Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ԵՎ ԲԱՆԱԿԸ



Տղաները, որ այսօր համալրում են ազգային բանակի շարքերը, ծնվել են Արցախի ազատագրումից հետո: Նրանք չեն տեսել այն միահամուռ, համազգային պոռթկումը, որով հայ ժողովուրդը տեր կանգնեց իր իրավունքներին: Կամավորական ջոկատները համալրեցին ամենատարբեր մասնագիտության ու զբաղմունքի տեր մարդիկ՝ բանվորներ, շինարարներ, մանկավարժներ, ինժեներներ, գիտնականներ, մտավորականներ… Պատերազմից հետո նրանցից շատերը ծառայությունը շարունակեցին ազգային բանակում և այսօր էլ հայ զինվորի կողքին են: Այդ մտավորականներից մեկն էլ գեղանկարիչ, գնդապետ Կ. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասի ակումբի պետ, մայոր Ստեփան Օհանջանյանն է՝ «Քոլատակ» կամավորական ջոկատի նախկին զինվորը:

Մայոր Ստեփան Օհանջանյանը ծնվել է Երևանում, սովորել է Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցում: 1979թ., դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Ս. Պետերբուրգի արդյունաբերական արվեստի ինստիտուտ: Ավարտել է ուսումն ինստիտուտում, վերադարձել հայրենիք և նշանակվել ՀՀ գեղագիտության կենտրոնի (հիմնադիր Հենրիկ Իգիթյան) Գորիսի մասնաճյուղի տնօրեն: Հետագայում՝ 1986-1990թթ., սովորել է Մոսկվայի Արվեստի համալսարանում: 1991թ. համալրել է ազատամարտիկների շարքերը, 1993թ. ծառայության անցել ազգային բանակում՝ նշանակվելով գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, այնուhետև՝ ակումբի պետ: Մայոր Ս. Օհանջանյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», «ՀՀ ԶՈՒ-20 տարի», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի և ԵԿՄ մեդալներով: Ունի երեք երեխա. որդին սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Ստեփան Օհանջանյանն սկսել է նկարել մանկության տարիներից: Ուսումնառության ավարտական կուրսում՝ 1983թ., կազմակերպվել է նրա առաջին անհատական մեծ ցուցահանդեսը: Երեք տարի անց՝ 1986թ., նրա աշխատանքները տեսնելու և վայելելու հնարավորություն է ստանում մոսկովյան արվեստասեր հասարակայնությունը: Անհատական ցուցահանդեսներ է ունենում նաև Երևանում և Աշքաբադում: 1999թ.՝ Սպայի տանը, «Մայր Հայաստան»-ում՝ չորս անգամ, Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ՝ ՀՀ նկարիչների միությունում: Նրա նկարները մշտապես արժանացել են բարձր գնահատականների, մրցանակների: Ծառայելով բանակում՝ նա, բնականաբար, իր գեղագիտական ճաշակին հարիր ձևավորում է նաև հարազատ զորամասը: Հայ ժողովրդի ազգային հերոսների, ճանաչման ու փառքի արժանացած հայորդիների, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների դիմանկարները, հերոսական ճակատամարտերի պատկերները, գեղագիտական հաճույք պատճառելուց զատ, նպաստում են զինծառայողների ճանաչողության զարգացմանն ու գիտելիքների հարստացմանը, հայրենասիրական զգացումների դաստիարակությանը: Իր ստեղծագործությունների մասին վաստակաշատ նկարիչը խոսել չի սիրում.

-Դա ուրիշների գործն է. իմ գործը նկարելն է: Սակայն դժգոհելու առիթ կարծես չկա. ակումբը, դահլիճը շատ լավ վիճակում են, ունենք հարուստ գրադարան (հինգ հազար կտոր գիրք), ընթերցասրահ, ժողգործիքների խումբ, ռադիոհանգույց: Սերտորեն համագործակցում ենք Մշակույթի տան հետ: Համատեղ միջոցառումներ ենք կազմակերպում, նշում ենք բանակային, ազգային ու պետական տոները: Դահլիճում պարբերաբար կինոնկարներ ենք ցուցադրում:

Ավելացնենք, որ Սպայի տանը՝ նրա անմիջական ղեկավարությամբ, ստեղծագործում են նաև զորամասի շնորհալի զինվորները՝ նկարիչները, քանդակագործները, պարով, ասմունքով զբաղվողները, «Հայ ասպետի» գիտունները: Ակումբը զինծառայողների համար այն սիրելի վայրն է, որտեղ հնարավոր է հանգստանալ ու ճաշակ զարգացնել:

«ՀԱՅ ԱՍՊԵՏԻ» ԽՈՒՄԲԸ

«Հայ ասպետ» ինտելեկտուալ խաղի ամենամյա մրցույթի նպատակն է հարստացնել զինծառայողների գիտելիքները, նպաստել նրանց ստեղծագործական հնարավորությունների զարգացմանը: Գնդապետ Կ. Սեդրակյանի զորամասում այս խումբը համալրված է կարող ուժերով: Տղաները հիմնականում կիրթ ու զարգացած անձնավորություններ են: Անցած տարի նրանք հասել են մինչև կիսաեզրափակիչ և այս անգամ լի են չեմպիոնական պայքար մղելու վճռականությամբ: Խմբի ավագը շարքային Վազգեն Հովեյանն է՝ ծնունդով Մասիսից: Մասնագիտությամբ երաժիշտ է, ավարտել է կոնսերվատորիայի փողային գործիքների բաժինը: Մինչև բանակ գալը նվագել է հայ- ամերիկյան սիմֆոնիկ նվագախմբում, մասնակցել է միջազգային փառատոնի:

Հրազդանցի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիգոր Նաղդալյանն ագրարային համալսարանի ուսանող է, պարում է «Միկա» պարային համույթում: Նա ցավով է հիշում կիսաեզրափակիչում իրենց կրած պարտությունը:

Շարքային Էդգար Հակոբյանը սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետ: Ավարտելուց հետո ընդունվել է նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և զորակոչվել բանակ: Վեց տարեկանից պարել է «Բերդ» համույթում:

-Ես և կրտսեր սերժանտ Նաղդալյանը կապիտան Արգիշտի Սարգսյանի հրաձգային վաշտից ենք, մեր դասակը լավագույնն է զորամիավորման կազմում: «Հայ ասպետի» պարապմունքներն անցկացնում ենք հանգստյան օրերին և ազատ ժամերին, այլ ոչ թե ռազմական ուսուցման հաշվին: Մրցումներից բացի, ելույթներ ենք ունենում զինվորների` մեր ընկերների առջև:

Խմբի անդամ է նաև դասակի հրամանատարի տեղակալ, ավագ Արթուր Մելքոնյանը: Նա մասնագիտական, մարտավարամասնագիտական առարկաներ է պարապում նորակոչիկների հետ: Սևանցի տասնիննամյա երիտասարդը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող է, մինչ զորակոչվելը Սևանի պետական քոլեջի ուսանողների խմբի կազմում մասնակցել է «Աշուն» կրթամշակութային փառատոնին:

-Սիրում եմ պատմությունը, ռազմարվեստը, քաղաքականությունը, ազգային գաղափարախոսությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: Հուսով եմ, որ այս տարի հաջողությունը մեզ կուղեկցի, և մենք կհասնենք եզրափակիչ:

Հաջողություն մաղթենք մեր գիտուններին և հուսանք, որ իրենց շնորհքով և իմացությամբ կշահեն բոլոր զինծառայողների համակրանքը:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Ազգային բանակ


13/03/2014