ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ…
-Գեորգի Անդրեյիչ, Ձեր գործունեության զգալի մասը դեռեւս գաղտնազերծված չէ եւ դեռեւս, ինչպես ասում են, յոթ փակի տակ է պահվում, բայց աշխարհը գիտի Ձեր իրանական գործունեության հայտնի դրվագը. երբ Ձեր ղեկավարած «Թեթեւ հեծելազոր» խմբի շնորհիվ 1943թ. Թեհրանի կոնֆերանսի ընթացքում կանխվեց Չերչիլի, Ստալինի եւ Ռուզվելտի դեմ կազմակերպված մահափորձը… Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ ենք ասել, որ հակառակ դեպքում մարդկության պատմությունն այլ ուղիով կընթանար…
-Ո՛չ, ամենեւին, ո՛չ։ Ֆաշիզմը, մեկ է, պետք է ջախջախվեր։ Ֆաշիզմն այլ ճանապարհ չուներ։ Եվ ջախջախվեց։ Ֆաշիզմը չէր կարող հաղթել, նա դատապարտված էր պարտության։ Մենք չլինեինք, կգտնվեին ուրիշները, գուցե շատերը… Եվ, փառք Աստծո, որ ֆաշիզմը պարտվեց… Աշխարհը մի մարդով չէ…
-Բայց, ասում են՝ Թեհրանի կոնֆերանսի 64-րդ տարեդարձի օրը Ձեզ մոտ՝ Մոսկվա է եկել Չերչիլի թոռնուհին, որպեսզի շնորհակալություն հայտնի իր հռչակավոր պապին փրկելու համար…
-Ասեմ, որ Սիսիլիա Սանդիսը՝ Չերչիլի թոռնուհին, ծնվել է հենց Թեհրանի կոնֆերանսի օրը։ Այո՛, նա 2007 թ.-ի նոյեմբերին ուղեկիցների եւ լրագրողների մի մեծ խմբով եկավ ինձ տեսության եւ իսկապես շնորհակալություն հայտնեց պապին փրկելու համար։ Այդ մասին գրեցին բրիտանական բոլոր լրատվամիջոցները… Ի դեպ, այդ բարեկամական խմբի հետ նաեւ հետախույզներ էին ժամանել…
-Դե, իհարկե, անգլիական հետախուզությունը չէր կարող բաց թողնել Ձեզ սեփական աչքերով տեսնելու առիթը։
-Անգլիացիները երբեք անկեղծ «խաղացողներ» չեն եղել, երբեք անկեղծությամբ աչքի չեն ընկել։ Նրանք անկեղծ չեն եղել եւ ոչ մեկի հանդեպ… Թեեւ պետք է խոստովանեմ, որ անձամբ ինքս շնորհակալ պետք է լինեմ անգլիական հետախուզությանը։ 1942թ. ինձ հաջողվեց ներթափանցել անգլիացիների բացած հետախուզական դպրոց։ Կես տարվա ընթացքում ես անցա ուսման լրիվ դասընթացը։ Նորին գերազանցության հատուկ ծառայության սպաներից ստացած հիմնավոր գիտելիքներս՝ հավաքագրման աշխատանք, գաղտնագրում, երկկողմ կապերի պահպանում, արտաքին հսկողություն, իմ հետագա կյանքում ինձ շատ պետք եկան…
-Կինոնկարներից, գրքերից գիտենք, որ հետախույզները շատ սառնարյուն մարդիկ են. Ձեր կարգի հետախույզը իր գործունեության ընթացքում ունեցե՞լ է հուսահատության պահեր։
