Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱՂԱՓԱՐԻ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է



Մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ զինված ուժերում գործածության է դրվել «Հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակության ուղեցույց-ձեռնարկը»: Այն նպատակ ունի հստակեցնելու ՀՀ զինված ուժերում ազգային գաղափարախոսության հիմնադրույթների և ազգային բանակի ավանդույթների կիրառման շրջանակները, համակարգելու դրանց պահպանմանն ու արդյունավետ կիրառմանը, ազգային գաղափարականությամբ տոգորված զինվորականի ձևավորմանը միտված միջոցառումները: Հաշվի առնելով ձեռնարկի կարևորությունը՝ ներկայացնում ենք ուղեցույցի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀՏԱ վարչության բաժնի պետ, գնդապետ Ա. Ալեքսանյանի պարզաբանումները:

-Նման ուսումնական ձեռնարկի պահանջն ավելի քան մեծ էր մեր իրականության մեջ: Ամբողջ աշխարհում այժմ ազգային արժեքներին վերադառնալու, նույնիսկ կարելի է ասել` ազգայնականության դարաշրջան է տիրում: Բոլորն իրենց արմատներին են վերադառնում, փորձում են միայն իրենց ազգին բնորոշ ավանդույթները զարգացնել՝ սեփական դիմագիծը պահելով դիմագրավել սպառնացող տարաբնույթ արհավիրքներին: Մենք մի այնպիսի պայթյունավտանգ տարածաշրջանում ենք ապրում, որտեղ, պարզից էլ պարզ է, մենք պարտավոր ենք հզոր լինել տնտեսական, ռազմական և հատկապես գաղափարական առումներով, որպեսզի կարողանանք ժամանակին հայտնաբերել վտանգի աղբյուրը և չեզոքացնել այն: Ազգային գաղափարախոսությամբ տոգորված լինելը առաջնահերթ է ազգային բանակի զինվորի համար, քանի որ մեր անվտանգության երաշխավորը բանակն է: Բնականաբար, այդ գիտակցումը միշտ էլ եղել է, խոսվել է դրա մասին, սակայն այս միտքն ամբողջական և մեկնարկային ծրագրի տեսքով առաջին անգամ տեղ է գտել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2012թ. տարեմուտի ուղերձում: Ուղերձի 12-րդ կետում խոսվում է ազգային բանակի մասին, տրվում է բնութագիրը, և հետաքրքիր վերլուծության արդյունքում նախարարն այսպիսի եզրակացության է հանգում՝ ամենակարևոր արժեքը գաղափարի զինվորն է, նա, ով անպարտելի է: Այսինքն՝ առանց գաղափարապես պատրաստված զինվորի մենք այս աշխարհում երկար գոյություն ունենալ չենք կարող: Նշվել են նաև հստակ առաջարկություններ: Դրանք կյանքի կոչելու նպատակով նախնական խորհրդակցություններից հետո տարբեր վարչությունների մասնագետներից ստեղծվել է աշխատանքային խումբ հետեւյալ կազմով՝ Ավթանդիլ Գրիգորյան, Գագիկ Սողոմոնյան, Ժիրայր Ամիրխանյան, Գևորգ Եղիազարյան, Սուրեն Մարտիկյան, Թորգոմ Նալբանդյան, Առլեն Շահվերդյան: Խմբի առջև խնդիր է դրվել նախևառաջ սեղմ ժամկետներում հստակեցնել զինված ուժերում ազգային գաղափարախոսության հիմնադրույթների և ազգային բանակի ավանդույթների կիրառման շրջանակները: Նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ նախկինում չկար հստակ պատկերացում գաղափարախոսության ճիշտ ընկալման, մատուցման եւ դրան նպաստող միջոցառումների մասին: Նաև պարզ չէր, թե բանակում ինչպիսի ավանդույթներ ներմուծելն է ավելի նպատակահարմար: Խումբը մեծ ծավալի աշխատանք է կատարել և ոլորտը կանոնակարգելու ուղղությամբ տարբեր առաջարկներ արել: Չնսեմացնելով մյուսների աշխատանքը՝ նշեմ հատկապես Ավթանդիլ Գրիգորյանի, Սուրեն Մարտիկյանի և Առլեն Շահվերդյանի վաստակը: Խորհրդակցել ենք նաև պաշտպանության նախարարի խորհրդականների, մասնավորապես՝ Գեղամ Հարությունյանի, Վարդան Գրիչենցի հետ:

Ոչ մի առաջարկ ապրիորի չի եղել: Նախապես բոլոր զորամասերին գրություն ենք ուղարկել՝ թեմայի վերաբերյալ տեղերում դիտարկումներ կատարող սպաներից օգնություն ստանալու ակնկալիքով: Լինում են մասնավոր բնույթի այնպիսի առանձնահատկություններ, որոնք հեռվից դժվար է նկատել, բայց դրանք խիստ կարևոր են ընդհանուր պատկերն ամբողջացնելու համար:

Տեղերում անձնակազմի հետ անմիջականորեն շփվող սպաները միանշանակ շատ ավելի թարմ գաղափարներ կարող են տալ զինվորական դժվարին առօրյայի ընթացքում անձնակազմի նկատմամբ ավելի ճիշտ հոգեբանական մոտեցում ցուցաբերելու համար: Այնպիսի մոտեցում, որ հնարավոր լինի փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել, այն է՝ ամրապնդել ՀՀ զինված ուժերի որակական գերազանցությունը: Տվյալ սկզբունքը ենթադրում է կատարելության հասցնել մարդկային գործոնը ազգային հավատքով, գաղափարով ու բարոյականությամբ տոգորված հայ զինվորականի ձևավորման գործում: Իսկ դա ի կատար ածելու համար առաջնահերթ է ազգային ինքնաճանաչողությունը:

Ցանկացած մարդ նախ ճանաչում է ինքն իրեն, ապա ներկայանում ուրիշներին: Այդ ինքնաճանաչողությունից էլ բխում է հայրենապաշտությունը: Հայրենի հողից, ջրից, ամեն ինչից կտրված մարդը շատ բան չի կարող անել, պիտի քո հողի վրա ապրես, որ կարողանաս պաշտպանել այն:

Հայրենասիրությունն ու ազգապահպանության խորքային ընկալումը մեր զինվորականի գլխավոր առանձնահատկություններից պետք է լինեն, ինչով էլ մեծապես պայմանավորված են զինված ուժերի մարտունակությունն ու առաջադրված խնդիրների կատարման արդյունավետությունը: Արցախյան ազատամարտը ասվածի վառ ապացույցներից է, քանի որ միակ բանը, որի պակասը չունեինք այդ ժամանակ, հայրենասիրությունն էր: Այսօր և միշտ հայ զինվորականը պետք է առաջնորդվի «Ես ազգիս մարտիկն եմ և հպարտ եմ հայ լինելուս համար» կարգախոսով: Այստեղ տեղին է հիշել Գարեգին Նժդեհի հայտնի խոսքը. «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում դրա պակասից»: Ընդհանրապես, Նժդեհյան ուսմունքը այսօրվա գաղափարախոսության մեջ մեծ դեր ունի, և ձեռնարկը կազմելիս մենք շատ ենք օգտվել նրա մտքերից:

Գրքույկը բաղկացած է մի քանի բաժիններից: Առաջին բաժնում սահմանված է ազգային գաղափարախոսության, ազգային գաղափարական դաստիարակության բովանդակությունը: Երկրորդում պարզաբանվում են այդ դաստիարակության ուղիները, միջոցներն ու անհրաժեշտ միջոցառումները: Հաշվի ենք առել նաև, թե ինչպես են դրանք իրագործվելու: Օգտագործման մատչելիության համար մի կառուցվածք ենք կազմել, որում փուլ առ փուլ երևում է նախազորակոչային, զորակոչային շրջաններում բոլոր օղակների անելիքը, ինչպես նաև՝ հետզորակոչային և պահեստազորում գտնվելու ժամանակաշրջաններում:

Այժմ մեր խնդիրն է ամբողջացնել գործընթացը, տեսնել՝ ինչն է կիրառվում, եւ ինչն է ենթակա փոփոխության: Ի վերջո, շատ միջոցառումներ մինչ այժմ էլ իրականացվել են զինված ուժերում, և բնականաբար չի նշանակում, թե, ասենք, ավանդական երդման արարողությունը այլևս չի լինելու: Պարզապես բազմաթիվ նոր միջոցառումներ ենք ընդգրկել: Օրինակ՝ ռազմական խաղեր կամ արտասահմանյան բանակների փորձի վրա հիմնված գործողություններ: Ինչևէ, ուղեցույցը ՀՀ զինված ուժերում նշված աշխատանքները հստակեցնելուն և զինվորական լավագույն ավանդույթները պահպանելուն ու զարգացնելուն միտված առաջին ձեռնարկն է, որը, ինչ խոսք, ճկուն և շարունակ զարգացող փաստաթուղթ է, ենթակա մշտական կատարելագործման և լրամշակման:

Տարվա վերջում մենք կամփոփենք ձեռնարկի օգտագործման արդյունքները, կանենք որոշակի հետևություններ, անհրաժեշտության դեպքում նաև փոփոխություններ կամ լրացումներ` հիմնված առաջին հերթին զորքերում անձնակազմի հետ աշխատող սպաների ու մասնագետների արձագանքների վրա:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Ազգային բանակ


13/03/2014