտից բխած տոնական օր էր: Եվ դա տևեց երկու-երեք օր: Երբ պատրաստվում էինք վերադառնալ Երևան, Շուշիի զորամասի հրամանատար Վաչագան Իշխանյանն ասաց.
– Չէ, տղե՛րք, էդպես հեշտ ու հանգիստ ձեզ չեմ թողնի՝ գնաք: Մինչև հիմա դուք էիք մեզ ուրախացնում ձեր նվագով, էսօր էլ մենք կփորձենք մեր ինքնագործ խմբով ձեզ ուրախացնել, այնպես որ՝ այսօր դուք իմ հյուրն եք:
Մեկնեցինք աշխարհի իմ տեսած ամենագեղատեսիլ վայրերից մեկը, որը նախկինում եղել է կառավարական հանգստավայր: Խնջույքի թեժ պահին մեկ էլ հրամանատարը ծափ զարկեց և ասաց, որ կանչեն իրենց երաժիշտներին:
– Դե, հիմա էլ լսեք, վայելեք մեր երաժիշտների կատարումները:
Չորս-հինգ հոգի եկան, լուռ շարվեցին ու սպասեցին: Խմբավարը, որը նույնպես զինվորական էր, հայտարարեց երգի անունը` «Անդրանիկ»: Հետո «Առյուծի նման», «Կեցցե՛ Հայաստան», «Շուն Թալեաթը» և այլն: Երգում էին ոգևորված, բռունցքները խրոխտ վեր պարզած: Խնջույքը շարունակվում էր: Իսկ երբ հրամանատարը ներկայացրեց երգչախմբին, մենք բոլորս զարմանքից քարացանք: Երգում էին սիրով, և պետք է խոստովանել, որ երաժշտությունը մոռացության էր տվել պատերազմը։
– Այդպես է, երբ պետություն ունես, հզոր ես, քո ձայնն էլ կլսվի, քո երգերն էլ կլսվեն,- ասաց հրամանատարը:
Գ. Շ.
Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Հոգևոր-մշակութային