-Հուսահատության՝ ո՛չ, որովհետեւ, երբ ծառայում ես հայրենիքիդ, երբ քո աշխատանքը քո համոզմունքն է, հուսահատվելու իրավունք չունես… Իսկ ափսոսանքի պահեր, ինչու չէ… Մեկը հատկապես անմոռաց է, թեեւ այդ օրվանից 60 եւ ավելի տարիներ են անցել։ Ես այն ժամանակ 16-17 տարեկան պատանի էի… Հիշենք, որ Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Գերմանիայի հեռահար պլաններում չափազանց մեծ դեր էր վերապահվում Իրանին՝ ամենից առաջ նավթի եւ կապուղիների իմաստով։ Պատերազմի սկզբին Իրանում արդեն կար գրեթե 20 հազար գերմանացի՝ ռազմական հրահանգիչներ, հետախույզներ, գործակալական լայն ցանց… Համառ ու տեւական աշխատանքի շնորհիվ իմ խմբին հաջողվեց գտնել Թեհրանում գերմանական արտաքին հետախուզության ղեկավար, շատ հայտնի հետախույզ Ֆրանց Մայերի հետքը… Նա գերեզմանափոր էր աշխատում հայկական գերեզմանատանը։ Երկար մորուք էր աճեցրել, մազերը հինա էր դրել եւ իսկական պարսիկ գերեզմանափորի կերպարանք էր ընդունել… Մայերը հիանալի պարսկերեն էր խոսում, ինչպես նաեւ ռուսերեն։ Մոսկվայից հրահանգ ստացանք՝ շարունակել արտաքին հսկողությունը, մինչեւ բոլոր շփումների, կապերի բացահայտումը։ Վերջին պահին, երբ արդեն համարյա բացահայտված էր ամեն ինչ, եւ այլեւս անելիք չկար, անգլիական հետախուզությունն ուղղակի մեր քթի տակից փախցրեց Ֆրանց Մայերին… Ափսոսանքից մենք լաց էինք լինում…
-Ես կարդացել եմ այդ հռչակավոր հետախույզի օրագրերը։ Նա հատկապես աչքի է ընկել Հիտլերին իր նվիրվածությամբ։ Ծանր մի օր, ով գիտե, գուցե նույնիսկ հենց գերեզմանափոր աշխատած ժամանակ, նա գրել է մոտավորապես հետեւյալը. «Այսօր Ֆյուրերի ծննդյան օրն է, բայց ես ահա միայնակ նստած եմ այս դժոխքում եւ հնարավորություն չունեմ իմ նվիրվածությունն ու ուրախությունն առ Ֆյուրերը բարձրաձայն արտահայտել»։
-Այո՛, նա շատ հմուտ հետախույզ էր, բարձր կարգի պրոֆեսիոնալ…
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ նման հետախույզի աչքը վրիպեց։
-Հայերը մի շատ հայտնի խոսք ունեն՝ խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում… Ինձ թվում է՝ նման կարգի պրոֆեսիոնալը չէր կարող մեզ նկատած չլինել… Նա պարզապես թերագնահատեց մեզ, լուրջ չընդունեց եւ սխալվեց…
-Դո՞ւք էլ եք դժվարին պահեր ունեցել…
-Անպայման, բայց այդ պահերին մշտապես կողքիս է եղել իմ գործընկերն ու կյանքի անբաժան ուղեկիցը՝ Գոհարը։ Նրա ներկայությունն ինձ պայքարելու, դիմանալու մեծ ուժ է տվել… Եվ հետո… աշխատանքիս ընթացքում ոչ մի պահ անգամ չեմ մոռացել իմ հայրենիքը։ Ինձ համար նպատակը վեր է եղել ամեն բանից։ Այդ նպատակը երբեք ինձ թույլ չի տվել թուլանալ, տրտնջալ, հուսահատվել… Այսպիսին է հետախույզի աշխատանքը. բոլոր ցավերի դեմ նա միայն մի դարման ունի՝ նվիրում։
-Հետախույզն ամենից շատ ինչի՞ց է վախենում։
-Դավաճանությունի՛ց։
-…Եվ ինչո՞ւմ է վստահ ու համոզված։
