Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐՈՎ ՀԱԳԵՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ



Օրերս Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքները միավորող «Կարոտի կանչ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր եռօրյա միջոցառում՝ այցելություն Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զորամասեր: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 13 հոգի՝ հիմնականում զոհվածների ընտանիքների ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբնակետը մոտոհրաձգային զորամասն էր, որտեղ հյուրերին դիմավորեց զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Սեդրակյանը:

Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում զինվորների հետ: Զինվորները հյուրերի համար փոքրիկ ցերեկույթ էին կազմակերպել՝ երաժշտական կատարումներով: Հյուրերը շրջեցին զորամասի տարածքում և եղան վերջերս նորոգված բուժկետում, այցելեցին վատառողջ զինվորներին, ապա ծաղիկներ դրեցին Արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարին: Հյուրերը գիշերն անցկացրին զորամասում՝ այսպիսով հաղորդակից և մասնակից դառնալով զինվորական առօրյային: Նրանք նաև զորամասի գրադարանին գրքեր նվիրեցին և Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Ա. Ալեքսանյանի անունից հուշանվեր հանձնեցին: Այցելության ընթացքում կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանի խնդրանքով 10 լավագույն զինվորներ ստացան կարճաժամկետ արձակուրդ: Ա. Սարգսյանը նշեց, որ սա անակնկալ նվեր կլինի պարտադիր ծառայությունը սահմանում իրականացնող զինվորների մայրերին՝ առաջիկա մայրության տոնին ընդառաջ:

Հաջորդ օրը միջոցառման մասնակիցները եղան մեկ այլ զորամասում: Այստեղ հյուրերին դիմավորեցին հրամանատար, գնդապետ Ա. Ավագյանը և ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Մանուչարյանը: Հյուրերը շրջեցին զորամասում: Նրանց ուղեկցում, պատմում և բացատրություններ էր տալիս Զարամայիլ Գյուլազյանը՝ չափազանց խելացի և կիրթ մի զինվոր: Հյուրերը եղան զորամասի գրադարանում, որտեղ գրքեր նվիրեցին: Գրադարանում աչքի էր ընկնում զինվորներից մեկի ձեռքով նկարված Գարեգին Նժդեհի մոր դիմանկարը: Այստեղ ևս Մալաթիա-Սեբաստիա համայնքի կողմից զորամասին հանձնվեց հուշանվեր: Այս զորամասում հյուրերին հիացրեց հատկապես սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյակին նվիրված միջոցառումը:

Ցերեկույթի ընթացքում ջերմ և մտերմիկ մթնոլորտ էր ձևավորվել. այն տպավորությունն էր, թե իրենք գտնվում են ոչ թե զինվորականների շրջապատում, այլ ներկա են մասնագիտորեն կազմակերպված գրական-երաժշտական երեկոյի: Միջոցառման ընթացքում զինվորներին խոսք ուղղեց նաև կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանը: Նա բարի և խաղաղ ծառայություն մաղթեց նրանց՝ հույս հայտնելով, որ մեր հայրենիքին պատուհասած պատերազմն այլևս չի կրկնվի, իսկ զինվորները գիտակից ու խելացի քաղաքացիական վարք կդրսևորեն նաև ծառայությունից հետո՝ ի փառս Հայաստան աշխարհի:

Հյուրերը զրուցեցին զինվորների հետ, որի ընթացքում նրանք բացառիկ հոգատար վերաբերմունք դրսեւորեցին զոհվածների մայրերի հանդեպ, ինչն էլ անչափ հուզել էր հյուրերին: Տղաները նրբանկատորեն շրջանցում էին պատերազմի և նրա պատճառած անփարատ ցավի մասին ցանկացած հիշատակում՝ վստահեցնելով, որ իրենք ամեն վայրկյան պատրաստ են դիմակայելու թշնամուն և ըստ արժանվույն շարունակելու պատերազմում զոհվածների գործը:

Միջոցառման մասնակիցները գիշերն անցկացրին զորամասի հյուրընկալ հարկի տակ, իսկ հաջորդ օրն ուղևորվեցին Երևան:

«Կարոտի կանչ» ԲՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնում պաշտպանության նախարարությանը և Մալաթիա-Սեբաստիա համայնքի նորանշանակ ղեկավար Ա. Ալեքսանյանին, որոնց աջակցության շնորհիվ կյանքի կոչվեց սույն միջոցառումը:

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Բանակ և հասարակություն


13/03/2014