ԱՅՍՏԵՂԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԸ
Արծվաշեն գյուղը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանում` շրջկենտրոնից 80 կմ հարավ-արևելք, Հակարի գետի ստորին հոսանքի ձախ ափին: Սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը: 1993 թվականին շրջանի ազատագրումից հետո գյուղն Արծվաշեն է անվանվել Ադրբեջանի կողմից բռնագրաված համանուն գյուղի նմանությամբ: Գյուղի մոտակայքում է նաև Արախիշի վանքը, որը կառուցվել է 13-րդ դարում: Հազարամյակների երթում թրծված հնամենի այս գյուղն իր թևերն է փռել Հակարիի ափին ու պատրաստվում է էլի դարեր ճանապարհել: Վիրավոր է գյուղը, տանջված ու տառապած: Հոգնաբեկ ծերունու նման կքել է առօրյա հոգսերից ու մտորում է ելք փնտրելու մասին: Հյուրասեր է արծվաշենցին, աշխատասեր ու բարի: Հանդիպում ես, խոսում գյուղացիների հետ և հասկանում, որ այս մարդիկ, անտեսելով բազմաթիվ խնդիրներ, ապրելով անհամեմատ դժվարին պայմաններում, հերոսներ են և պայծառ աչքերով են նայում վաղվա օրվան…
Արծվաշենի ամենաբարձրադիր վայրում կանգնած է գյուղի դպրոցը: Այն ունի 14 աշակերտ: Օրերս հերթական բարեգործական ակցիայի շրջանակներում դպրոց էր այցելել «Կանչ» սոցիալ-մշակութային կազմակերպությունը, որը դպրոցին նվիրեց երեք համակարգիչ, տպիչ-պատճենահանման սարք, ֆուտբոլի և վոլեյբոլի գնդակներ, Հայաստանի և Արցախի քարտեզները: Փոքրիկ այս դպրոցում Մայրության և գեղեցկության տոնին նվիրված գեղեցիկ միջոցառումն ամբողջովին ներծծված էր հայրենասիրությամբ ու հայրենիքի հանդեպ նվիրական զգացումով: Աշակերտների ոգեշունչ ելույթից հետո ներկաներին ողջունեցին դպրոցի տնօրեն Վարդիթեր Կիրակոսյանը, Քաշաթաղի շրջանի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը, մանկավարժներ և այլք: «Կանչ» սոցիալ-մշակութային կազմակերպության կողմից հրավիրվել և նախաձեռնությանը միացել էր «Երիտասարդության կամք» կազմակերպությունը: Ողջունելով աշակերտներին և արծվաշենցիներին՝ կազմակերպության նախագահն իր խորին շնորհակալությունը հայտնեց նրանց, ովքեր պայքարում, արարում և պահպանում են գյուղը: «Երիտասարդության կամք» ԵՀԿ-ի ղեկավարող խորհրդի անդամներն առաջին դասարանցիներին նվիրեցին անհրաժեշտ գրականություն, խտասկավառակներ, իսկ նախնական զինվորական պատրաստության դասասենյակին` ռազմահայրենասիրական ֆիլմեր, դիդակտիկ նյութեր, պատմական քարտեզներ: Այնուհետև պատվոգրով, գավաթով և նվերով խրախուսվեցին «Ես եմ իմ երկրի ժառանգորդն ու տերը» թեմայով շարադրության հաղթողները: Խրախուսվեցին նաև դպրոցի տնօրենը, հայոց լեզվի և գրականության, պատմության, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչները: Այնուհետև ներկաներն ու աշակերտները դիտեցին պաշտպանության բանակի «Գոյամարտ» ծրագրի պատրաստած «Հայուհին՝ զինվոր» փաստավավերագրական ֆիլմը:
Արծվաշենում արդեն կառուցվում է նոր գյուղապետարան: Գյուղը նորացնելու, բարեկարգելու ծրագրերը շատ են, միայն թե պետք է կյանքի կոչել դրանք: Բազմաթիվ խնդիրներ կան, բայց հիանում ես, երբ տեսնում ես՝ արծվաշենցիները ինչ ամուր են կառչած իրենց հողին, ինչպիսի ոգևորությամբ են խոսում գյուղի վաղվա օրվա մասին:
Արդեն երեկո էր: Հրաժեշտին մայր մտնող արևն իր վերջին շողերն էր տուն կանչում: Բարձունքից նայեցի գյուղին, բայց արդեն հպարտ հայացքով…
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուս.` ՍՐԱՊԻՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