Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՍՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՐԸ ՍՊԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ



Մարդու էությունն իր երկակի՝ նյութական-մարմնական և հոգևոր կեցությամբ անբաժան է անհատական ու հասարակական գիտակցությունից և դրանց արտահայտման գործիք` խոսքից ու լեզվից:

Այսինքն՝ խոսքը, ավելի ստույգ՝ բառը, սկսում է արտացոլել ոչ միայն օբյեկտիվ իրականության առարկայական-զգայական կեցությունն ու դրա բովանդակությունը, այլև ձեռք է բերում նաև սիմվոլիկ-նշանային իմաստ ու բովանդակություն: Ձևավորվող խոսքի մշակույթն արտացոլում է տվյալ էթնոսի խոսքի համապատասխանությունն ընդունված գրական լեզվի օրինաչափություններին, գործող նորմերին ու կանոններին: Համատեղ ծառայողական գործունեության ընթացքում գործածվող խոսքն արտացոլում է լեզվի հասարակական գործառույթների՝ յուրաքանչյուր զինծառայողի, սպաներինն առավելապես, մտածողությանն ու մտքերին հաղորդակցման միջոցների տիրապետման աստիճանն ու իրացման դրսևորումը:

Հաղորդակցման լեզվի միջոցով զինվորական ծառայությունում առանձնակի դրսևորվող յուրաքանչյուր անհատականություն հանդես է բերում խոսքի մշակույթին տիրապետելու իր ինքնատիպ որակները: Վերջիններիս ձևավորման վրա միանշանակ ազդում են հասարակական հարաբերությունների զարգացման մակարդակը, կրթության աստիճանը, բարեկրթության և բարոյական նորմերի յուրացումն ու գործադրումը, փորձառությունը, դաստիարակվածությունը, խառնվածքը, բնավորությունը, սոցիալական հոգեկերտվածքը:

Այսքանով սահմանափակվելով, կարող ենք միանշանակ ասել, որ յուրաքանչյուր անհատականության խոսքը դա հենց մասնավորի, կոնկրետի, եզակիի վառ ու հստակ դրսևորումն է: Ահա թե ինչու այսօր, առավել քան երբևէ, այդքան մեծ ուշադրություն է դարձվում սպայի խոսքի ձևավորման ու զարգացման գործընթացին:

Խոսքի մշակույթը լինելով սպայի, հրամանատարի, ժամկետային զինծառայողների, դաստիարակի, ուսուցանողի ընդհանուր և մասնագիտական մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկը, առաջադրում է խստագույն պահանջներ: Այստեղ հիմնականը կշռադատված ու համակարգված խոսքի մեծագույն ուժով զինծառայողների մտքի և հոգու վրա ներգործելու, իրենց հետևից վճռականորեն տանելու կարողությունն է:

Բազում տարիներ ուսումնասիրելով զինծառայողների խոսքն ու դրա գործադրման որակը, կարելի է ընդգծել, թե որն է առաջնայինը սպայի խոսքում, եւ ինչպիսի բնութագրական սխալներից պետք է խուսափել:

Համառոտ անդրադառնանք սպայական խոսքի մի քանի առանձնահատկություններին, որոնք, մեր համոզմամբ, ունեն առանցքային դերակատարում սպայի խոսքի մշակույթում:

Խոսքի տիրապետման արվեստում ընդունելի չեն երկիմաստությունը, կասկածամտություն առաջացնող երանգները: Պատահական չէ, որ այդ պահանջներն իրենց առանձնակի դրսևորումն են ստացել ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի թիվ 39 հոդվածում:

Սպայի խոսքի կարևոր առանձնահատկություններից է նաև ձայնի տարբեր որակական ցուցանիշների հմուտ զուգորդումը` կախված իրականացվող գործառույթից, տեղից, ժամանակից, լսարանից, կարգավիճակից: Խոսքի թիրախային ներգործության ուժը մեծապես պայմանավորված է նաև ձայնի տոնով, տեմպով, ուժգնությամբ, ձայներանգով:

Սպայի համար (հիշենք «Հրամանատարական ձայն» արտահայտությունը) ազդեցիկ-հնչեղ ձայնը այն կարևորագույն գործիքներից է, ինչը նրան կապում է լսարանի ու ենթակաների հետ, փոխանցում մտքերն ու հույզերը, արտացոլում պահանջներն ու սեփական ապրումները:

Մարտադաշտում, արտակարգ իրավիճակներում հրամանատարի ձայնի հաստատակամությունն ու հանգստությունը, ինքնաբերաբար, փոխանցվում են ենթականերին: Միալար, միապաղաղ ձայնով խոսքը չի կարող ծառայել համախմբմանն ու տրամադրվածության ամրապնդմանը: Հրամաններ արձակելիս, խնդիրներ առաջադրելիս ձայնի խրոխտությունը, ինքնավստահությունը անձնակազմին հաջողության մղելու կարևոր գրավականներից է:

Սպայի խոսքում կարևոր դերակատարում ունեն խոսքի տրամաբանական ճշգրիտ շեշտադրումը, դադարները, առոգանության համաձայնեցումը խոսքի ոճական պահանջների հետ:

Միապաղաղ խոսքը հոգնեցնող է, քանի որ հնարավորություն չի տալիս տարանջատելու գլխավորը, հիմնականը երկրորդականից: Դադարների (քերականական, տրամաբանական, հոգեբանական, ձևական) և շեշտերի (բառաշեշտ և տրամաբանական շեշտ) հմուտ, տեղին և նպատակային օգտագործումն ու կիրառումը խոսքին տալիս են առանձնահատուկ բովանդակություն: Շեշտադրման սխալ կիրառումը միևնույն արտահայտությանը կհաղորդի բոլորովին այլ՝ անցանկալի ու անսպասելի իմաստներ:

Սպայական խոսքի արտահայտչականությունը առավել շահեկան է դառնում ժեստերի, դիմախաղի, մարմնի ներդաշնակ շարժումների ճիշտ ու համահունչ գործադրումով:

Ենթակաների ոչ միայն գիտակցության, այլև զգացմունքների և հույզերի վրա ազդելու, լսարանի ուշադրությունը գրավելու նկատառումով կարևոր են նաև թեմայի արդիականությունը, ելույթի բովանդակության խորությունը:

Ընդհանրապես, զինծառայության մեջ չկան և չեն կարող լինել մանրուքներ: Սպայի պատիվը բարձր գնահատող հրամանատարի համար կարևոր ու առանձնահատուկ դերակատարում պետք է ունենա խոսքի մշակույթը:

ՄԱՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Ազգային բանակ


13/03/2014