Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ



Կռվելու ունակ բոլոր տղամարդկանց ձեռքը զենք տալն առանձնապես մեծ խելք չի պահանջում: Հենց այդպես էին վարվում պարզունակ հասարակությունները, քանի որ այն ժամանակ տղամարդն այլ մասնագիտություն պարզապես չուներ: Միեւնույն ժամանակ, նախնադարյան ցեղախմբերը միմյանց միջեւ իսկական կենաց-մահու պատերազմներ չէին մղում. զենք կրող տղամարդիկ, նախ եւ առաջ, պետք է որս անեին, իսկ ռազմական գործողություններն ավելի շատ ծիսական, պայմանական եւ անարյուն բնույթի էին: Հին աշխարհի խոշոր քաղաքակրթություններն իրենց զինված ուժերը կազմավորում էին այլ կերպ: Բանակը ձեւավորվում էր խառնակազմ սկզբունքով:

Հռոմում ազատ քաղաքացիների համար ձեւականորեն գոյություն ուներ համընդհանուր զինապարտություն, սակայն գործնականում կամավորների քանակը միանգամայն բավարարում էր: Զինվորական ծառայությունը պատվավոր եւ ձեռնտու զբաղմունք էր: Ծառայությունն ավարտած վետերանն ազատվում էր գլխահարկից եւ իր ընտրությամբ ստանում կա՛մ հողակտոր՝ եղջերավոր անասուններով ու սերմնացուի պաշարով, կա՛մ էլ դրամական օժանդակություն՝ սեփական առեւտրային գործն սկսելու համար: Նախատեսված էին նաեւ մի շարք այլ արտոնություններ: Վետերանի հողակտորը նրա որդին էր ժառանգում միայն այն դեպքում, եթե նա նույնպես ընտրել էր զինվորական գործը: Այդպիսով՝ ձեւավորվում էր արհեստավարժ զինվորականների խավ:

Միջնադարյան բանակները փոքր էին, բայց արհեստավարժ: Իրար հետ կռվում էին արիստոկրատները, իսկ հասարակ ժողովուրդը սոսկ պասիվ զոհ էր: Հարկեր չստացող պետությունը չէր կարող բանակ պահել: Զորքերը կազմավորվում էին անհրաժեշտության դեպքում, վասալության սկզբունքով. կոմսերը միապետին էին ներկայացնում լրիվ զինված ասպետների որոշակի քանակություն: Այդպիսի զորքը ստվարաթիվ լինել չէր կարող: Հաշվարկվել է, որ 9-րդ դարում մեկ ասպետի սպառազինությունը եւ երիվարը 45 կովի գին ունեին: Սպառազինվելու եւ ձիուն խնամելու համար հեծյալին անհրաժեշտ էր պահել առնվազն մեկ ծառա: Կռվին պետք էր ներկայանալ սեփական պարենով ու մնացած պաշարներով՝ այնքան, որ դրանք հերիքեին նաեւ վերադարձի ճանապարհին: Դրա համար էլ բանակին ուղեկցում էր անասունների խոշոր նախիրը:

Աստիճանաբար, եվրոպական զորավարներն անցան զինվորների վարձակալման եղանակին: Հավաքագրմամբ զբաղվում էր հրամանատարը, որը նորակոչիկներին զինում էր իր հաշվին: Զինվորները հագնում էին՝ ով ինչ ուներ: Մեծ ճակատամարտերից հետո վարձու զինվորներն արդեն չէին ուզում վերադառնալ գյուղացու կամ արհեստավորի նախկին կարգավիճակին: Ռազմական գործը դառնում էր նրանց արհեստը: Հարյուրամյա պատերազմից հետո բազմաթիվ վարձկաններ լցվեցին Եվրոպա, եւ հարուստ քաղաքներում, հատկապես՝ իտալական, աշխատանքի վերցվեցին քաղաքի մշտական կայազորներում: Ջոկատի հրամանատարը դարձավ մասնավոր ձեռներեց՝ կոնդոտիեր (իտալերեն condotta ՝ «զինվորական ծառայության վարձակալության պայմանագիր» բառից): Եվ քանի որ Ապենինյան թերակղզու պետություններն անընդհատ պատերազմում էին միմյանց դեմ, կոնդոտիերներն աշխատանքի պակաս չէին զգում:

Նապոլեոնին սպասելիս

Նոր ժամանակներում եվրոպական տերություններից Ֆրանսիան առաջինն էր, որ համընդհանուր զինապարտություն սահմանեց: Այս գաղափարն առաջին անգամ 1789 թ. դեկտեմբերին արտահայտեց Սահմանադիր ժողովի պատգամավոր Էդմոն Դյուբուա-Կրանսեն՝ նշելով, որ ինքն «աքսիոմ է սահմանում»: Դրա էությունը չափազանց պարզ էր. «Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացի պետք է զինվոր լինի, եւ յուրաքանչյուր զինվոր՝ քաղաքացի: Հակառակ դեպքում` մենք երբեք սահմանադրություն չենք ունենա»:
Սակայն գաղափարն իրականացվեց միայն այն բանից հետո, երբ 1792 թ. Ֆրանսիան ռազմական ջախջախիչ հարված ստացավ ավստրո-պրուսական զորքերից, որոնք արդեն սպառնում էին Փարիզին, եւ Օրենսդիր ժողովը հայտարարեց, թե հայրենիքը վտանգված է: Համընդհանուր զորակոչի վերաբերյալ դեկրետը հրապարակվեց 1793 թ. օգոստոսին եւ ընդունվեց մեծ խանդավառությամբ: Կարիք չկար զոռով բանակ զորակոչել երիտասարդներին, քանի որ բազմաթիվ էին իրենց հեղափոխական հայրենիքը պաշտպանելու ցանկություն ունեցողները: Այդ բանակն սկսեց մեկը մյուսի ետեւից պարտության մատնել հակառակորդին, ապա, կասեցնելով ներխուժումը, ինքն անցավ հարձակման, ընդ որում՝ չգրավելով տարածքները, այլ ազատագրելով դրանք զավթիչներից եւ այնտեղ հանրապետական կարգ հաստատելով: Այդ խանդավառությունը շարունակվեց նաեւ Նապոլեոնի օրոք: Սակայն վերջինս զինվորի հոգու ուրիշ լարերի էլ էր տիրապետում: Նապոլեոնի օրոք բանակում եւ հասարակության մեջ ձեւավորվեց զինվորական փառքի եւ ռազմական հաջողությունների պաշտամունքը: Ձեւականորեն՝ նա չվերացրեց զինապարտությունը, սակայն այն փոխարինեց վիճակահանությամբ եւ ներմուծեց փոխարինման իրավունքը: Եթե վիճակահանությունը թույլ էր տալիս, որ ճակատագիրը որոշի, թե որ զորակոչիկն է ծառայելու բանակում, ապա փոխարինման իրավունքի շնորհիվ ունեւոր ընտանիքներն իրենց զավակների փոխարեն վարձում էին պաշտոնաթող վետերանների: Այդպես Նապոլեոնի բանակը դարձավ արհեստավարժ:
Եվրոպայում գյուղատնտեսական գիտությունների զարգացման հետեւանքով բնակչության թիվն զգալիորեն աճել էր, եւ պետություններն իրենց բանակները համալրելու խնդիր չունեին, դրանք առանց այդ էլ չափազանց ուռճացված էին: Նապոլեոնյան ճակատամարտերում, պատահում էր, կես միլիոն զինվոր էր մասնակցում: Ավելի ստվարաթիվ բանակ՝ այն ժամանակվա կապի միջոցների պայմաններում, պարզապես անհնար էր ղեկավարել:
Շարունակելի

Թարգմ.` Ս. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1028) 20.03.2014 – 26.03.2014, Ռազմական


20/03/2014