Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ. ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒՄԸ



Մարտական զորամասերում ուսումնական գործընթացն սկսվում է ջոկերի (հաշվարկների) ներդաշնակումից, ինչը միանգամայն տրամաբանական է: Եթե դասակի կամ վաշտի (մարտկոցի) կազմի մեջ մտնող բոլոր ջոկերը (հաշվարկները) ձեռք բերեն բարձր մարտական պատրաստություն, և նրանցից յուրաքանչյուրը կարողանա ամբողջությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրը, ուրեմն՝ կստացվի, որ միջին օղակի՝ վաշտ, մարտկոց, մարտունակության հիմքը դրված է, մնացածը հրամանատարի (սպայի) գործն է: Եվ եթե նա՝ վաշտի, մարտկոցի հրամանատարն օժտված է անհրաժեշտ մարտավարական գիտելիքներով, փորձով, ինչու չէ, նաև տաղանդով, կկարողանա ճիշտ համադրել և օգտագործել մարտական փոքր ստորաբաժանումների (ջոկ, հաշվարկ) ուժերը և կհասնի հաջողության: Ստացվում է, որ վաշտի (մարտկոցի), գումարտակի (դիվիզիոնի), մեծ հաշվով՝ զորամասի մարտունակությունը պայմանավորված է ջոկերի (հաշվարկների) հետ տարվող ճիշտ աշխատանքով: Ահա թե ինչու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զորամասերի հրամանատարական կազմերից, բարձրաստիճան սպաներից պահանջում է մշտապես գործնական օգնություն ցույց տալ դասակների, վաշտերի (մարտկոցների) հրամանատարներին, օգնել նրանց ինչպես ուսումնական գործընթացի, այնպես էլ կենցաղի, ժամանցի կազմակերպման հարցերում:

Ուսումնական փուլի մեկնարկային այս օրերին եղանք հրթիռահրետանային զորամասերից (առանձին դիվիզիոն) մեկում և տեսանք, թե ինչպես է կատարվում հաշվարկների ներդաշնակումը: Մեր հարցերին պատասխանեց հրամանատար, փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանը:

Կենսագրական համառոտ տեղեկություններ: Փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյանը ծնվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում: Հորեղբայրը՝ Սամվել Խաչատրյանը, «Սև հովազ» կամավորական ջոկատի անդամ էր և զոհվեց 1994թ. ապրիլի քսանչորսին, Հորադիզում: Հովհաննեսն ու եղբայրը՝ Վահագնը, գնացին իրենց հորեղբոր հետքերով` զինվորական դարձան: 1996թ. ավարտելով միջնակարգը՝ ընդունվեց նորաստեղծ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրետանային ֆակուլտետ: Շուտով նրան հետևեց եղբայրը (փոխգնդապետ Վ. Խաչատրյանն այժմ զորամասերից մեկի հրետանու պետն է): 2000թ. ավարտեց ինստիտուտը և որպես դասակի հրամանատար ծառայության նշանակվեց հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Ավելի քան տասը տարի փոխգնդապետ Հ. Խաչատրյանը ծառայել և սպայական պաշտոններ է զբաղեցրել նույն տարածքի տարբեր զորամասերում, իսկ երկու տարի առաջ նրան վստահվել է հրթիռահրետանային զորամասի հրամանատարությունը: Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «ՀՀ ԶՈՒ 20 տարի», «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով:

-Անցած ուսումնական տարին եզրափակել ենք դրական գնահատականով, իսկ ուսումնական փուլն սկսել ենք հանդիսավոր միտինգով, եռօրյա մարտավարաշարային պարապմունքներով, ամբողջ տեխնիկան դուրս է բերվել, ստուգվել է անձնակազմի պատրաստվածության աստիճանը,- ասաց փոխգնդապետը: -Համալրված ստորաբաժանումներն առաջին պարապմունքների ընթացքում ծանոթանում են իրենց ամրակցված սարքավորումներին, զենքերին, նրանց կառուցվածքին, տեխնիկական հնարավորություններին: Պարապմունքներն անցնում են ծրագրին համապատասխան գրաֆիկով: Ուշադրության կենտրոնում են հատկապես երիտասարդ զինծառայողները: Սպաների հետ նրանց օգնում են ավագ ընկերները, փորձառու զինվորները:

-Կա՞ն սպաներ, որոնք նույնպես օգնության կարիք են զգում:

-Ունեցել ենք երիտասարդ սպաներ, որոնց առաջընթացը չէր նկատվում: Անհատական աշխատանքից հետո դրական տեղաշարժն ակնհայտ դարձավ: Նրանցից մեկը, որ ղեկավարման դասակի հրամանատար էր, այժմ ավագ սպա է և շատ լավ է կատարում իր պարտականությունները: Փորձը ցույց է տալիս, որ երբեմն ինչ-որ առիթ, խթան է անհրաժեշտ, որ տարբեր խառնվածքի ու ընդունակությունների տեր մարդիկ կարողանան այս կամ այն իրավիճակում իրենց դրսևորել: Չպետք է մոռանանք, որ ինստիտուտ ավարտած երիտասարդ սպաները երբեմն նշանակվում են իրենց տարեկիցներով համալրված ստորաբաժանման հրամանատար, և եթե փորձառու սպաները նրանց չօգնեն, կարող են լուրջ դժվարությունների հանդիպել: Պաշտպանության նախարարի ցուցումները, դիտարկումները հաղորդում, պարզաբանում ենք անձնակազմին: Կազմակերպում ենք ամենամյա ուղերձների քննարկում՝ հաշվի առնելով մեր զորամասի առանձնահատկությունները:

-Զինծառայողները, ստորաբաժանումները մրցակցում են միմյանց հետ. ի՞նչ պարբերականությամբ եք ամփոփում արդյունքները:

-Ստորաբաժանումներից լավագույններին և դրական առումով առաջընթաց գրանցածներին որոշում ենք ամիսը մեկ: Այժմ լավագույնը կապիտան Գրիգոր Մինասյանի Դ-20 մարտկոցն է: Որոշակի առաջընթաց են ապահովել ռեակտիվ ՄՄ-21-ի կապիտան Հայկազ Ոսկանյանի և կապիտան Նվեր Բաբայանի Դ-20 մարտկոցները: Զինծառայողների մեջ լավագույններին որոշում ենք յուրաքանչյուր շաբաթվա վերջում: Ամենալավ զինվորին երկուշաբթի առավոտյան տրվում է դրոշը բարձրացնելու պատիվը: Օրինակ՝ այս անգամ այդ պատվին է արժանացել Դ-20-ի առաջին մարտկոցից շարքային Լևոն Ուզունյանը:

-Դուք ծառայել եք տարբեր զորամասերում, այստեղի ուսումնական բազան բավարարո՞ւմ է զորամասի պահանջները:

-Մենք ունենք համակարգչային վարժասարք, մասնագիտական դասասենյակներ: Գործնական պարապմունքներն անցկացնում ենք զորամասի, մեքենայական պարկի ուսումնական կետերում և դաշտային պայմաններում, իսկ հրետանու մարտական կրակը՝ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Այո՛, ուսումնական բազան բավարարում է զորամասի պահանջները:

♦♦♦

Այնուհետև հրամանատարը մեզ ուղեկցեց դեպի ուսումնական կետեր: Եղանք ղեկավարման դասակի հետախույզ-հեռաչափողների մոտ: Պարապմունքն անցկացնում էր ավագ սերժանտ Դավիթ Սաժումյանը: Նա ներկայացրեց ջոկի անդամներին` շարքայիններ Էմմանուել Զաքարյանին, Գոռ Գալստյանին, Արման Բեժանյանին, կրտսեր սերժանտներ Գևորգ Պողոսյանին, Դավիթ Իվանյանին և Գևորգ Պողոսյանին: Փորձառու տղաներ են՝ դաշտային ելքերի, զորավարժությունների մասնակից:

-Քանի որ կրակի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է ղեկավարման դասակի մասնագետների՝ հետախույզ-հեռաչափողների, հաշվարկողների, կապավորների աշխատանքով, այն մշտապես համալրվում է կրթված ու բանիմաց կադրերով,- ասաց ավագ սերժանտ Դավիթ Սաժումյանը: Նա Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից է, բանակ է զորակոչվել Պետական ճարտարագիտական համալսարանն ավարտելուց հետո, ծառայում է ոգևորությամբ, պարգևատրվել է զորամասի հրամանատարի պատվոգրով, իսկ զորամիավորման հրամանատարի կողմից՝ սրով:

-Մեր բանակը քեզ պես զինվորի կարիք շատ ունի. գուցե շարունակե՞ս ծառայել,- հարցնում եմ Դավիթին:

-Այդ մասին չեմ մտածել, տեսնենք…

♦♦♦

Հաջորդ ուսումնական կետում կապիտան Նվեր Բաբայանի Դ-20 մարտկոցի հաշվարկներն էին: Նրանք հղկում էին «մարտի» և «մարտի ավարտ» հրամանների կատարումը: Հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արման Գևորգյանը պատմեց, թե ինչպես են հրանոթները բերել ուսումնական կետ, անջատել կցորդիչից, բացազատել:

-Այժմ էլ բերում ենք մարտական դրության,- ասաց նա:

Մարտկոցի հրամանատարի հրամանով բացազատումը և հիմնական մարտական ուղղության բերումը կրկնվեց մի քանի անգամ: Ջանասիրությամբ աչքի ընկան հաշվարկի հրամանատար, նշանառու շարքային Արտաշես Պետրոսյանը, լիցքավորող շարքային Կարեն Ավետյանը, շարքային, վարորդ Անդրանիկ Հովակիմյանը:

Հաշվարկներից մեկի հետ էլ աշխատում էր մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Վարդան Հովհաննիսյանը: Կրտսեր սերժանտ Յուրի Մանուկյանի հաշվարկի անդամներ՝ շարքայիններ Լևոն Ամիրջանյանի, Արեն Լոռեցյանի և Ռուբեն Մխիթարյանի գործողություններում նույնպես սխալներ չկային: Հաշվարկների մարտունակությունը կասկածից դուրս է, բայց զինվորական գործը մշտական նվիրում եւ կատարելագործում է պահանջում:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/03/2014