Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵԶԳԻՆԵՐ. ԱՆԹԵՂՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ



Հարավկովկասյան հակամարտություններին նվիրված բրյուսելյան համաժողովում (տես` «Հայ զինվոր» թիվ 7, էջ 15) թալիշ հասարակական-քաղաքական գործիչները բարձրացրին Թալիշստանի լիակատար անկախության հարցը՝ համարելով, որ Ադրբեջանական Հանրապետության կազմում ինքնավարության պահանջը թալիշ ժողովրդի համար այլևս ժամանակավրեպ է… Եվրախորհրդարանի կազմակերպած քննարկումները մեկ անգամ ևս հավաստեցին, որ թալիշական շարժումը յուրահատուկ «շոգեքարշի» դեր կարող է կատարել Ադրբեջանում ապրող տեղաբնիկ այլ ժողովուրդների, մասնավորապես՝ լեզգիների ազգային-ազատագրական ընդվզման համար: Թալիշական շարժումը յուրահատուկ «շոգեքարշի» դեր կարող է կատարել Ադրբեջանում ապրող տեղաբնիկ այլ ժողովուրդների համար…

Թալիշական շարժումը յուրահատուկ «շոգեքարշի» դեր կարող է կատարել Ադրբեջանում ապրող տեղաբնիկ այլ ժողովուրդների համար…

Ադրբեջանի բազմազգ բնակչության մի մասն են կազմում տեղաբնիկները՝ իրանական ծագում ունեցող թալիշները, կովկասյան պարսիկները (թաթեր), քրդերն ու կովկասյան ժողովուրդները` լեզգիները, ավարները, թաբասարանցիները, ռուտուլները, ցախուրները, ագուլները եւ այլք: Կովկասյան ժողովուրդների այս խմբի մեջ ամենամեծաքանակը հենց լեզգիներն են՝ մոտ 364.000, այնուհետեւ գալիս են ավարները՝ 60-65.000, ցախուրները՝ 55-60.000, ռուտուլները մոտ 50.000 եւ այլն: Առհասարակ, Ադրբեջանի Հանրապետության տեղաբնիկ ազգային փոքրամասնությունների մեջ ամենախոշորը, քաղաքականապես ամենաակտիվն ու ամենահասունը թալիշներն են՝ 2-2.5 միլիոն:

Լեզգիների՝ այս տարածքում վաղ ժամանակներից ի վեր բնակվելու մասին վկայություններ գտնում ենք դեռեւս 5-րդ դարի հայկական եւ վրացական աղբյուրներում, որոնցում լեզգիները հիշատակված են լեկ անունով: Նրանց մասին տեղեկություններ գտնում ենք նաեւ արաբա-պարսկական աղբյուրներում, որտեղ նրանք հիշատակվում են ալ-լակզիա անունով:

18-րդ դարի երկրորդ կեսին, Նադիր Շահի ստեղծած աշխարհակալ տերության փլուզումից հետո, Արեւելյան Այսրկովկասում հայտնվեցին մի քանի կիսանկախ իշխանություններ՝ խանություններ եւ սուլթանություններ, որոնց թվում նաեւ՝ Դերբենդի եւ Ղուբայի խանությունները՝ բնակչության կորիզը կազմող լեզգիներով: Այս մասին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում 19-րդ դարի ռուս ճանապարհորդ, բնագետ եւ ազգագրագետ Նիկոլայ Զեյդլիցը՝ գրելով. «…նրանք (լեզգիները- Ա.Վ.) բնակվում էին Սամուր գետի աջ հատվածում՝ զբաղեցնելով ամբողջ Կովկասյան լեռների շրջակա տարածքները՝ հասնելով ընդհուպ մինչեւ Կասպից ծով»: Հետագայում Ղուբայի խանությունը մտավ Բաքվի նահանգի մեջ՝ կազմելով Ղուբայի գավառը, որն էլ 1918թ. ինչպես մի շարք այլ տարածքներ (Նախիջեւան, Արցախ), խորհրդային իշխանությունները պարզապես նվիրեցին մինչ այդ երբեւէ գոյություն չունեցող «Ադրբեջան» նորաստեղծ հանրապետությանը:

Ստեղծման առաջին իսկ օրվանից Ադրբեջանի Հանրապետությունը չունեցած ազգային ինքնության խնդիրը փորձել է լուծել տեղաբնիկ ժողովուրդների ուծացման հաշվին՝ տարիներ շարունակ ճնշումների, ժողովրդագրական կեղծ տվյալների եւ նմանատիպ այլ զեղծարարության միջոցներով ասիմիլիացիայի ենթարկելով նրանց: Դրա վառ օրինակն են Բաքվի խանությունում եւ Ադրբեջանում տարբեր տարիներին անցկացված մարդահամարի արդյունքները, երբ «ադրբեջանական հանրույթի» ձեւավորմանը զուգընթաց տեսնում ենք նաեւ լեզգիական բնակչության թվաքանակի անտրամաբանական տվյալներ, որոնք ոչ մի քննադատության չեն դիմանում.

1897թ.-ին, ըստ պաշտոնական տվյալների, լեզգիների թիվը 63.670 է, 1926թ.-ին զարմանալիորեն դառնում է 37.263, այսինքն` գրեթե կիսով չափ նվազում է: Այնուհետեւ հաջորդ մարդահամարի ժամանակ լեզգիները հետաքրքիր կերպով կրկնակի աճ են գրանցում եւ այսպես շարունակ: Անտրամաբանական թվերը փաստում են Ադրբեջանում անցկացված մարդահամարի ձեւական բնույթը եւ տեղաբնիկ ժողովուրդներին ձուլելու բացահայտ միտումը:

Ադրբեջանի Հանրապետության լեզգիների թվաքանակի մասին քիչ թե շատ հստակ պատկերացում կարող ենք կազմել ռուսական «Этнолог» հանրագիտարանից, որում լեզգիների թվաքանակը նշվում է մոտ 364.000: Ըստ լեզգիական աղբյուրների՝ նրանց թվաքանակը տատանվում է 600-800 հազարի սահմաններում: Ակնհայտ է, որ 1897 թ. ռուսական կայսրության հաղորդած պաշտոնական տվյալներն ու ներկայիս լեզգիական տվյալներն ավելի տրամաբանական են: Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ լեզգիների բավականին բարձր ծնելիության ցուցանիշը:

Եթե Դաղստանում լեզգիները խոսում են սեփական լեզվով, պահպանել են իրենց ազգային ինքնագիտակցությունը, մշակույթը, գիրն ու գրականությունը, չեն ենթարկվում ազգային հալածանքների, ապա դրությունը բոլորովին այլ է Ադրբեջանում, որտեղ ազգային ճնշումներից զատ, լեզգիները արհամարհված են, չունեն իրենց ազգային դիմագիծը պահպանելու տարրական հնարավորություն, անգամ չեն կարող ձեռներեցությամբ` բիզնեսով զբաղվել: Այլ կերպ ասած՝ լեզգի լինելն Ադրբեջանում «մեղք» է համարվում: Մինչդեռ աշխարհը աչք է փակում այսպիսի հարցերի վրա: Ուստի լեզգիներին այլ բան չի մնում անելու, քան սեփական ուժերը կենտրոնացնելով` պաշտպանել ազգությունը, սեփական լեզուն, գիրը եւ գրականությունը…

Խորհրդային Միության փլուզումից եւ Ադրբեջանի անկախացումից հետո այդ երկրում նոր թափ հավաքեց տեղաբնիկ ազգությունների ձուլման քաղաքականությունը, որին ի պատասխան՝ 1992թ. լեզգիներն ստեղծեցին «Սամուր» ազգային կենտրոնը, «Լեզգիստանի ազատագրության շարժում» կազմակերպությունը եւ այլն: Ու թեեւ հիշյալ կազմակերպություններն ունեն որոշ գաղափարական տարբերություններ, բայցեւայնպես, բոլորի վերջնական նպատակը ադրբեջանական լծի թոթափումն է եւ անկախ Լեզգիստանի ստեղծումը:

Լեզգիները, ավանդաբար ավելի հավաք կերպով բնակվելով Գուսարում, Ղուբայում, Խաչմազում, Իսմայիլի, Գաբալինի, Շեքինի, Բաքվի ու Սումգայիթի շրջաններում եւ այս տարածքներում կազմելով մեծամասնություն, ավելի ու ավելի հաճախակի քաղաքացիական անհնազանդության հավաքներ ու երթեր են կազմակերպում Բաքվի իշխանություններին ի ցույց: 2012 թ. մարտ ամսին հսկայական ցույցեր տեղի ունեցան Ղուբայում, որն աշխարհին հայտնի է որպես «Ղուբայի ճգնաժամ»:

Այսուհանդերձ, պետք է նշել՝ թեեւ լեզգիներն ունեն ազգային կազմակերպություններ, բայց նրանք, ի տարբերություն թալիշների, առավել շատ են ենթարկվել Ադրբեջանի ձուլման քաղաքականությանը եւ դեռեւս չունեն գաղափարական ու քաղաքական պայքարի այն հասունությունը, որը բնորոշ է թալիշներին: Ահա ինչու հարկ համարեցինք հոդվածի սկզբում շեշտել, որ թալիշները Ադրբեջանի տեղաբնիկ մյուս ժողովուրդների ազգային ու քաղաքական նկրտումների համար կարող են «շոգեքարշի» դեր կատարել: Ադրբեջանի պես մինի կայսրությունների վրա այսօր անկախության դրոշ են ծածանում թալիշները, բայց հեռու չէ այն օրը, երբ այդ դրոշը կբարձրացնեն նաեւ մյուս ազգությունները` թաթերը, լեզգիները…

ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասպիրանտ

Խորագիր՝ #10 (1028) 20.03.2014 – 26.03.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


20/03/2014