-…Որ ընկերները իրեն չեն լքի։ Եվ մենք երբեք մեր ընկերներին չենք լքել։ Եթե հարկ է եղել՝ փախցրել ենք, եթե կարողացել ենք՝ փողով ենք ազատել։ Փոխանակել ենք։ Հարավային Աֆրիկայում մեր գործակալին փոխանակեցինք 11 հոգու հետ։
-Կա՞ արդյոք բարոյականության մի սահման, որը Դուք երբեւէ չեք խախտել։
-Ես երբեք իմ ընկերներին չեմ ներքաշել իմ գործերի մեջ, երբե՛ք։ Նրանց հետ պարզապես ընկերություն եմ արել։ Եվ այդ բանի շնորհիվ ես շատ ընկերներ ունեմ՝ լավ ընկերներ։ Եվ նրանք ինձ բոլորն էլ հարգում են, որովհետեւ ես ինքս հարգում եմ ինձ։
-Հսկայական է Ձեր ներդրումը խորհրդային արտաքին հետախուզությունում… Անկեղծորեն ասեք, երբեւէ կարո՞ղ էիք մտածել, որ կարժանանաք Խորհրդային Միության հերոսի կոչման։
-Երբեք վարձատրություն չեմ ակնկալել… Հայրս սեփական ունեցվածքն էր ծառայեցնում իր գործին… Մտքովս անգամ չէր անցնի, թե երբեւէ իմ իսկական անուն-ազգանունը բարձրաձայն կհնչի, էլ ուր մնաց՝ հերոսի կոչման արժանանամ… Հիշում եմ, սովորական օր էր. Գոհարը դուրս եկավ՝ խանութ, թե ուր… Տանը միայնակ նստած էի։ Հանկարծ հեռագրասարքն աշխատեց։ Սովորաբար հեռագրերը Գոհարն էր ընդունում։ Ստիպված ես մոտեցա սարքին։ Չափազանց սեղմ հեռագիր էր, իսկ կարճ հեռագրերը սովորաբար տագնապ, զգուշացում էին պարունակում։ Ես համարյա ահաբեկված ձեռքս առա հեռագիրն ու կարդացի… Աչքերիս չէի հավատում։ Նորից կարդացի. «Դուք արժանացել եք Խորհրդային Միության հերոսի կոչման, Գոհար Վարդանյանը՝ Կարմիր դրոշի շքանշանի…»։ Անսպասելիությունից շունչս կտրվեց… Վերադարձավ Գոհարը. «Ժո՛րա, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես սփրթնել, երեսիդ գույն չկա»։ Ասացի՝ «չէ՛, չէ՛, լավ բան է, կարդա՛»։ Գոհարը կարդաց… Մենք իրար գրկեցինք եւ ուրախությունից լաց եղանք։ Եվ ուղիղ ռեստորան գնացինք ու մի լավ քեֆ արեցինք… Ախր, այդ օրը 1984թ. մայիսի 28-ն էր, մեր հայրենիքի անկախության օրը… Պարգեւները մենք ստացանք ամռանը՝ ՊԱԿ-ի նախագահ, բանակի գեներալ Չեբրիկովից, որոշակի մարդկանց շատ նեղ շրջանակում…
-Փաստորեն, պետանվտանգության վաստակավոր աշխատող, գնդապետ Գեւորգ Անդրեասի Վարդանյանն առայսօր միակ անլեգալ հետախույզն է, որ Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել խաղաղ ժամանակներում ծավալած աշխատանքի համար…
-Հա՛, այդպես է դուրս գալիս (ծիծաղում է)։ Առայժմ ուրիշը չկա, ես եմ… Թեեւ իմ եւ կնոջս երկարամյա վաստակը լիովին գնահատված կարելի էր համարել, բայց շարունակեցինք աշխատել մինչեւ 1986թ…. Մենք մեր վերջին գործուղումից վերադարձանք 86-ի աշնանը։
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր