Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՊՆ-ՈՒՄ



Կանանց միջազգային տոնին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը խոստովանեց, որ կանանց նվիրված միամսյակը հատկապես կարեւորում են զինվորականները, ովքեր հաճախ հնարավորություն չեն ունենում ուշադրություն դարձնելու ընտանիքի անդամներին եւ կանանց ու կարծես թե միամսյակի ժամանակ են բացթողածը լրացնում եւ մեծարում ու արժանի գնահատական տալիս այն աշխատանքին, որ կատարում են կանայք։ Նախարարի խոսքերով, հայ կանայք առանձնանում են իրենց հայրենասիրությամբ, նվիրվածությամբ, եւ Արցախյան ազատամարտի ժամանակ նրանք դա հերթական անգամ ապացուցեցին։

«Նրանք կանգնեցին իրենց ամուսինների, եղբայրների եւ հայրերի կողքին եւ պայքարեցին հանուն հայրենիքի փրկության», ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախարարը հիշեցրեց, որ պատերազմի տարիներին, երբ ծառայակիցներից Ռուբոյի հուղարկավորության ժամանակ մայրը, որ երկրորդ որդուն էր կորցրել, դիմել է որդու ընկերներին՝ պահանջելով, որ նրանք պաշտպանեն հայրենի հողն ու զոհված զինվորների գերեզմանները։ Նախարարի հավաստիացմամբ՝ այսօր սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր հենց այդ գիտակցությամբ է ծառայում։ «Խաղաղությունը հարաբերական է, եւ այսօր մեր զինված ուժերի մեծ մասը սահմանին է հերթափոխ անցկացնում եւ պաշտպանում երկիրը։ Նրանց դաստիարակության հարցում շատ մեծ դեր ունեն նրանց մայրերը»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ զինվորների մայրերին բնութագրելով որպես հերոսների։

Տոնական միջոցառման ժամանակ ցուցադրվեց զինվորների մայրերին նվիրված ֆիլմ, իսկ միջոցառման ավարտին մի շարք կին զինծառայողների, ազատամարտիկների եւ զինծառայողների մայրերի Սեյրան Օհանյանը հանձնեց պատվոգրեր, մեդալ եւ արժեքավոր նվերներ։

Խորագիր՝ #09 (1027) 13.03.2014 – 19.03.2014, Ազգային բանակ


13/03/2014