ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ…
«Հերոս որդիներ, հաղթության դափնիներ, անկախ Հայրենիք – այս ամենը սպասեք միայն հայրենասեր մորից»։
Գ. Նժդեհ
Աշխարհում ամենաշատը խաղաղություն մայրերն են ուզում և այդ օրհնաբեր խաղաղությունը պահելու-պահպանելու համար էլ բանակ են ճանապարհում աշխարհում իրենց համար ամենաթանկը՝ զավակին։
Ու ամեն օրը լցվում է սպասումով, առօրյա մեծ ու փոքր հոգսերի մեջ մոր ուշքն ու միտքը զինվոր որդին է՝ ի՞նչ կերավ, չմրսե՞ց, տեսնես զորամասում ամեն ինչ հա՞րթ է, հո ընկերոջ հետ չվիճեց, տեսնես այս պահին սահմանին ի՞նչ իրավիճակ է, միայն թե լարված չլինի…
Ու այսպիսի նմանատիպ տագնապների ու անհանգստությունների մեջ է մոր սիրտն ու միտքը ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան… Որտեղի՞ց գտնենք բառեր, որ հանգստացնենք ձեր անհանգիստ սիրտը, զինվորի՛ մայրեր։
Կարծում ենք՝ ավելի լավ է ցույց տալ, թե ինչպես են ապրում-ծառայում ձեր զավակները՝ մեր զինվորները։
ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը որոշեց տոնական այս մեկամսյակի առիթով ձեզ գեղեցիկ անակնկալ մատուցել լուսանկարային ռեպորտաժի ձևով։
Սովորական զինվորական առօրյա կյանքից ակնթարթներ են։ Ինչ-որ մեկը այս տղաների մեջ կտեսնի իր որդուն, սիրելի, հարազատ դեմքեր…
Լուսանկարներում պատկերված զինվորներն աչքի են ընկել իրենց բարեխիղճ և նվիրված ծառայությամբ։ Ձմեռվա սաստիկ ցրտին, ամառվա բարկ արևին, անձրևին ու ձյանը նրանք անվարան կանգնած են մեր հայրենիքի սահմանաբերանին ու հսկում են մեզնից յուրաքանչյուրի խաղաղությունը։
Շնորհակալ ենք ձեզ, սիրելի՛ զինվորի մայրեր, հայրենիքին քաջ ու անվախ, հայրենասեր որդիներ պարգևելու համար…
Իրենց որդիներով ճանաչենք ու գնահատենք մայրերին։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Ազգային բանակ